Հին, հայտնի մեթոդ

Հին, հայտնի մեթոդ

Կադրային քաղաքականությունը բոլոր իշխանությունների աքիլեսյան գարշապարն է եղել։ Նախ, որովհետեւ մենք սուղ ռեսուրսներ ունեցող հանրություն ենք, եւ լավ մասնագետները նախընտրում են մասնավոր ոլորտում աշխատել, այլ ոչ թե պետական ծանր աշխատանք կատարել՝ սահմանափակ վարձատրությամբ ու անսպասելիորեն գահընկեց արվելու հավանականությամբ։ Եվ երկրորդ․ բոլոր ժամանակների իշխանությունները նախընտրել են հարմարվող, հնազանդ, անպրոբլեմ կադրերին՝ սեփական կարծիք ու դեմք ունեցող պրոֆեսիոնալներից։ Բայց կադրային քաղաքականությունը նաեւ բոլոր իշխանությունների փրկօղակն էր․ երբ դրությունը լրջանում է, պետության ղեկավարները փորձում են կադրերի փոփոխությամբ աշխատելու իմիտացիա ստեղծել եւ մարդկանց մոտ հույս արթնացնել, թե ինչ-որ բան կփոխվի։ Ժամանակին Սերժ Սարգսյանն էր այս մեթոդը հմտորեն կիրառում, հիմա՝ Նիկոլ Փաշինյանը։ Բայց եթե Սերժ Սարգսյանը մոսկվաներից համակրելի ու չվարկաբեկված Կարեն Կարապետյան էր բերում, Փաշինյանի նշանակած կադրերը, գոնե ճանաչողների մոտ, միայն հիասթափություն ու տարակուսանք են առաջացնում։

Առանց այն էլ Շիրակի մարզը տուժած է․ 5 մարզպետ՝ 4 տարում, մեկը մյուսից անհաջող։ Նախավերջին մարզպետի՝ նախկին լրագրող տիկնոջ նշանակումն արդեն զավեշտի ժանրից էր, բայց պարզվում է՝ զավեշտականի սահմաններն անընդգրկելի են․ այսօր նշանակված անձը նախկին դաշնակցական է, նախկինում ՀՀԿ-ի հետ աշխատած, բոլոր ժամանակներում, բոլոր իշխանություններին հարմարված մի անձ։ Առհասարակ, ես միշտ կողմնակից եմ եղել նախկինների ժամանակ աճած կադրերն օգտագործելուն, մենք այդքան հարուստ չենք, որ պետական կառույցներում թրծված անձանց հենց այնպես մի կողմ նետենք։ Բայց Փաշինյանի իշխանությունն օգտագործում է նախկինների ամենավատ կադրերին: