Ինչու չունեցանք մեր բայրաքթարը

Ինչու չունեցանք մեր բայրաքթարը

Բնական կլիներ, որ ավիամոդելիզմի, ինֆորմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի, տիեզերանավերի մեջ օգտագործվող օպտիկական եւ ռադիոսարքավորումների Սովետմիության առաջատար Հայկական ԽՍՀ ժառանգորդ Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի մեծ շանս ունենար համաշխարհային մակարդակի անօդաչու թռչող սարքեր ստեղծելու գործում, քան Թուրքիան: Մեր հարեւան երկիրն այդ բնագավառներում ՀԽՍՀ-ի համեմատ հետամնաց մի երկիր էր: Բայց «քոչվորները» ճիշտ օգտագործեցին Միացյալ Նահանգներից՝ որպես ՆԱՏՕ-ի հարավային թեւին տրված միլիարդավոր դոլարներն ու այլ աջակցությունները եւ ռազմական ոլորտում ունեցան այնպիսի զարգացում, որն այսօր մտահոգում է ՌԴ զինվորական գործիչներին: Մինչդեռ հիշում եմ, թե 1969 թվականին ինչպիսի ծաղրանքով էին թուրքական բանակին վերաբերվում ԵՊՀ ռազմագիտության ամբիոնում աշխատող սովետական սպաները՝ մատնանշելով, որ, որպես հրետանու քարշակներ, թուրքերը շարունակում են օգտագործել… ձիերին: Միայն ռադիոկապի ոլորտում էին սովետական սպաներն ընդունում Թուրքիայի ԶՈՒ բացարձակ առավելությունը, որոնց ամերիկյան ռադիոկապի միջոցները հեշտությամբ լռեցնում էին սովետականներին: 

ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄՍԽՈՂՆԵՐԸ

Թուրքերը տասնամյակներ շարունակ ֆինանսավորում եւ զարգացնում էին իրենց գիտությունը եւ ռազմական արդյունաբերությունը, ՀՀ իշխանությունները հետեւողականորեն ֆինանսապես խեղդում եւ ֆիզիկապես ոչնչացնում էին մերը: Հիշեցնենք, որ Հայաստանը որպես ժառանգություն ստացել էր բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ եւ արտադրություններ, որոնց մեծ մասը սպասարկում էր ԽՍՀՄ պաշտպանության ոլորտը: Հիմնականում գավառական քաղաքներից եւ հետամնաց թաղերից սերված մեր նոր «էլիտան» գաղափար անգամ չուներ գիտության եւ արդյունաբերության մասին եւ համարում էր, որ եթե իրենց թաղերը հանգիստ գոյատեւում են առանց դրանց, երկիրն էլ կարող է յոլա գնալ: Չէ՞ որ այդ ամենը կա այլ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ի՞նչ կարիք կա սեփականը զարգացնել: Պետք է զարգացնել այն, ինչն անհրաժեշտ է իրենց՝ ժամանցի եւ սննդի օբյեկտները: Մասնավորապես, տարբեր ցուցանակների տակ թաքնված բորդելները: Իսկ գիտահետազոտական բազմաթիվ ինստիտուտները, հատկապես՝ ճյուղայինները, պետք է փակել՝ ազատվելով ֆինանսավորելու հոգսից: Դրանց շենքերն էլ՝ սեփականաշնորհել: Կամ, գոնե, բազմաթիվ անգամներով կրճատել ԳՀԻ-ների ֆինանսավորումը, որպեսզի դրանք իրենք իրենց վերանան: 
Զրոյացրին նույնիսկ «Մերգելյանի ինստիտուտը»՝ Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ն: Բայց Գիտությունների ազգային ակադեմիան՝ մի քանի տասնյակ ինստիտուտների միավորումը, չկարողացան հընթացս վերացնել, քանի որ նա պաշտպանված էր իր հեղինակությամբ եւ ակադեմիկոսներից կազմված նախագահությամբ, որը, ի տարբերություն ճյուղային ԳՀԻ-ների ղեկավարների, կառավարության ենթական չէր՝ չէր նշանակվում վերջինի կողմից: Այդուհանդերձ, ԳԱԱ-ն այնքան խեղճացրին, որ նրա անձնակազմը 1990 թվականի համեմատ կիսով չափ կրճատվեց: Գիտությունում մնացած նվիրյալներն էլ ավտոմատ համալրեցին ՀՀ աղքատների շարքերը: 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԵՐՄՈՒԾԱԾ ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

Սերժ Սարգսյանը Կոմկուսի դասընթացներում կրթված կոմերիտական-կուսակցական գործիչ էր: Այսինքն, գիտեր գիտության դերի եւ կարեւորության մասին: Նա նոր ավանդույթ մտցրեց. նախագահ ընտրվելուց հետո պարտաճանաչ մասնակցում էր ԳԱԱ տարեկան հաշվետու ժողովներին: Միայն մի անգամ բացակայեց՝ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին: Մինչ նրա նախագահ դառնալն այդ ժողովներին, «հարսանյաց գեներալի» կարգավիճակով, մասնակցում էին վարչապետները: Իսկ Սարգսյանն ուշադիր լսում էր զեկույցները եւ նույնիսկ պատասխանում դրանցում հնչած որոշ հարցերի: Օգտվելով այդ հանգամանքից՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հաշվետու զեկույցներում մշտապես ներկայացնում էր գիտնականների հոգսերը, որոնց լուծման համար հիմնականում պահանջվում էր նորմալ ֆինանսավորում: Գիտնականները ոչ միայն բողոքում էին, որ աշխատավարձի փոխարեն ստանում են «աղքատավարձեր», այլեւ՝ որ չունեն անհրաժեշտ սարքավորումներ, նյութեր, գրականություն, այլ երկրներում աշխատող իրենց գործընկերների հետ շփվելու, համագործակցելու, գիտաժողովներին մասնակցելու հնարավորություն: ԳԱԱ նախագահն աշխարհի տարբեր պետությունների օրինակները բերելով բացատրում էր, որ եթե գիտության ֆինանսավորումը փոքր լինի ՀՆԱ-ի մեկ տոկոսից, հնարավոր չէ ակնկալել դրա զարգացումը: Մինչդեռ մեր գիտությանը տարեցտարի տրամադրվում է ՀՆԱ-ի ընդամենը 0,25-0,29 տոկոսը: Ռադիկ Մարտիրոսյանը աղյուսակների եւ գրաֆիկների օգնությամբ երկրի նախագահին բացատրում էր, որ Թուրքիան արդեն ստեղծել եւ հաջողությամբ զարգացնում է իր գիտությունը՝ առաջ անցնելով Հայաստանից: Որ նույնիսկ Ադրբեջանն է սկսել մոտենալ մեր մակարդակին՝ տրամադրելով ֆինանսական ահռելի միջոցներ գիտությանը եւ արտասահմանյան հեղինակավոր համալսարաններ ուսման ուղարկված իր կադրերին: 
Սերժ Սարգսյանը որոշ հարցեր լուծեց, օրինակ, ստեղծեց հիմնադրամ, որի միջոցներով սկսեցին ֆինանսավորել երիտասարդ գիտնականներին, ԳԱԱ-ին շնորհվեց կառավարության խորհրդատուի կարգավիճակ, վերականգնվեց ԳԱԱ ինստիտուտների ջեռուցումը, ավելացվեցին գիտական աստիճանների հավելավճարներն այն գիտնականների համար, որոնք աշխատում են ըստ մասնագիտության: Այդուհանդերձ, գիտության հիմնական խնդիրները մնացին չլուծված: 
«Ֆինանսներն ունեն չհերիքելու հատկություն… Փողը բոլորին է պետք, ինձ էլ է պետք…»,- 2018-ի ԳԱԱ տարեկան ժողովում ժպտալով ասաց երկրի այն օրերի ղեկավարը:

ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԽՈՍԵՆՔ

2019-ի գարնանը Նիկոլ Փաշինյանը շարունակեց Սերժ Սարգսյանի ստեղծած լավ ավանդույթը՝ մասնակցեց ԳԱԱ տարեկան ժողովին: Շարունակեց նաեւ իր նախորդի վատ՝ գիտության թերֆինանսավորման ավանդույթը: Իր ելույթի հենց սկզբում նա առաջարկեց հրաժարվել փողի մասին խոսակցություններից: Նույն տարվա ամռանը հայտարարեց, որ գիտական հիմնարկներն օպտիմալացվելու են, ինչի հետեւանքով դրանց մի մասը փակվելու է: Դրանից հետո ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ դրեց «Կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը։ Ըստ դրա, ԳԱԱ-ն պետք է կազմալուծվի, իսկ անորոշության մեջ հայտնված ինստիտուտների ղեկավարներին պետք է նշանակի կառավարությունը, քանի որ այդ ֆունկցիան պետք է իրականացնեն նորաստեղծ ԳՀԻ-ների ղեկավարման խորհուրդները, որոնց անդամների մեծամասնությանը նշանակելու է կառավարությունը: 

Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության վանահայրերի հետ հանդիպմանը ներկայացրեց հայաստանցի գիտնականների մեծամասնության առօրյան այնպես, ինչպես ինքն է պատկերացնում, պարզ դարձավ, որ Հայաստանի բազմաչարչար գիտության գլխին ամպեր են կուտակվել: Ահա նրա խոսքերը. «Ցավոք սրտի, Հայաստանում շատ մեծ չափով, շատ մեծ չափով, ոչ ամբողջությամբ, բնականաբար, Հայաստանում գիտական գործունեություն վարել՝ նշանակել է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ, սուրճ խմել օրվա առաջին կեսը եւ վերադառնալ տուն»:

Գիտնականների, ԳԱԱ բոլոր 34 գիտական հիմնարկների, փորձագետների, ուսանողների, դասախոսների բողոքները մնացին անպատասխան: ԱԺ-ում կազմակերպվեցին ձեւական լսումներ, որոնց ընթացքում ոչ մի քննարկում չեղավ՝ ամեն մեկն ասաց իր ասելիքը եւ… գնաց տուն: Դրանից հետո «աշխատանքային տարբերակը» վերանվանվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծ, որտեղ ավելացվեց նաեւ բուհերին ակադեմիական ազատությունից զրկելու դրույթը: Կառավարությունը հավանության արժանացրեց այն, համարեց անհետաձգելի եւ ներկայացրեց ԱԺ: 
Այնպես որ, մոռացեք հայկական բայրաքթար ստեղծելու գաղափարը: Մոռացեք նույնիսկ նորմալ գիտություն ունենալու մասին:


Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