Խնդիրներ են առաջացել արտաշիրմում կատարելու եւ աճյունները տեղափոխելու հետ կապված․ Կարեն Հովհաննիսյան

Խնդիրներ են առաջացել արտաշիրմում կատարելու եւ աճյունները տեղափոխելու հետ կապված․ Կարեն Հովհաննիսյան

Զրուցել ենք Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ։

- Մինչև օգոստոսի 25-ը Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքն ու Աղավնո գյուղը հանձնվում են Ադրբեջանին։ Դուք ապրում եք Բերձորում, այս օրերին ինչ է կատարվում այդտեղ։

- Այս պահին թե Բերձորում և թե Աղավնոյում մարդիկ զբաղված են իրենց ունեցվածքը կապելու, ճամպրուկները դասավորելու, և մեքենա որոնելու աշխատանքներով, որպեսզի իրենց ունեցվածքը կարողանան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետության այլ բնակավայր։ 

- Արցախի Հանրապետության կառավարությունը խոստացել էր լուծել մեքենաների հարցը։

- Արցախի իշխանությունները մեքենաներ չեն տրամադրել, այլ իրականացնում են  տեղահանված բնակիչներին օգնելու այլ ծրագրեր։ Տեղափոխման գումարները տրամադրում է կառավարությունը։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, կառավարության կողմից որոշակի գումար է  նախատեսված արտաշիրիմում կատարելու, և աճյունները տեղափոխելու համար։ Որոշակի օժանդակություն էլ ցուցաբերվել է Կարմիր Խաչի կողմից։ Այստեղ մենք ունենք որոշակի խնդիրներ այն մարդկանց հետ, որոնք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն և  ժամանակավորապես ապրում են այնտեղ։ Այդ մարդիկ  այսօր ցանկություն ունեն մշտապես ապրելու Հայաստանում և ուզում են իրենց հարազատների աճյունները տեղափոխել Հայաստան։ Սակայն, իմ ունեցած տեղեկություններով, որոշակի բարդություններ են առաջացել՝ տեղում գերեզմանների համար հատկացվող տարածք ձեռք բերելու մասով։

- Բերձորի ղեկավարը մեզ հավաստիացրել էր, որ մեքենաներ տրամադրվելու  են, ինչումն է խնդիրը։

- Միգուցե տրամադրվելու է։ Բայց այս րոպեի դրությամբ  ես որևէ մեքենա չեմ տեսել։ Կարող է վաղը այդ բեռնատարները գան, տեղ հասնեն։ Ինչ վերաբերում է նյութական միջոցներին, դրանք  կառավարության և Կարմիր խաչի կողմից տրամադրվել են։

- Արցախի իշխանությունները հանդիպե՞լ են Աղավնոյի և Բերձորի բնակիչների հետ։

- Ինչքան գիտեմ՝ հանդիպում եղել է։ Բերձորի և Աղավնոյի բնակիչները գնացել են Ստեփանակերտ և հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ՝ Արայիկ Հարությունյանի, Արցախի տարածքային կառավարման նախարարի, պետնախարարի հետ, բարձրաձայնել են իրենց տեղափոխման հարցերը, և առհասարակ հստակեցրել են իրենց հետագա անելիքներն ու խնդիրները։

- Մարդիկ դեռ քննարկում են նախարար Հայկ Խանումյանի խոսքերը, որ չայրեք ձեր տները, սակայն այսօր արդեն համացանցում կան կադրեր, որ բնակիչն այրում է իր տունը։

- Երբ Հայկ Խանումյանը  հանդիպում է ունեցել Աղավնոյում բնակիչների հետ, թե ինչ են խոսել, ոնց են խոսել՝ ես մանրամասներից տեղյակ չեմ։ Բայց իմ ունեցած տեղեկություններով, խոսակցությունը թեժ է եղել, և միգուցե ինչ-որ նմանատիպ արտահայտություն արած էլ լինի։ Գիտեմ, որ Արցախի տարածքային կառավարման նախարարության լրատվական բաժինը ֆեյսբուքով հայտարարություն էր տվել, թե հանդիպումը սղագրված է, կարող են ներկայացնել հանրության լայն դատին, թե ինչ են խոսել Աղավնոյի բնակիչների հետ։ Այնուամենայնիվ, իմ տեղեկություններով, բոլորն էլ ստանալու են իրենց հասանելիք փոխհատուցումը։

- Լուրեր կան, օգոստոսի 25-ից հետո հանձնվելու են նաև Մարտակերտի շրջանի գյուղերից և արոտավայրերից, որքանո՞վ են դրանք հավաստի։

- Ճիշտն ասած, այս ամբողջ ընթացքում ես գտնվել  եմ Բերձորում, Աղավնոյում, Բերդաձորում և Հինշենում, և որևէ տեղեկություն Մարտակերտի շրջանում՝ նոր դիրքեր, տարածքներ զիջելու մասին ընդհանրապես չունեմ։ Քանի որ 20 տարուց ավել է, ինչ Քաշաթաղում եմ բնակվում, և ժամանակի ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ որոշակի հանրային վերաբերմունքի եմ արժանացել, այսօր էլ լինելով Ազգային Ժողովի պատգամավոր, պարզ է, որ իմ համաքաղաքացիները հազար ու մի հարցով դիմում են ինձ, և ես իմ ունեցած անձնական կապերը, միանշանակ, օգտագործում եմ բնակիչների խնդիրներին արագ և օպերատիվ ձևով լուծում տալու համար։

- Բերձորի և Աղավնոյի լույսերը օգոստոսի 22-ին կանջատվե՞ն։

- Նախնական տեղեկություններով, այո։ Խոսակցություն կա, որ օգոստոսի 22-ին բնակավայրերը հոսանքազրկվելու են։