Ղազախստանը Ռուսաստանին և Ադրբեջանին է փոխանցել «AZAL»-ի սև արկղերի վերծանված տվյալները

Ղազախստանը Ռուսաստանին և Ադրբեջանին է փոխանցել «AZAL» ընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այս մասին հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ, ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։
«Տվյալները վերծանվել են, վերադարձվել Ղազախստան, գտնվում են գլխավոր դատախազության ենթակայության ներքո գործող քննչական խմբում։ Բոլոր փորձագետներն աշխատում են դրանց վրա։ Այժմ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմն ունեն այդ արկղերի կրկնօրինակները։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- Բոզումբաևի խոսքերն է մեջբերում «Կազինֆորմը»։
Հիշեցնենք` ադրբեջանական «AZAL» ավիաընկերության «Embraer 190» ուղևորատար ինքնաթիռը, որը Բաքվից մեկնել էր Գրոզնի, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։
Ինքնաթիռում 69 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է եղել, ողջ են մնացել 29-ը։ ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանցից 9-ը ՌԴ քաղաքացիներ են։ Ըստ ցուցակների` ինքնաթիռում Ռուսաստանի 16 քաղաքացի է եղել։
Կարծիքներ