«Կտակ»․ համագործակցության հարթա՞կ, թե՞ հաշվառման նոր բազա

«Կտակ»․ համագործակցության հարթա՞կ, թե՞ հաշվառման նոր բազա

Ուրբաթ օրը ԿԳՄՍն-ն գրություն է ուղարկել դպրոցներին, որ 12 տարեկան եւ բարձր տարիքի երեխաների ծնողները երկուշաբթի օրը տվյալներ տրամադրեն՝ ծնողների անձնագրի, սոցքարտի եւ պոլիկլինիկաների տվյալները ներկայացնեն։ 

«Հրապարակն» ահազանգ ստացավ Հայ-չինական բարեկամության դպրոցից։ Ծնողները հետաքրքրվել են, թե ինչի համար են այդ տվյալները հավաքում, սակայն նրանց հստակ չեն պատասխանել։ Ընդամենը տեղեկացրել են, որ այդ պահանջն ուղղվել է Երեւանի բոլոր դպրոցներին։ «Հնարավո՞ր է, որ պատվաստումների համար լինի, քանի որ խոսակցություն կար, որ 12 տարեկանը լրանալուց հետո երեխաներին պետք է պատվաստենք։ Ինձ դպրոցից ասացին՝ մենք տեղյակ չենք»,- մեզ ասաց Կենտրոն համայնքում բնակվող ծնողներից մեկը։   

Նա մտահոգ է, որ ծնողների տրամադրած տվյալները տեղադրում են ինչ-որ էլեկտրոնային բազայում։ «Բա որ կայքը ջարդե՞ն։ Մարդկանց տվյալները բոլորը մեջը երեւում են։ Ես դրան համաձայն չեմ։ Էսօր մինչեւ օրվա վերջը պետք է տանեն, ներկայացնեն»։ Ծնողները կասկածներ ունեն, որ նոր փաստաթղթավորման նպատակը երեխաների պարտադիր պատվաստմանը նախապատրաստվելն է։ Ինչ-որ մեկը հիշել է նույնիսկ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս նոր հրաման է արձակել՝ բժշկական անձնակազմի շրջանում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածվածությունն ուսումնասիրելու նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնելու մասին։ 

«Այդ հրամանը դպրոցների հետ կապ չունի, դա ներհիվանդանոցային շտամներն ուսումնասիրելու համար է»,- պարզաբանեց առողջապահության նախարարի խոսնակը։ Նա հիշեցրեց, որ մեր երկրում պատվաստումները՝ սկսած շնչառական գրիպից մինչեւ քովիդ, միայն կամավոր հիմունքներով են իրականացվում։ Իսկ թե ինչ հրահանգ է եղել դպրոցներին, չի կարող ասել։ Ի՞նչ խորհրդավոր հրաման, շրջաբերական կամ հրահանգ է իջեցրել կրթնախը դպրոցներին։ «Որեւէ նման փաստաթուղթ կամ պահանջ նախարարությունից չի եկել»,- ասաց կրթության նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը, որը, փաստորեն, տեղյակ չէր այդ տվյալների հավաքագրումից։ 
Պարզվեց, սակայն, որ այդպիսի հավաքագրում իրոք կա, ու որ այն իրոք հանրապետական մասշտաբի է եւ վերաբերում է բոլոր դպրոցներին։ Այս մասին մեզ հայտնեց Հայ-չինական բարեկամության դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանը։ Մենք ուրախացանք, որ վերջապես հստակ պատասխան կարողացանք ստանալ։ 

Ըստ տնօրենի, խոսքը «Կտակ»՝ Կրթական տեխնոլոգիաների կառավարման  էլեկտրոնային համակարգում ներբեռնելու տվյալների մասին է։ Սույն «Կտակը» դպրոցների համագործակցության վիրտուալ պլատֆորմ է՝ առայժմ անհասկանալի մի բան։ «Կտակ» համակարգում տեղադրվում են երեխաների ծնողների անձնական տվյալները, սոցքարտի համարը, ինչպես նաեւ, թե որ պոլիկլինիկայում է հաշվառված երեխան։ «Մեր էլեկտրոնային մատյանները վարում է «Կտակ» համակարգը, այդտեղ էջ է բացվում, որտեղ մուտքագրում ենք այդ տվյալները։ Այդ համակարգն աշխատում է ե՛ւ որպես  մատյան, ե՛ւ տվյալների հավաքագրման մեկ միասնական կենտրոն եւ կրթության նախարարության անմիջական հսկողության տակ է»,- ասաց Սպարտակ Վարդանյանը։ 
Նա կասկածողներին խորհուրդ է տվել զանգել կրթնախ եւ հարցնել, եթե իրեն չեն հավատում։ Ծնողները չեն հավատում՝ այդ էլեկտրոնային բազաներն անվտա՞նգ են, դրանք կարելի՞ է կոտրել, թե՞ ոչ։ «Այդ դեպքում թող վախենան նաեւ պասպորտ-սեղանների էլեկտրոնային համակարգից։ Դրա մեջ էլ կարող են մտնել եւ հանել տվյալները։ Առաջ էլ գրում էինք մատյաններում խնամակալի անուն, ազգանուն, հեռախոսահամար, չէ՞։ Նույն մատյանն է, ուղղակի՝ էլեկտրոնային տարբերակով»։ 

Իսկ «երեխայի առողջության հետ կապված խնդիրներն ավելի վերահսկելի են։ Օրինակ, մայրը զանգում-ասում է՝ երեխան հիվանդ է, ես տանը բուժում եմ։ Դա մեզ համար նորմալ չէ։ Երկու-երեք օր երեխան չի գալիս դպրոց։ Այ սիրելիս, դու բժի՞շկ ես, ի՞նչ ես, երեխային տար՝ հետազոտի պոլիկլինիկայում, մենք էլ երեխայի առողջական վիճակից տեղյակ լինենք։ Սա է քաղաքակիրթ ձեւը»։ Հետաքրքիր է, որ ո՛չ ԿԳՄՍ, ո՛չ առողջապահության նախարարություններում տեղյակ չէին այս ամենից։ 

Եվ, ուրեմն, որքանո՞վ է հուսալի եւ անհրաժեշտ «Կտակը», եւ ինչո՞ւ է հայտարարվում, որ այն օտար լեզուներ չիմացող ուսուցիչների համագործակցության հարթակ է, իսկ իրականում՝ ՀՀ քաղաքացիների էլեկտրոնային հաշվառման եւս մի բազա։ 

ՀԳ․ Կրթության նախարարության մեր աղբյուրը մեզ մի տեղեկություն էլ փոխանցեց, որ տվյալների հավաքագրումն իրականացվում է նաեւ միջազգային ինչ-որ հարցման շրջանակներում, որով գնահատվում են երեխաների առողջությունը եւ բարեկեցությունը: Տվյալները հավաքագրվում են անանուն՝ որպես վիճակագրական տվյալներ։ Հարցումն իրականացվում է եվրոպական 30-ից ավելի երկրներում, իրականացնողն Արաբկիրի Երեխաների եւ դեռահասների առողջության կենտրոնն է՝ ԿԳՄՍՆ թույլտվությամբ: Այն պարբերական բնույթ է կրում՝ 4 տարին մեկ են անում: Սա թվով երրորդն է: Թերեւս, «Կտակ»-ի հարցումն ու սա տարբեր հարցումներ են։