Թորոսյանը համաճարակի սկզբից 100 անգամ իր միտքը փոխել է, հետո էլ ասում են՝ հավատացեք

Թորոսյանը համաճարակի սկզբից 100 անգամ իր միտքը փոխել է, հետո էլ ասում են՝ հավատացեք

 «Հրապարակի»  հարցազրույցը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ

-Պարոն Հովհաննիսյան, առողջապահության նախարար Թորոսյանը հիմա էլ հայտարարում է, որ մինչև մենք գիտակցված «լոքդաունի» չգնանք,  այն է՝ տնից զբոսնելու դուրս չգանք, երեխաներին բակ չթողնենք, չգնանք սրճարաններ, Հայաստանում այս վիճակը շարունակվելու է։ Ձեզ համար սա հասկանալի՞ է։

-Արսեն Թորոսյանի ոչ մի արտահայտություն տրամաբանության մեջ չի տեղավորվում, և սա հերթականն է։ Ես չեմ կարող ասել, թե «գիտակցված լոքդաունը» որն է։ Գիտակցված «լոքդաուն» չի լինում, լինում է « լոքդաուն», որը պետության կողմից է արվում։ Այն ունի իր սոցիալական, իրավական, տնտեսական  և այլ կոմպոնենտները, այսինքն՝ ոչ միայն այն, որ մարդիկ պետք է սահմանափակեն շփումները։ Եվ այդ բոլոր կոմպոնենտները կրկին դնել մարդկանց վրա․․․

-Մի ժամանակ ասում էին՝ դիմակ չեք կրում, վարակվում եք, սարքել եք դժոխք։

-Նման բան չկա։ Ապացուցված բան է՝ մարդիկ վարակվում են իրենց տանը, գործի տեղերում, հիվանդանոցներում և այլ խիստ շփումների ժամանակ։ Իսկ այն, ինչ հիմա պահանջվում է՝ դրսում, այլ վայրերում, սրճարաններում։ Նման վայրերում ինչքան ուզում ես հագիր դիմակ կամ մի հագիր, դա համաճարակի վրա ազդեցություն չի կարող թողնել։

-Այսինքն՝ եթե աշխատանքի պետք է գնան, տրանսպորտ բարձրանան, հաճախեն վարսավիրանոց, լողավազան` ի՞նչ են ուզում, որ դրսում մաքուր օդի՞ն էլ չզբոսնեն։

-Գիտեք ինչն է․ մենք համաճարակի դեմ պայքարը պարտվել ենք ժողովրդի հետ այդ ինֆորմացիոն (պետական) դաշտում, որովհետև չկարողացանք հաղորդակցման տոնն այնպես սահմանել, որ ժողովուրդը վստահի։ Հիշու՞մ եք, երբ վարչապետն ասում էր՝ չեմ հասկանում, ի՞նչ պետք է ասենք, որ մեզ հավատան, ու ինչ-որ մարդիկ իրենց վարքագիծը փոխեն։ Այ, հենց դա է, որ մարդիկ չգիտեն՝ ոնց պետք է անեն։ Իրենք այնքան իրարամերժ բան են ասել, հենց կոնկրետ՝ Թորոսյանը։ Հենց հիմա ինքն ասում է մի բան, որը հակասում է պարետատան ու կառավարության որոշումներին։ Կաֆեներ և մնացած հարցեր։ Պետք է մի հստակ որոշում լինի, և այն ձևով խոսեն, որ իրենց հավատան, բայց մենք տեսնում ենք, որ համաճարակի սկզբից 100 անգամ իր միտքը փոխել է։ Ինքն արժեզրկել է պետական գործչի խոսքը, իրեն մարդիկ չեն հավատում, ինքը 0-ական վստահություն ունի ժողովրդի, հանրության ու կոլեգաների մոտ։ Մենակ երևի վարչապետն է իրեն վստահում։ Չգիտեմ։

-Ձեր կարծիքով՝ արդյոք մեզ մոտ արդեն գոյանու՞ մ է իմունային բարիեր։

-Ոչ, և երբ կլինի, դժվար է ասել, որովհետև չգիտենք իրական թվերն ու պատկերը։ Տեսեք՝ վերջին մի քանի օրերին տեսնում ենք, որ նախարարությունը դուրս է եկել իրեն ինչ-որ մի հարմար թվերի վրա՝ մոտ 2000 թեստ և մոտ 30-35 տոկոս դրական դեպքեր։ Այսինքն, սրանք այն թվերն են, որոնց իրենք տիրապետում են, կարողանում են քիչ թե շատ տեղավորել, և հսկայական թվով մարդիկ կուտակվում են տներում։ Էդ մարդիկ կամ ծանոթների, կամ ընտանեկան բժիշկների միջոցով ինչ-որ մի տեսակի բուժում են ստանում։ Բայց, ամեն դեպքում, այդ մարդիկ վտանգի են ենթարկվում, ընդհուպ մինչև մահվան վտանգի։ Քանի որ տներից ծանր դեպքերը հոսպիտալացվում են, երբ արդեն հիվանդությունը բարդանում է։ Իսկ հիմա ամբողջը դրված է շարքային բժշկի ուսերին։ Թե՛ պոլիկլինկայի և թե՛ հիվանդանոցների, որոնք ընդունում են ավելի ծանրացած դեպքեր։ Բացեք բոլոր կայքերը, որտեղ երկրների վիճակագրություններն են․ մարդիկ 1 դրական դեպք հայտնաբերելու համար ծախսում են 10-15-20-30-50 թեստ, իսկ մեզ մոտ ծախսվում է 3+0․5 թեստ։ Պատկերացրեք, որ մենք 2-3-4 անգամ ավելի շատ թեստեր դնեինք։ Այսօր ՌԴ-ի թեստերի մոտ 5 տոկոսն է դրական, մեզ մոտ՝ 35 տոկոսը։ Հետևաբար, պատկերացրեք, թե բնակչության մեջ ինչքան չհետազոտված մարդ կա։

-Իսկ այդ տակտիկան իրեն արդարացնու՞մ է, թե՞ ոչ․ երբ ծանր հիվանդները՝ հիվանդանոցում, միջիններն ու թեթևները մնում են տանը։ Երբ, թեկուզ դրական լինելով՝ ոտքի վրա են տանում կամ անախտանիշ։

-Նախ, ոչ թե «անախտանիշ», այլ առանց գանգատների, որովհետև մարդը կարող է ոչ մի բանից գանգատ չունենա, էս պահին իրեն լավ է զգում, բայց կարող է իրեն KT-ով հետազոտես, տեսնես, որ թոքաբորբ է տանում։ Դա անախտանիշ չէ, դա անգանգատ մարդ է, որը լուրջ ախտանիշ ունի՝ թոքաբորբ։ Եվ այդ թոքաբորբով մարդուն չի կարելի տանը թողնել։ Ինքը կարող է շատ կտրուկ վատանալ։ Նորից նայենք այս ամենի միջով անցած երկրներին․ որևէ մեկը ՊՇՌ թեստը չէր ընդունում որպես հոսպիտալացման ամենակարևոր հիմք։ Մարդիկ կարող է գնային, հետազոտվեին, բացասական լիներ, բայց  KT-ով տեսնեին, որ թոքաբորբ է, և հոսպիտալացնում էին հենց Covid բաժանմունքներում։ Ինչու՞, որովհետև 30-20 տոկոս դեպքերում այդ թեստերը կարող են կեղծ բացասական տալ։ Մինչդեռ մեզ մոտ հիվանդանոցում պառկելու համար պարտադիր պետք է դրական ՊՇՌՆ-ն։ Արդյունքում՝ բազմաթիվ մարդիկ բացասական թեստով, բայց  KT-ով լրիվ թոքաբորբի պատկերով մնում են տանը։ Պատկերացրեք, թե նման մարդկանց քանակը բնակչության մեջ որքան է, որ յուրաքանչյուր մարդ իր ծանոթների մեջ ունի այդպիսի օրինակներ։ Այնպես չէ, որ ինչ-որ մեկը լսել է, որ ինչ-որ մեկը պատմել է։ Ու սա այն պատճառով, որ կորոնավիրուսով զբաղվում է առողջապահական բուժհիմնարկների, մեղմ ասած, իրեն  «պոդկանտրոլնի» շրջանակ։ Մինչդեռ ողջ համակարգը հիմա պետք է լծված լիներ էդ գործին, բոլոր տեղերում պետք է ստեղծված լինեին բաժանմունքներ։ Զուգահեռ, մարդիկ աշխատեին համ մյուս հիվանդների, համ էլ կորոնավիրուսով հիվանդների հետ։

-Դե, մեծ աղմուկից հետո սայլը մի փոքր տեղից շարժվեց, երբ միացան Հերացու անվ․ թիվ 1 կլինիկան, Միքայելյանի անվան հիվանդանոցը։

-Միքայելյանը չի էլ բացվել․ մի հին կորպուս է, որը տարիներ շարունակ վերանորոգված չի եղել, հիմա նոր սկսել են վերանորոգել։ Միքայելյանը սկսելու է 1․5 ամսից գործել։

