Պետք է փոխել տնտեսական մոդելի ողջ տրամաբանությունը. Ատոմ Մարգարյան

Պետք է փոխել տնտեսական մոդելի ողջ տրամաբանությունը. Ատոմ Մարգարյան

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել 6 ամսով թուրքական ծագում ունեցող ապրանքների արգելքի որոշման նախագիծ։ 

«Հրապարակի» զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասաց, որ ընդհանրապես միջազգային պրակտիկայում ընդունված է, որ ահաբեկչական պետությունների նկատմամբ կիրառվում են էմբարգոներ, պատժամիջոցներ։ 

«Այսօր Ռուսաստանի նկատմամբ, Իրանի նկատմամբ, տարբեր երկրների նկատմամբ այդպիսի սանկցիաներ կիրառվում են։ Մանավանդ Հայաստանի պարագայում, ներկա իրավիճակում, ըստ էության, արդարացված քայլ է կառավարության այսպիսի որոշումը։ Խնդիրը ոչ այնքան տնտեսական հարթության վրա է, մրցակցային հարթության վրա է և այլն, և այլն, որքան հոգեբանական և քաղաքական։ Դա ազդակ է նաև առ այն, որ Թուրքիան այսօր փաստորեն իր ամբողջ արսենալը դրել է Ադրբեջան, «պետություն» դժվար է ասել, ահաբեկչական կազմակերպության մեջ՝ իր խնդիրները և հիմնական օրակարգը առաջ տանելու համար»,- նշեց նա։

Տնտեսագետի խոսքերով՝ Թուրքիայի հետ առևտուրը Հայաստանի արտաքին առևտրում չնչին մաս է կազմում՝ շուրջ 1 տոկոս, և անցյալ տարի մոտ 286 միլիոն դոլար է եղել առևտրաշրջանառությունը, որը շատ փոքր ծավալ է, իսկ Թուրքիան վերջին 20-30 տարում ուղղակի թշնամական կեցվածք ունի Հայաստանի հանդեպ՝ շրջափակում, երկաթգիծ, նույնիսկ հայկական ապրանքներն են արգելված թուրքական շուկայում վաճառքի համար։

Անդրադառնալով արգելքի իրավական հիմքերին՝ Մարգարյանն ասաց, որ  Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, ընդհանուր մաքսասակագնային դաշտում է, սակայն ԵԱՏՄ պայմանագրի կետերից մեկը թույլ է տալիս անդամ երկրներից մեկին միակողմանիորեն երրորդ երկրի նկատմամբ 6 ամսով կիրառել ներմուծման սահմանափակումներ, այսինքն՝ ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ընդհուպ մինչև ներմուծում արգելելը։ 

«Ես հիշեցնեմ՝ կա մի արտահայտություն «եթե չես ուզում պատերազմել հարևանիդ հետ, նրա հետ առևտուր արա», բայց տվյալ պարագայում Թուրքիան չի ցանկանում առևտուր անել։ Եվ նաև ես կարող եմ այստեղ հետևյալ դրույթը բերել, որ առևտրային սահմանափակումները մեծ հաշվով երկուստեք են վնասակար։Այո, դա տեքստիլն է, դա քիմիական արդյունաբերության արտադրանքն է, դա շինանյութն է, դա շինարարական արտադրանքն է, և էլի որոշ ապրանքային պոզիացիաներ կան, որ Թուրքիայից ներկրվում է։  Թուրքիան միջին որակական մակարդակի ապրանքներ է արտադրում։ Ես հիշեցնեմ ավելի լայն կոնտեքստում այն սանկցիաները, ներմուծման դադարեցումները, որ Սաուդյան Արաբիայի կողմից կիրառվեցին, ուժի մեջ է մտել։ Ինչ վերաբերում է 6 ամսվան. 6 ամիս հետո կրկին անդրադարձ պետք է լինի այս հարցին, այսինքն՝ եթե հունվարի 1-ից ուժի մեջ մտնեն այդ սահմանափակումները, 6 ամիս հետո՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովը կամ կառավարությունը կրկին հանդես կգա, կամ եթե նպատակահարմար գտնի, կհանի այդ սահմանափակումները։ Կարող է կիրառվել հենց հիմա, իհարկե, բայց քանի որ կան գործող պայմանագրեր, ապրանքներ կան ճանապարհին, կամ ներկրված, պահեստավորված, դեռևս չվաճառված թուրքական ապրանքներ, և դա կարող է լրջորեն վնասել մեր տնտեսվարողներին, մինչև դեկտեմբերի վերջ 2 ամիս հնարավորություն տրվի իրացնել այդ ապրանքային պաշարները, և նաև վերակողմնորոշեն իրենց ներմուծումների աշխարհագրությունը»,- շարունակեց Ատոմ Մարգարյանը։

