Ալեն Սիմոնյանի ո՞ր խոսքը դուր չի եկել Բաքվին․ Միլլի Մեջլիսի արձագանքը

Ալեն Սիմոնյանի ո՞ր խոսքը դուր չի եկել Բաքվին․ Միլլի Մեջլիսի արձագանքը

«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հերթական անգամ խեղաթյուրել է տարածաշրջանում առկա իրողությունները և իրականությունից հեռու կարծիքներ հայտնել»։ 

Այս մասին ասվում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարության մեջ՝ ի պատասխան Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությունների, գրում է են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Սիմոնյանը փորձում է ծառայություն մատուցել իր օտարերկրյա հովանավորներին՝ անտեսելով Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի պատմական համատեքստը»։

Նշվում է նաև, որ ՀՀ ԱԺ խոսնակը «պետք է ճանաչի Հայաստանի պատասխանատվությունը էթնիկ զտումների քաղաքականության, Խոջալուի ցեղասպանության և օկուպացիայի ընթացքում քաղաքների ու գյուղերի ավերման հետևանքով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների բռնի տեղահանման համար»։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մի շարք հայտարարություններ է արել։ Նա նշել է, որ Հայաստանի օրակարգում Արցախի հարց գոյություն չունի և որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը։ Նա նաև նշել է, թե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում։

Միաժամանակ, Խորհրդարանի խոսնակը համոզմունք է հայտնել, որ կգա մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները կապրեն կողք-կողքի։ Այդուհանդերձ, խոսելով արցախցիների բռնի տեղահանության մասին և դա որակելով իբրև Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտում, պաշտոնյան նշել է․

«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի, Բաքու կամ այն բնակավայրերը, որոնք պատմականորեն եղել են հայկական»։ 

«Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք մտովի իրոք պատրաստ ենք գնալ խաղաղության։ Այդ խաղաղությունը պետք է կառուցել այսօր՝ բացառելով ատելության խոսքը, մարդկանց էթնիկ բաժանումների ենթարկելը, էլ չեմ ասում էթնիկ զտումների մասին»,- ասել է Սիմոնյանը։

Թե Ադրբեջանի խորհրդարանում Սիմոնյանի կոնկրետ ո՞ր խոսքից են այդքան նեղվել, մնում է միայն ենթադրել․․․