2020-նն Աբելյանի անվան թատրոնը կդիմավորի առանց պարտքի 

2020-նն Աբելյանի անվան թատրոնը կդիմավորի առանց պարտքի 

2019 թվականը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համար   աշխատանքային ձեռքբերումների տարի է եղել։ Տարվա ընթացքում աբելյանցիներն ունեցել են 113 ներկայացում, 8 առաջնախաղ եւ 26 հազար հանդիսատես։ 
Թատրոնի տնօրենի ԺՊ Լուսինե Սահակյանի գնահատմամբ՝ տարին թեեւ աչքի չի ընկել որպես հյուրախաղային, այնուամենայնիվ, մարզի հանդիսատեսը հիմնականում հասցրել է դիտել Լոռու մայր թատրոնի խաղացանկային ներկայացումները, իսկ հյուրախաղեր ունեցել են Ստեփանավանում, Մարգահովիտում, Տաշիրում, Կաթնաջուր համայնքում, Իջեւանում։ Ինչպես նաեւ մասնակցել են Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացած «Աբիշ Ալեմի» միջազգային փառատոնին՝ ներկայացնելով Գ․ Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման։ 

Այս տարի թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել մի շարք ներկայացումներ՝ «Վարազդատ» (ռեժ․՝ Ն․ Խեչումյան), «Անուշ» (ռեժ․՝ ՀՀ ժող․ արտիստ, թատրոնի գեղ․ ղեկ․՝ Վ․ Շահվերդյան), «Սմբակներ» աբսուրդի դրամա (բեմ․՝ Ա․ Օսիպյան), «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրամա (բեմ․՝ Մ․ Մնացականյան), «Սե՞ր, թե՞ քուանշ» լիրիկական կատակերգություն (բեմ․՝ Ժ․ Գաբրիելյան), «Գրիգոր Նարեկացու աղոթամատյանը» մոնոներկայացում՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի 80-ամյա հոբելյանին (ռեժ․՝ Վ․ Շահվերդյան), «Թանկարժեք դիակ» կենցաղային կոմեդիա (բեմ․՝ Ա․ Մխիթարյան) եւ «Բուրատինոյի ամանորյա արկածները» (ռեժ․՝ Ս․ Սողոմոնյան)։ 

2020-ին թատրոնի շենքը կվերանորոգվի։ Աբելյանցիները սրան բավականին երկար են սպասել։ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով Վանաձորի պետական թատրոնը կունենա գրեթե անճանաչելի փոխված, 21-րդ դարի պահանջներին լիարժեք բավարարող շենք եւ լուսաձայնային տեխնիկա։ 

«Մեկ-մեկ կատակով ասում եմ՝ խայտառակ եղանք՝ պարտք չունենք․․․ Իսկապես, մարվել է 2018-ից ժառանգություն մնացած մինչեւ 4 մլն դրամի պարտքը․ տարեմուտը ոչ միայն կդիմավորենք առանց պարտքի, այլեւ ամանորյա ներկայացման մեջ զբաղված ստեղծագործական աշխատակազմը, ինչպես նաեւ այն աշխատակիցները, ովքեր տարվա ընթացքում հատկապես աչքի են ընկել աշխատանքի նկատմամբ բարեխիղճ եւ պատասխանատու վերաբերմունքով, կունենան խրախուսական անակնկալներ»,-  հավելում է Լ․ Սահակյանը։