Վանեցյանը թիրախավորվեց․ Լուսինե Բակումյան

Վանեցյանը թիրախավորվեց․ Լուսինե Բակումյան

Արթուր Վանեցյանի հայտնի հրաժարականից հետո պարզ դարձավ, որ դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կունենա նոր նախագահ և գործկոմի նոր կազմ։
 
ՀՖՖ նախագահի թեկնածուներն են ՀՖՖ գործող փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանն ու լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։  

Եթե ֆուտբոլային հանրությունը վերջին երկուսի դեպքում համակարպվել է ՀՖՖ նախագահի թեկնածուներ լինելու հետ, ապա ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի դեպքում իրավիճակն այլ է։ Տևական ժամանակ է՝ նշվում է, որ Մելիքբեկյանը չպետք է հայտնվի ՀՖՖ նախագահի պաշտոնում, քանի որ անգամ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ՀՖՖ կանոնադրության խախտումներով։ Երեկ աղմկահարույց հարցազրույցի ընթացքում այս մասին հիշեցրեց նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Հրապարակի» հետ զրույցում ՀՖՖ վարչաիրավական դեպարտամենտի նախկին ղեկավար Լուսինե Բակումյանը ևս փաստեց, որ Մելիքբեկյանը ՀՖՖ փոխնախագահի պաշտում ընտրվել է ոչ օրինական ճանապարհով։

«Իրականում կանոնադրությունը հստակ կարգ է սահմանում ՀՖՖ նախագահի, փոխնախագահի և գործկոմի անդամների ընտրության համար։ Ռուբեն Հայրապետյանի հեռանալուց հետո, երբ իրավաբանական անձանց միությունը պետք է վերակազմավորվեր, նախագահը, փոխնախագահները և գործկոմի անդամները պետք է ընտրվեին ժողովի կողմից, սակայն ստացվեց այնպես, որ այդ օրը փոխնախագահները ընտրվեցին գործկոմի անդամների կողմից, ընտրվեցին մի մարմնի կողմից, որը լիազորված չէ այդ հարցում ընտրություն կատարելու։ Փոխնախագահներին պետք է ընդհանուր ժողովը ընտրեր։ Բացի սա, եղել է նաև երկրորդ խախտումը։  Մելիքբեկյանը, հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, զուգահեռաբար զբաղեցրել է նաև գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչը նույնպես կանոնադրությունը արգելում էր։ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը եղել են այն աշխատանքային խմբում, որը այդ կանոնադրությունը մշակել է, այսինքն իրենք շատ լավ տեղյակ են եղել կանոնադրության մասին։ Երկուսն էլ լրագրողներ են, վստահ եմ՝ հայերեն կարդալ գիտեն, ընկալման հետ կապված խնդիր չունեն»,-նշեց Բակումյանը։

Դեկտեմբերի 6-ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՖՖ ներկայացուցիչները հայտնեցին, որ ՀՖՖ անդամ 34 կազմակերպություններից 7-ի անդամակցությունը ֆուտբոլի ֆեդերացիային կասեցվել է։ 

Ըստ Բակումյանի՝ սա նույնպես հակասում է ՀՖՖ կանոնադրությանը։

«Իրենք հղում չեն անում, թե այդ անդամները կանոնադրությանը հակասող ինչ են արել կամ ինչ պետք է անեին, որ չեն արել։ Չեն ասում, թե կոնկրետ որ պարտականության չկատարելու մասին է խոսքը։ Համենայն դեպս, ինձ այդ ինֆորմացիան հասու չէ, ես չեմ լսել, որ ասեն ինչ հիմքով է կասեցվել»,- ասաց  ՀՖՖ վարչաիրավական դեպարտամենտի նախկին ղեկավար Լուսինե Բակումյանը։

Հայտնի է, որ ՀՖՖ մյուս փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, որը Մելիքբեկյանի ընկերն է, ներգրավված է դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի նոր կազմի ընտրությունների կազմակերպչական աշխատանքներում։ Բակումյանը չի ողջունում սա, սակայն նշում է, որ դա արդեն ՀՖՖ կանոնադրությանը չի հակասում․ «Ըստ էության՝ կանոնադրությանը չի հակասում, եթե իրենք իրենց ամբողջ գործունեությունը կազմակերպեին կանոնադրությանը համաձայն։ Նույն Մելիքբեկյանը առաջադրված լինելով որպես թեկնածու՝ այս պահի դրությամբ օգտագործում է ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական ռեսուրսը, որպեսզի պարզի մյուս թեկնածուների համապատասխանությունը կանոնադրության պահանջների վերաբերյալ։ Առաջադրման համար կան նախապայմաններ, որոնց պետք է թեկնածուն համապատասխանի։ Ես դեմ չեմ, որը ինքը դա կազմակերպի, եթե նա դա կազմակերպի անաչառորեն, սակայն ամբողջ գործընթացը ցույց է տալիս, որ դա այդպես չէ»։

Խոսելով Արթուր Վանեցյանի հրաժարականի և Վանեցյան-Մելիքբեկյան-Նիկողոսյան փոխհարաբերություններ մասին, Լուսինե Բակումյանը նշեց․ «Հարաբերությունների մասին ոչինչ չեմ կարող ասել, ես ուղղակի կարող եմ ասել այն, ինչ տեսել եմ, որը տեսել են նաև բոլորը։ Իմ տեսածի արդյունքում իմ կարծիքն այն է, որ ակնհայտ է, որ պաշտոնը թողնելուց հետո Վանեցյանը անմիջապես թիրախավորվեց և չէի ասի միայն փոխնախագահների կողմից, թիրախավորվեց նաև գործադիր կոմիտեի անդամների կողմից, որը, գոնե այս պահի դրությամբ, կազմված է իշխող կուսակցության ներկայացուցիչներից»։

Անդրադառնալով առաջադրված երեք թեկնածուներին՝ Բակումյանն ասաց․ «Եղած թեկնածուների մեջ ես աշխատել եմ և Արմեն Մելիքբեկյանի, և Թովմաս Գրիգորյանի հետ։ Գրիգորյանը եղել է գործադիր կոմիտեի անդամ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Ես ամբողջ պրոցեսի ընթացքում տեսել եմ, որ ֆեդերացիայում՝ գործադիր կոմիտեի մեջ, կային 4 հոգի, որոնք ամեն ինչ անում էին, որպեսզի պրոցեսները ֆեդերացիայում ճիշտ գնան։ Դրանցից մեկը, իհարկե, Թովմաս Գրիգորյանն էր։ Կարող եմ մյուսների անուններն էլ տալ՝ Սուրեն Աբրահամյան,Մարինա Թաշչյան,Արթուր Օհանյան։ Նրանք լավ պատկերացնում են ամեն ինչը, քանի որ միշտ ֆուտբոլի մեջ են եղել»։