Ի՞նչ է տալիս այդ աջակցությունը

Ի՞նչ է տալիս այդ աջակցությունը

«Արցախի խորհրդային սպաների միությունը» հայտարարություն է տարածել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցելու է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությանը, իսկ նախագահի թեկնածուներից՝ Մասիս Մայիլյանին:

Հիշյալ կառույցն Արցախում քիչ է հայտնի: Համացանցում որոնումներից պարզվում է, որ տարիներ առաջ հիմնադրել է «Պատիվ ունեմ/Честь имею» հայերեն-ռուսերեն թերթ՝ նպատակ ունենալով կապ հաստատել Ռուսաստանի հայրենակիցների հետ: Կառույցի ղեկավարը Հենրիխ Մովսիսյանն է, ղեկավար կազմից հայտնի է նաեւ Ռաշիդ Պետրոսյանի անունը: Վերջինս խորհրդային տարիներից ներքին գործերի համակարգում էր, ծառայել է նաեւ անկախ Արցախի ՆԳՆ –ում՝ հասնելով կադրերի գծով փոխնախարարի պաշտոնի: Այնուհետեւ կարճ ժամանակ գլխավորել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ներկայումս Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է ԼՂ կոմկուսից, հանդիսանում է Կենտկոմի քարտուղար: ԼՂ կոմկուսի ցուցակի հինգերորդ հորիզոնականում է Հենրխ Մովսիսյանը: Նա խորհրդային ՊԱԿ-ի կադրային սպա է, հետագայում ծառայել է անկախ Արցախի անվտանգության մարմիններում:

Ռաշիդ Պետրոսյանը ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայոր է, Հենրիխ Մանուկյանը՝ հատուկ ծառայությունների գնդապետ: Ի՞նչ գաղափարական-քաղաքական ընդհանրություններ կարող են ունենալ ոստիկանության պաշտոնաթող գեներալը, խորհրդային ՊԱԿ-ի դպրոց անցած գնդապետը եւ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը՝ մնում է անհասկանալի: Չի բացառված, որ Մայիլյանին աջակցելու մասին հայտարարի նաեւ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը, որի քաղաքական հեղինակությունը գրեթե զրոյական է:

Գործնականում ոչ կոմունիստները, ոչ «Արցախի խորհրդային սպաների միությունը» նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին աջակցության ռեսուրս չունեն: Կարելի է ենթադրել, որ այդ հայտարարությունը զուտ քարոզչական է: Բայց ո՞վ է հասցեատերը: Մի՞թե ռուսական որոշակի շրջանակները: Նման դեպքում ռուսները հարցնում են՝ а игра стоит свеч?: Իրոք, արժե՞ անցյալի վկաներից աջակցություն հայցել: Մանավանդ երբ կարգախոս ես ընտրել «նոր Արցախը»: