Кукушка хвалит петуха За то, что хвалит он кукушку․ հետընտրական կսմիթ

Кукушка хвалит петуха За то, что хвалит он кукушку․ հետընտրական կսմիթ

Կռիլովի հայտնի առակում մի պատկերավոր արտահայտություն կա․

За что же, не боясь греха,

Кукушка хвалит петуха?

За то, что хвалит он кукушку.

Թևավոր խոսք դարձած սույն ասույթը, որպես կանոն, հեգնանք է պարունակում և օգտագործվում կեղծավորների մասին խոսելիս, ովքեր գովում են միմյանց եսասիրական մղումներով:

Ճիշտ նույն պատկերն է հիմա Անկարայի և Բաքվի բռնապետների հարաբերություններում, մասնավորապես՝ այսօր Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համատեքստում։ Ըստ նախնական հաշվարկների՝ ձայների չնչին տարբերությամբ առավելագույն քվե է ստացել Էրդողանը, ով, ըստ ամենայնի, կշարունակի կառավարել երկիրը 3-րդ ժամկետով։

Չնայած պաշտոնական ու վերջնական տվյալների բացակայությանը, ինչպես և ենթադրվում էր, կրտսեր սուլթանիկն շտապել է շնորհավորել իր ավագ եղբորը՝ հաղթանակի կապակցությամբ, միաժամանակ նրան հրավիրելով Ադրբեջան։

Ալիևից բացի, նրա կինը՝ Մեհրիբանը ևս շնորհավորել է Էրդողանների ընտանիքին, թուրք գործընկերոջը՝ Մևլյութ Չավուշօղլուին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ գովասանքի ու քծնանքի հեղեղ տեղալով։

Իր հերթին, Ստամբուլում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե իր եղբայր Ալիևը համաձայնել է գալ Թուրքիա և միասին տոնել իր հաղթանակը։

Թուրքական մամուլը հեղեղված է հրապարակումներով այն մասին, թե առաջին շնորհավորանքն ստացել են եղբայրական Ադրբեջանից։

Հայաստանի համար թշնամական երկու ազգակից պետությունների տանդեմն, իհարկե, նորություն չէ, բայց որ Էրդողանի վերընտրվելուց հետո ստիպված ենք շարունակել գործ ունենալ իրար սիրաբանող ու գովերգող երկու դաշնակիցների հետ՝ մտորելու լուրջ առիթ է և այստեղ բնավ էլ կկվի ու աքլորի մասին չէ խոսքը, այլ հայությանը սպառնացող երկգլխանի հրեշի․․․

Արա Ալոյան