Եթե դուք վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք Signal-ով խոսում. Մարուքյանը՝ իմքայլականներին

Եթե դուք վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք Signal-ով խոսում. Մարուքյանը՝ իմքայլականներին

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է արդարադատության նախարարության ներկայացրած քաղաքացիների զանգերի վերահսկման նախագիծը, որը երեկվանից աղմուկ է բարձրացրել համացանցում, անգամ «Իմ քայլի« որոշ պատգամավորներ են դրան դեմ:

«Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը նախարարի ելույթից հետո հայտարարեց, որ  երկրորդ ընթերցման ժամանակ իրենց որոշ առաջարկներ ընդունել է կառավարությունն ու փոխել նախագծում, որոշ առաջարկներ էլ, օրինակ՝ տվյալները արտակարգ դրության ավարտից հետո ոչ թե մեկ ամիս, այլ եռօոյա կամ մեկշաբաթյա ժամկետում ոչնչացնելու առաջարկը, մերժել է, բայց ԱԺ պետաիրավական հարցեր հանձնաժողովը, միևնույն է, դրական եզրակացություն է տվել նախագծին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն մարուքյանն էլ իր ելույթում զարմացավ, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորները ջանասիրաբար պաշտպանում մի նախագիծ, որի վերաբերյալ իրենց առաջարկները մերժել է հեղինակը: 

«Բա որ լավ բան էր, էդ ինչի՞ էիք մերժում: Հիմա մերժել են, էլ ի՞նչ ջանասիրությամբ եք հիմնավորում էս նախագծի ընդունումը, էն դեպքում, որ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահը երեկ ասաց, որ սա զրո ազդեցություն ունի պանդեմիայի դեմ պայքարի հարցում: Եթե զրո ազդեցություն ունի, տակը մնում ա մարդկանց վերահսկելը»,-նկատեց Մարուքյանը:

Ապա հեգնեց, որ երբ Հայաստանում ասում են, թե պանդեմիան նոր հնարավորություններ է բացում, այս նոր հնարավորությունը սա է՝ մարդկանց վերահսկելու, մարդկանց լսելու, տեղորոշելու, կողքի հեռախոսներն իմանալու և այլն:

«Եթե ձեզ թվում ա, որ ես պետք ա վստահեմ ձեր ասածներին, էդպես չի, ինչո՞ւ, որովհետև դուք էլ եք Signal-ով խոսում, դուք էլ եք WհatsApp-ով խոսում, բա եթե դուք վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք Signal-ով խոսում, վախում եք, որ ո՞վ լսի, ձեր ԱԱԾ-ն, հա՞, բա ինչի՞ եք Signal-ով խոսում»,-ասաց Էդմոն Մարուքյանը: