Ո՞ր դեսպանների հետկանչն է սպասելի եւ ինչո՞ւ

Ո՞ր դեսպանների հետկանչն է սպասելի եւ ինչո՞ւ

Փաշինյանի կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում։ Օրերս նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով հետ են կանչվել Մհեր Մկրտումյանը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բահրեյնի Թագավորությունում դեսպանի պաշտոնից, եւ Ձյունիկ Աղաջանյանը՝ Ինդոնեզիայի, Մալայզիայի եւ Սինգապուրի Հանրապետությունից։

Առաջիկայում եւս մի քանի հետկանչ է սպասվում։ Համառ խոսակցություններ կան Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի առաջիկա պաշտոնանկության մասին, սակայն նա իր մտերիմների շրջապատում հերքել է դրանք, նույնիսկ սրտնեղել է, թե չկա նման բան։

Որպես պոտենցիալ հետկանչվողներ՝ նշում են նաեւ Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի, Քաթարում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի անունները։ Ի դեպ, Ղարիբջանյանն աշնանը 70 տարեկան կդառնա, եւ ինքն էլ դեմ չէ վերադառնալուն։ Առանցքային դեսպաններից շուտով պաշտոնին հրաժեշտ կտա Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Նրա տեղը, ըստ լուրերի, զբաղեցնելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը, սակայն, այնքան էլ հակված չէ այս առաջարկն ընդունելուն։

Ինչպես Փաշինյանի կադրային մտահղացումների մեծ մասը, դեսպանների հետկանչը եւս տրամաբանությունից դուրս է։ 6-7 տարով նստած մարդիկ կան, երկրներում արմատակալած, որոնց գործունեությանը չեն էլ անդրադառնում։ Հասկանալի է, որ կրկնակի չստացված Պնախարարը, որը երկու անգամ էլ ընդամենը մի քանի ամիս է կարողացել դիմանալ ՊՆ-ում, այն էլ՝ թաքնվելով հանրությունից, չի կարող լավ դեսպան լինել մեր ստրատեգիական գլխավոր գործընկեր հանդիսացող երկրում, որտեղ ամենամեծ սփյուռքն է, որտեղ էթնիկ բախումները հաճախակի երեւույթ են, եւ այս տեսակը հաստատ տապալելու է աշխատանքը։

Հայտնի չէ, թե ինչով էր Փաշինյանին խանգարում Ձյունիկ Աղաջանյանը, որը մոտ 30 տարվա դիվանագիտական ստաժ ունի։ Արդեն գրել ենք, որ նա հականիկոլական գրառումներ էր արել դեսպանների փակ չաթում, որը դրվել է ՀՀ բարձրագույն ղեկավարության առաջ։ Կա նաեւ այլ վարկած՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դեսպանները, ստանալով գաղտնաբառ, քվեարկում են էլեկտրոնային եղանակով։ Քվեարկությունը փակ-գաղտնի է, սակայն արդյունքները տեսանելի են ԿԸՀ-ում։ Եթե տվյալ երկրում Հայաստանի ներկայացուցչությունը մեծաթիվ չէ, ապա 100 տոկոս ճշգրտությամբ կարելի է գուշակել, թե ով ինչպես է քվեարկել։ Հիմա սկսվել է Փաշինյանին դեմ քվեարկած դիվանագետների հետկանչի պրոցեսը։ Մուրճը նաեւ դիվանագետների ճակատին պետք է դրոշմվի։