Ըստ Մարգարյանի՝ այլընտրանքներ միշտ էլ կան, որոնք կարող են լինել Իրանը, լավ այլընտրանք է Եվրասիական տնտեսական միության շուկան, Չինաստանը։ «Ի վերջո, դա մի այնպիսի մեծ հարց էլ չէ։ Բայց կրկնում եմ՝ այս որոշումն ավելի շատ քաղաքական և հոգեբանական նշանակություն ունի»,- ընդգծեց նա։

Գյուղմթերքի մասով տնտեսագետն ասաց, որ թուրքական արտադրության լոլիկը, վարունգը հատկապես ցիտրուսների մի մասը շատ կասկածելի որակ ունեն և շատ լուրջ լաբորատոր փորձարկումները ցույց են տալիս, որ դրանք մեծ մասամբ գենոմոդիֆիկացված պրոդուկտներն են, պետք է արդեն լրջորեն մտածել, սննդին անվտանգության մարմինների, ազգային անվտանգության տեսանկյունից, 
Իսկ տեքստիլի բերելու տեսանկյունից այլընտրանք, ըստ նրա,  կարող են լինել Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը, Բելոռուսը և այլն։

«Հնարավոր են որակական առումով ավելի ցածր ապրանքներ, բայց գլխավոր այլընտրանքը ներքին արտադրության փոխարինիչներ ստեղծելն է։ Այստեղ նաև պետության խնդիրը կա, եթե նա գնում է այդպիսի սահմանափակումների, ապա պետք է արտոնյալ պայմաններ ստեղծի Հայաստանի տեքստիլագործների համար։   Որակյալ արտադրանք մեր թեթև արդյունաբերական բիզնեսի ներկայացուցիչները թողարկում են՝ ընդհուպ մինչև եվրոպական շուկաների համար թոլինգային մատակարարումների, և այլն, և այլն»,- նշեց Ատոմ Մարգարյանը։ 

Տնտեսագետի խոսքերով՝ Թուրքիան նույնպես այսպիսի սխեմաներով է աշխատում. երբ որ թուրքական արտադրության իտալական տեքստիլի,  հագուստեղենի, կոշկեղենի և այլնի արտադրության պարագայում կիրառվում է կոոպերացված մատակարարումների գծով սխեման։ «Այսինքն՝ հումքը, լիցենզիաները, տեխնոլոգիաները շատ դեպքերում ձեռք են բերվում իտալական բրենդային արտադրողներից։ Մենք էլ կարող ենք անել դա նույն քաղաքականությամբ։ Քաղաքականությունը պետք է վերանայվի, իսկ ավելի լայն իմաստով մեր տնտեսական խնդիրների լուծման արմատը, որ կարող է նաև պաշտպանունակությունը բարձրացնել, հենց այդպիսի տնտեսական մոդել գործարկելն է։ Պետք է փոխել տնտեսական մոդելի ողջ տրամաբանությունը։ Պետք է կասեցնել և սահմանափակել բոլոր այն բիզնեսների շահութաբերության մակարդակը, որոնք, այսպես ասած, ցածր սպեցիֆիկ ապրանքներ են թողարկում»,- պարզաբանեց նա։

Վերջինիս խոսքով՝ բարձր տեխնոլոգիական ապրանք թողարկող ընկերություններին պետք է շատ ավելի մեծ հնարավորություններ տալ, ընդհուպ մինչև հարկային արտոնություններ, վարկային ֆինանսավորման և համաֆինանսավորման արտոնյալ ռեժիմներ։ «Ըստ էության՝ սա շտրիխ է ընդհանուր քաղաքանութության փոփոխության կոնտեքստում։ Որ հնարավոր է, այո, փոխել տնտեսական մոդելը և քաղաքականությունները»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը