44-ամյա հնդիկը՝ ՀԴԲ-ի տնօրեն. Թրամփը չի անտեսում իր «կադրերին»

44-ամյա հնդիկը՝ ՀԴԲ-ի տնօրեն. Թրամփը չի անտեսում իր «կադրերին»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ տնօրենի պաշտոնում առաջադրել է իր խորհրդական, ազգությամբ հնդիկ Քեշ Փաթելի թեկնածությունը։ Այս մասին նա հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում։ Նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը։

«Հպարտությամբ եմ հայտնում, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հաջորդ տնօրենը կդառնա Քաշյափ «Քեշ» Փաթելը։ Քեշը փայլուն իրավաբան է, քննիչ և «առաջին հերթին Ամերիկայի» համար պայքարող մեկը, ով իր կարիերան նվիրել է կոռուպցիայի բացահայտմանը, արդարադատությանն ու ամերիկացի ժողովրդին պաշտպանելուն: 

Նա առանցքային դեր է խաղացել «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան» կեղծիքի բացահայտման գործում՝ ծառայելով որպես ճշմարտության, հաշվետվողականության և Սահմանադրության պաշտպան»,- գրել է Թրամփը։
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ 44-ամյա Փատելը հնդիկ ներգաղթյալների որդի է. նրա հայրը աշխատել է որպես ավիաընկերության ֆինանսական տնօրեն: Փաթելը քրեական արդարադատության և պատմության բակալավրի կոչում է ստացել Ռիչմոնդի համալսարանում և ավարտել է Փեյսի համալսարանի իրավաբանական դպրոցը 2005 թվականին:

Նա ծառայել է Թրամփի առաջին վարչակազմում և զբաղեցրել է մի քանի պաշտոններ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերի օրոք՝ աշխատակազմի ղեկավար, նախագահի օգնականի տեղակալ, Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական գծով ավագ տնօրեն և ազգային հետախուզության տնօրենի տեղակալ:

Փաթելը առանցքային դեր է խաղացել Ռուսաստանի հետ Թրամփի կապերի վերաբերյալ Դեմոկրատական ​​կոմիտեի հետաքննությունը վարկաբեկելու ջանքերում. որպես Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի այն ժամանակվա աշխատակից՝ նա հեղինակել է զեկույց, որը վերլուծում է ՀԴԲ-ի և Արդարադատության նախարարության դիրքորոշումը Ռուսաստանի ընտրություններին միջամտության հետաքննության ընթացքում:
2021 թվականին՝ նախքան նախագահի պաշտոնը թողնելը, Թրամփը հանդես եկավ Փաթելին ԿՀՎ-ի կամ ՀԴԲ-ի փոխտնօրեն նշանակելու գաղափարով։ Այն ժամանակվա գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն իր հուշերում գրել էր, որ Փաթելը կդառնա ՀԴԲ-ի փոխտնօրեն միայն «իր դիակի վրայով»:

Փաթելը նախկինում առաջարկել է աշխատանքից հեռացնել ՀԴԲ բոլոր աշխատակիցներին, ովքեր չեն կիսում Թրամփի տեսակետները, ինչպես նաև գործակալությանը զրկել հետախուզական տեղեկատվության հավաքագրման դերից։ «Ամենամեծ խնդիրը, որի հետ բախվել է ՀԴԲ-ն, եկել է նրա հետախուզական ծառայություններից: Ես կհեռացնեի այս բաղադրիչը: Ես առաջին օրը կփակեի ՀԴԲ-ի շենքը, իսկ հաջորդ օրը կբացեի այն որպես խորը պետական ​​թանգարան»,- ասել էր նա սեպտեմբերին: