Քաղաքապետին այլ ակտ են տվել, հետո քրգործ հարուցել

Քաղաքապետին այլ ակտ են տվել, հետո քրգործ հարուցել

Սպիտակի քաղաքապետարանում ՊՎԾ-ի երկարատև ստուգումները ի վերջո տվեցին իրենց «երկար սպասված արդյունքները»։ Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը ամիսներով «օկուպացրել» էր Սպիտակի համայնքապետարանը, նույնիսկ քաղաքի ասֆալտն էին քանդել ու հաստությունը ստուգել։ Քիչ առաջ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քաղաքապետարանում ՊՎԾ ստուգումների հիման ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քաղաքապետ Գագիկ Սահակյանը այս նորությունը մեզնից իմացավ, ապա լսելով հոդվածների անուններն ու քանակը, ասաց՝ «փաստորեն ինձ արդեն ցմահ բանտարկեցի՞ն, հա՞»։

Քաղաքապետը նշեց, որ ՊՎԾ-ի կողմից իրենց այլ կատարողական է տրվել, որում ընդամենը մի վիճահարույց հարց կա․
«Ես տեղյակ չեմ, մեզ լրիվ ուրիշ ակտ են տվել, որում որևէ բան չկա։ Ընդամենը մի 2 բան էին գրել, որ 2015 թվականին մեզ բյուջեից ավել փող են փոխանցել, ու հետ են ուզում, մենք էլ ասում են՝ չենք տալիս, թող դատարան դիմեն ուզեն, բայց ոչ չարաշահումներ կամ եսիմ ինչ բաներ։ Պետությունը համայնքին փող է փոխանցել որպես համահարթեցում, հետո ասում են, թե ավել են տվել, մենք էլ ասում ենք՝ լավ եք արել, մենք էլ մեր համայնքի համար օգտագործել ենք, այդ գումարը էլ հետ չենք տալու։ Ուրիշ բան չկա, ինձ համար նորություն ասացիք»։

Նշենք, որ տարածված հայտարարության մեջ նշված է․ «Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, վերը նշված 80 դեպքով ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ չեն կիրառել և գանձել առնվազն 18,8մլն դրամի տուգանք՝ առաջացնելով ծանր հետևանքներ։Համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք կազմել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդին անձանց մասնակցության մասին կեղծ արձանագրություն՝ օտարելով նշված հողամասը:

Բացի այդ, 2015-2020թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի Սպիտակի համայնքապետարանը «Նարինե» ՍՊԸ-ի հետ կնքել է Սպիտակ քաղաքում փողոցների սանիտարական մաքրման և հարակից ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր 92,3մլն դրամ արժեքով:

Կատարողի պարտականությունների մեջ է մտել 67530-ից մինչև 78916 քմ ընդգրկող ներքաղաքային փողոցների, մայթերի, հրապարակների, բակային տարածքների, հուշարձանների ու դրանց պատվանդանների, քաղաքային զբոսայգու և ջրավազանի, այլ ինժեներական կառույցների ամենօրյա ձեռքի և մեքենայական մաքրման, լվացման սանիտարական մաքրման ծառայություններ: Սպասարկվող այդ տարածքների մեջ են ընդգրկվել նաև 13600 քմ կազմող՝ բնակավայրերի տարածքով անցնող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներ, որոնց սպասարկումը  իրականացվում է «Ճանապարհ» ԲԲԸ-ի կողմից: Այսինքն համայնքապետարանի կողմից ի սկզբանե վերոնշյալ պայմանագրերի տեխնիկական բնութագրերով ավել է նախատեսվել շուրջ 13600 քմ տարածքի սանիտարական մաքրման ծառայություններ, որը դրամական արտահայտությամբ 2015-2020թթ. համար ընդհանուր կազմել է 15,5 մլն ՀՀ դրամ:

Ընդ որում՝ պարզվել է, որ «Ն...» ՍՊԸ–ի ներկայացրած և համայնքապետարանի կողմից ընդունված կատարողական ակտերում իրականացվել են մաքրվող տարածքների մակերեսների հավելագրումներ՝ 5896 քմ չափով, որի արդյունքում համայնքապետարանը ընկերությանն ավել է վճարել մոտ 1,5մլն դրամ:

Առկա են տվյալներ նաև այն մասին, որ Սպիտակի համայնքապետարանը 2015-2020թթ. ընթացքում մի քանի ընկերությունների հետ Սպիտակ քաղաքում տարբեր բնույթի աշխատանքների, մասնավորապես՝ փողոցների  լուսավորության համակարգերի թարմացման, քաղաքային զբոսայգու հուշարձանի և բեմի հանդերձարանի վերանորոգման,  առանձինթ աղամասերի ասֆալտապատման և լուսավորության համակարգերի կառուցման, անձրևաջրատար առվի կառուցման, մայթեզրի եզրաքարերի ուղղման, մայթերի ասֆալտապատման, Սպիտակի գեղարվեստի դպրոցի և երաժշտական դպրոցի շենքերի վերանորոգման աշխատանքների կատարման 8 պայմանագրեր՝ տարբեր արժեքներով:

Կազմված կատարողական ակտերով համայնքապետարանն ընդունել է կատարված աշխատանքները՝ ընկերություններին վճարելով պայմանագրերով նախատեսված ամբողջ գումարը: Մինչդեռ ՀՀ ՊՎԾ աշխատակիցների կողմից նշված պայմանագրով կատարված աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրմամբ հայտնաբերվել են կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ։

Այդ կերպ 2015-2019թթ. համայնքապետարանի պատասխանատու անձինք կատարողական առերևույթ մտցրել են փաստացի չկատարված աշխատանքների կատարման վերաբերյալ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 11մլն ՀՀ դրամ համայնքային միջոցներ» :