Գոնե լռեր

Գոնե լռեր

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հորդորում է իշխանությանը, որ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Զախարովայի բրիֆինգին ներկա հայ լրագրողներին ուղղորդեն՝ հարցնելու վերջին օրերին ռուսաստանյան լրատվամիջոցներում Խոջալուի եւ Սումգայիթի թեմաներով հրապարակումների մասին: «Ամբողջը տանուլ եք տալիս, գոնե սա հասցրեք անել»- ասում է նա: Աշոտյանին արժե հիշեցնել, որ Խոջալուի ադրբեջանական քարոզչության հիմնական կռվաններն են՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալին եւ ռուսաստանցի ֆոտովավերագրող Վիկտորյա Իվլեւայի՝ Խոջալուում արված լուսանկարները: Հիմա ասում են, որ բրիտանացին Սերժ Սարգսյանի խոսքը ներկայացրել է կոնտեքստից կտրված: Շատ հնարավոր է, բայց դե Վաալի գիրքը լույս է տեսել գրեթե մեկուկես տասնամյակ առաջ եւ այդ ընթացքում Սերժ Սարգսյանը, մանավանդ Հայաստանի նախագահի պաշտոնում, կարող էր հերքում պահանջել, հասնել նրան, որ գիրքը վերահրատարակվի արդեն ուղղված տարբերակով:

Ոչինչ չի արվել, եւ ադրբեջանցիները շատ հանգիստ մեջբերում են Սերժ Սարգսյանին; «Ահա, խնդրեմ, Ղարաբաղի զինված ուժերի հրամանատարն ու Հայաստանի նախագահի պաշտոնը տասը տարի զբաղեցրած մարդը խոստովանում է, որ հայերը Խոջալուի խաղաղ բնակչության սպանդ են իրականացրել»- ասում են նրանք: Ո՞վ է արտոնել, որ ռուսաստանցի ֆոտոլրագրող Վիկտորյա Իվլեւան Խոջալու մտնող զորքի հետ լինի եւ լուսանկարի՝ ինչ տեսախցիկը կորսա:

Աշոտյանի նշած ռուսաստանյան լրատվամիջոցն այսօր Իվլեւայի լուսանկարներ է հրապարակում, այլ փաստեր չունի: Ո՞վ է համակարգել Խոջալուի ռազմագործողությունը, հետախուզություն, հակահետախուզություն չի՞ եղել: Կամ ո՞վ է Ասկերանի ուղղության դաշտային հրամանատարին լեզու տվել՝ հարցազրույցներ շռայլի եւ ասի, որ Խոջալուից դուրս եկող բնակչության հետ եղել են նաեւ զինված մարդիկ, որոնց հետ իրեն ենթակա ջոկատներից մեկը փոխհրաձգության մեջ է մտել: Ի վերջո, Ադրբեջանի նախագահի դստեր հովանավորությամբ միջազգային շարժումը, որ «Արդարություն Խոջալուին» կարգախոսն ունի, սկբնավորվել եւ առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում մասնաճյուղեր է բացել ՀՀԿ իշխանության տարիներին: Ի՞նչ են արել իրենք՝ հակազդելու այդ տոտալ քարոզչությանը, բացի մի շատ խղճուկ կայք գործարկելուց: Այդ թեմայով ՀՀԿ-ն եւ Արմեն Աշոտյանը ոչ մի ձեռքբերում վկայակոչել չեն կարող, իսկ կորուստների մի մասը նշեցի: Եթե առարկություն կա, սիրով կլսեմ: