Շուշին որպես հուշ՝ Ամերիկայի ցուցափեղկերում...

Շուշին որպես հուշ՝ Ամերիկայի ցուցափեղկերում...

Հեռուստատեսությամբ հաճախ են համապատասխան մուղամով կրակի մեջ հայտնված Հայաստանի գյուղերը որպես գովազդային մաս  ցուցադրում՝ հատկապես Նիկոլին ենթակա ալիքներով։ Այնպիսի ողբագին ու լալագին նոտաներով, որ քիչ ես մնում հեռուստացույցը փշրես։ Այսպես ցուցադրում են միայն կորցրածը, որը ժողովրդի համար մե՜ծ արժեք է եղել։ Բայց դա կարող է տալ հակառակ «էֆեկտ»։ Թե նիկոլամետները ինչ նպատակով են ցուցադրում կամ ինչ հրահանգ ունեն, կարևոր չէ, կրակի մեջ հայտնված ու թշնամու թիրախակետում գտնվող մեր գյուղերի ցուցադրությունից  կարող ենք ստանալ հակառակ ազդեցությունը։ Ինչպես Սևակն է ասում․ 

Այն էլ զգացի, ցավո՜վ զգացի, 
Որ կտըրվելուց հետո է միայն 
Երևում ծառի բուն հաստությունը։

Այսինքն սա ժողովրդի մեջ ցավ առաջացնելու, արթնացնելու, նիրհից հանելու դեր կարող է կատարել, քանի դեռ չենք կորցրել ու հանգստացել։ Ժողովրդական այսպիսի խոսք կա՝ մինչև մահացածին հողի մեջ չեն դնում, հարազատները չեն հանգստանում։ Որ հողի մեջ են դնում, հանգստանում են ու էլ «ինքդ քեզ ուտելու զգացում չի առաջանում»։ Քանի ամբողջովին չենք կորցրել մեր հայկական գյուղերը, ամեն ցուցադրությունից հետո պիտի պայքարի ոգի առաջանա մեր մեջ ու մեր գիտակցությանը հասնի, թե ի՜նչ մի աշխարհ են մենք կորցնում։ Պիտի միջոց գտնենք՝ կանգնեցնելու իշխանադավ այս ծրագիրը։ 

Րոպեներ առաջ Արցախից Բելան մի նկար էր գցել։ Նիկոլի կողմից արդեն հողին հանձնած ծաղկուն Շուշիի մասին է խոսքը։ Մակագրությունից մի տող եմ մեջ բերում․ «Շուշի անունով պանիրն էլ կա արդեն ու գրավել է Ամերիկայի ցուցափեղկերը ..․,ազգ իմ փառապանծ»: Իհարկե, սա ցավ է, իր մեջ ցավի նոտա է պարունակում, որ մենք այն ազգն ենք, որ կորցնելուց հետո ենք զգում նրա արժեքը։ Եվ ամենավտանգավորը՝ այն մեզ համար հուշ է դառնում՝ պանրի, թաղամասի, ռեստորանի, սրճարանի տեսքով, ու մենք սփսփվում ենք դրանով։ Օգտատերերից մեկը բացատրում էր․ 

««Էլոլա» գործարանի (Վերիշեն համայնք, ք. Գորիս) մարքեթոլոգը, հավանաբար, շատ էր ցանկանում պանրագործների մեջ աչքի ընկնել։ Թեև նա հիանալի գիտի, որ և՛ Գորիսում, և՛ Վերիշենում յուրաքանչյուրն ունի իր սեփական Եռաբլուրը։ Մտահոգություն կա, որ այս պանրի պիտակը երկար չի դիմանա, վաղը վրդովված զանգ կլինի

Բաքվից Երևան, իսկ հետո Երևանից «Էլոլա», և հիշողությունը փրկելու այս փորձը նույնպես կփակվի»։ 

Մենք չպիտի ապրենք հիշողությամբ։ Փաշինյանը շտապեց հողին հանձնել Շուշին, որ հարազատները հանգստանան, նրան փրկելու ոչ մի քայլ չարեց, մատնեց թշնամական անտարբերության։ Հիմա շտապում է նույն անելը հայկական գյուղերի հանդեպ։ Ողջամիտ եղեք։ Պայքարեք ձեր հողի ամեն թիզի համար, մի հանձնվեք։ Հողը հանձնելով, դուք անուղղակիորեն ձեզ ու ձեր սերունդն եք հանձնելու թշնամուն։