Մինչեւ Միջազգային քրեական դատարան դիմելն այլ քայլեր էլ կան

Մինչեւ Միջազգային քրեական դատարան դիմելն այլ քայլեր էլ կան

Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը Հայաստանի սահմանների ողջ երկայնքով ռազմական գործողություններ է սկսել։ Երեկ էլ լարվածությունը շարունակվում էր Վարդենիսի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում։ Խաթարվել է խաղաղ բնակչության բնականոն կյանքը։ Հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, գերիներ։ Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու եւ պատժելու համար։ 
Թեմայի շուրջ մեզ մեկնաբանություն է տվել միջազգայնագետ Տարոն Սիմոնյանը։

«Մենք Միջազգային քրեական դատարանի կանոնադրության անդամ չենք։ Մեր Սահմանադրական դատարանը շատ վաղուց մերժել է այդ կանոնադրությունը՝ ասելով, որ այն հակասահմանադրական է։ Եթե ուզում ենք այդ կանոնադրության շրջանակներում աշխատանքներ սկսել, պետք է նորից անցկացնենք այն գործընթացները, որոնք անհրաժեշտ են այդ պայմանագրի վավերացման համար։ Մենք նաեւ Սահմանադրություն ենք այս ընթացքում փոխել։ Այս պահին այդ հարցում խնդիր ունենք։ Իհարկե, այնտեղ մի փոքր հնարավորություն կա օգտագործելու, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։ Սակայն խնդիրը քաղաքական է դառնում, որովհետեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է նախաձեռնի գործընթաց՝ քրեական դատարանի շրջանակներում»,- ասաց միջազգայնագետը։

Ըստ նրա՝ իրավական ուրիշ գործիքակազմեր էլ կան, որոնցից մեկը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, որը երեկ արդեն իսկ սկսել է որոշակի փուլով գործընթաց իրականացնել, այդ թվում՝ նաեւ միջանկյալ միջոց կիրառելու նպատակով։ Խոսքը, հավանաբար, գերիներին է վերաբերում․ ՄԻԵԴ-ը նման պրակտիկա ունի՝ գերիների կյանքի ապահովման համար Ադրբեջանի գործողությունների նկատմամբ արգելանք դնելու:

Մյուս գործիքակազմը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն է, որտեղ մի քանի կոնվենցիայի շրջանակներում հնարավոր է գործընթաց սկսել։ Տարոն Սիմոնյանն ասում է․ «Հապաղում ենք, չենք ուզում ոչինչ անել։ Երկու տարի կորցրինք, դրանից առաջ էլ տասը տարի ենք կորցրել։ Հիմա էլ չգիտեմ՝ կառավարությունը ոնց է մտածում։ Այս գործընթացները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսելն էր։ Ես գիտեմ՝ նամակ ուղարկվել է, սակայն այն նամակը չէ, ինչը որ ես ենթադրում էի, որ պիտի ուղարկվեր։ Սա եւս անհրաժեշտ քայլ է։ ԵԱՀԿ շրջանակներում եւս պետք է իրավական գործընթաց սկսվի։ Այստեղ եւս կարծես թե որոշակի քայլեր կատարվել են։ ՀԱՊԿ շրջանակներում, չգիտեմ ինչու, երկրորդ հոդվածի հիման վրա սկսվեց գործընթացը եւ ո՛չ չորրորդի։ Այս մասով կառավարությունը պետք է պարզաբանում տա։ Ռուսական կողմի հետ ունենք դեռեւս 1998 թվականին կնքված պայմանագիր, որի շրջանակներում եւս պետք է գործընթաց սկսվեր։ Եվրոպայի խորհրդում խնդիրը պետք է բարձրաձայնվի»։

Ի դեպ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2-րդ հոդվածում ասվում է. «Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»: Իսկ 4-րդ հոդվածն ասում է. «Եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մյուս մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Տարոն Սիմոնյանն ասում է. «Կառույցները շատ են՝ լայնամասշտաբ իրավական եւ դիվանագիտական աշխատանքներ է անհրաժեշտ իրականացնել։ Չպետք է հապաղենք, որովհետեւ, ճիշտ է՝ զինվորը հողի վրայի խնդիր է լուծում, բայց զինվորին պետք է աջակցենք իրավական եւ դիվանագիտական գործիքներով։ Իրավաբաններն ու դիվանագետները, ովքեր որ պետական պաշտոն են զբաղեցնում եւ չեն գնում ճակատ, ճակատում զինվորի գործ չեն կատարում, իրենց գրասենյակներում նստած են, ուրեմն օրը 24 ժամ պետք է աշխատեն իրենց խնդիրներով։ Եթե չանեն, չարագացնեն, բա իրենց գործը ո՞րն է։ Բոլորս նստենք ու լսենք լուրերը, թե զինվորը ո՞նց է կռվում։ Եթե լիազորված ես, որ պետության անունից իրավական, դիվանագիտական աշխատանք պիտի կատարես՝ պիտի անես, ոչ թե ասես՝ դե, ժամանակը քիչ է, ես էլ ոչինչ չանեմ, սպասեմ, տեսնեմ զինվորն ինչ է անում։ Էդ տրամաբանությամբ ո՞ւր կհասնենք։ Կամ, ուրեմն, եթե գործ չեն անում, թող գնան բոլորը զինվորագրվեն։ Ռազմական դրություն պետք է հայտարարվի Հայաստանում։ Զարմանում եմ, թե ինչու մինչեւ այսօր չի հայտարարվել։ Պետք է ռազմական դրություն հայտարարվի եւ մոբիլիզացվի ամբողջ ներուժը»։

Մեր այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որ Հայաստանը սահմանադրական փոփոխություն իրականացնի, որպեսզի կարողանա դիմել Միջազգային քրեական դատարան, Սիմոնյանն ասաց․ «Եթե կամք լինի, այսօրվա եղած հնարավորություններով էլ մի բան կարող ենք անել։ Բայց դասականը երկար է»։