-Իսկ ՁԻԱՀ-ի կենտրոնը կարո՞ղ էր անելիք ունենալ այս գործում։

-Բուժման առումով՝ ոչ, որովհետև ստացիոնար չկա, բայց մենք շատ լուրջ գիտահետազոտական պոտենցիալ ունեինք, որով, բացի այն, որ կարող էինք դիագնոստիկա անել, չնայած հիմա ինչ-որ մի բան ոնց որ թե սկսել են անել։ Բայց խնդիրն այն է, որ լաբորատորիան կա, բայց հիմա կա  մասնագետի խնդիր։ Մեր մասնագիտական խումբը կարող էր այնտեղ օրական 500 թեստ դնել, հիմա դրվում է 100-150 կամ ավելի քիչ։ Բացի այդ, հնարավորություն ունեինք, կոպիտ ասած, կարդալու վիրուսի գենոմը։ Մի բան, որ անում են շատ քիչ երկրներում։ Այն է՝ պարզել, թե իրականում վիրուսն «ով է»`  իր գենետիկ պասպորտը։ Համաճարակաբանական հսկողության բաժինը կարող էր մոդելավորել համաճարակը, զարգացման տեմպերը, պատկերացնել, թե ինչ բեռ է լինելու առողջապահական համակարգի վրա և այլն։ Կարող էր, բայց այսօր արդեն այնտեղ այդ ներուժը չկա, նոր մարդիկ են, որոնք որ քանի որ ողջ մասնագիտական խումբը, որը ժամանակին ներգրավված էր, և որոնցով պայմանավորված էին հաջողությունները, նվաճումները, որոնք  կենտրոնը նախկինում ուներ,  այդ ողջ մասնագիտական խումբը՝ մոտ 60 հոգի, այլևս կենտրոնում չեն։ Մեր բոլոր փորձառու մասնագետները։

-Հիմա Եվրոպայի համար 2-րդ ալիքն է կանխատեսվում աշնանը, մեզ մոտ ինչպե՞ս է լինելու՝ մենք առաջինի՞ մեջ ենք, հաջորդն ունենալու ենք այս տեմպերի դեպքում։ Ի՞նչ սցենարներ եք տեսնում։

-Համաճարակաբանության մեջ դրանք մի քիչ պայմանական բաներ են՝ առաջին, երկրորդ ալիք, այդ տերմինները մի քիչ ավելի հանրամատչելի դարձնելու համար են օգտագործվում։ Ամեն դեպքում, ասեմ, որ երկրորդ ալիքը լինում է այն դեպքում, երբ ինչ-ինչ պատճառներով առաջին ալիքը զսպված է լինում։ Այս պատճառները կարող են լինել  հակահամաճարակային միջոցառումները, ոնց որ Վրաստանն է արել, Չինաստանը, Կորեան, Ճապոնիան, որոնք ճնշել են հիվանդությունը, բայց ունեն բնակչության շրջանում մեծ տոկոսի չափով իմունիտետ չունեցող մարդիկ։ Հետևաբար՝ իրենք ունեն 2-րդ ալիքի շանս։ Մեզ մոտ ոչ մի նշույլ, որ ճնշել ենք 1-ին ալիքը, չկա։ Դրա համար վիրուսը մեզ մոտ կայուն տեմպերով զարգացող է։ Անգամ՝ այսքան թերի հետազոտությունների պարագայում։ Եվ եթե այս տեմպերը պահպանվեցին մինչև աշուն, ուղղակի կունենանք էլ  ավելի ուժեղ ծանրաբեռնվածություն առողջապահական համակարգի վրա, որովհետև ավելանալու են սեզոնային այլ ինֆեկցիաները։ Այսօր մենք չունենք ոչ մի այլ խնդիր, բացի կորոնավիրուսը։ Խոսքը ինֆեկցիոն հիվանդությունների մասին է։

-Իսկ ամռանը սննդային թունավորումնե՞ր։

-Չմոռանանք, որ մարդկանց շփումները պակասել են, սննդի օբյեկտները՝ օրինակ՝ շաուրմայանոցներ և այլն, աշխատում են 10 -20 տոկոսով։ Եվ դա միգուցե մեզ փրկում է, որովհետև իրենք մի սխալ էլ արեցին, երբ ինֆեկցիոն հիվանդանոցը Երևանում դարձրեցին Covid հիվանդանոց, և այսօր չունենք պաշտպանվածություն այլ ինֆեկցիոն հիվանդություններից։  Եվ արդյունքում՝ Ղարաբաղից լեյշմանիոզով (սուր վարակիչ հիվանդություն) մարդ են բերում և պառկացնում են 1-ին հիվանդանոցում։