Ընդդիմությունը պետք է փոխի իր խոսույթը, եթե ցանկանում է հասնել նպատակին

2020-ի կործանարար պատերազմից մինչ օրս ընդդիմությունը պայքարում է այս իշխանություններին հեռացնելու համար։ Սակայն իշխանությունն անսասան է, իսկ վտանգը շարունակում է կախված մնալ Հայաստանի գլխին: Չեմ խոսի այն մասին, թե ինչու 2020-ից մեկնարկած գործողությունները չեն հասել իրենց տրամաբանական ավարտին։ Միայն կասեմ՝ ժողովուրդը մեղավոր չէ, որ կազմակերպիչներն ավելի հնարամիտ եւ վճռական չեն: Վստահ եմ, որ մի քանի անգամ նման հնարավորություն բաց է թողնվել։ Իսկ հետեւանքները կրում են շարքային քաղաքացիները։ Օրվա իշխանություններն էլ ավելի են լկտիացել եւ ամենօրյա ռեժիմով կեղեքում, թալանում են քաղաքացուն՝ իրենց համար ցոփ ու շվայտ կյանք ապահովելու համար։ Քաղաքացիները, անգամ նրանք, ովքեր Փաշինյանին քվե էին տվել 2021-ին, այսօր փնտրտուքների մեջ են, որ գտնեն մի անհատ, մի ուժ, որը կխոսի իր սոցիալական խնդիրներից, կգիտակցի սպասվող մարտահրավերները, կպաշտպանի իր շահերը եւ կառաջնորդի իրեն։
Այս մտածմունքների մեջ է այսօրվա քաղաքացին, որն ընդդիմադիրներից չի լսում իրեն հուզող հարցերի պատասխանները, չի տեսնում սուր, արժանի քննադատություն, համոզված չէ, որ այդ ընդդիմությունը կլուծի իր սոցիալական խնդիրները, կապահովի երկրի անվտանգությունը, դրանով արժանի լինելով՝ զբաղեցնելու ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի տեղը: Կարող է մանրուք թվալ, բայց քաղաքացին հոգնել է ախուվախից, անպտուղ ու անհասցե քննադատությունից, չի ցանկանում շարունակ լսել մեր կորուստների, կորուստների պատճառների, մեղավորների մասին, հին վերքերը փորփրել, այլ կոնկրետ հարցերի պատասխաններ է ուզում ստանալ։
Իսկ մեր պաշտոնական ընդդիմությունը մինչ այսօր խոսում է կորուստների, մեղավորների մասին, փիլիսոփայում ու քաղաքագիտական վերլուծություններ անում` չտալով լուծումների իր տեսլականը։
Աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային խնդիրների, վեկտորների ու կողմնորոշումների մասին կիսագիտական ելույթները շատ քչերին են հետաքրքրում, մեծ մասին հետաքրքրում են սոցիալական խնդիրները, հարկերը, օրվա ապրուստի հայթայթման, թանկացումների հարցերը: Սոված հասարակությանը չես կարող «կերակրել» վերամբարձ գաղափարներով, ինչքան էլ հիշենք, որ 90-ականներին լույս ու հաց չունենալով ազատագրել ենք հողեր, ապահովել ենք անվտանգություն եւ մենք դժվարություններին դիմացող ենք։ Այսօր 2025 թվականն է: Ելնելով այսօրվա իրողություններից՝ պնդում եմ, որ խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որոնք ցանկանում են գալ իշխանության, ստանալ քաղաքացու քվեն, պետք է խոսեն, լուծումներ առաջարկեն սոցիալական կյանքում։
Այս իմաստով, 2025-ն ընդդիմադիրների համար պետք է շատ գործ անելու տարի լինի: Շատ աշխատելու, շատ խոսելու, շատ մշակումներ անելու եւ մարդկանց հետ շատ շփվելու տարի: Քաղաքացին ցանկանում է տեսնել ուժեր, որոնք կբարձրաձայնեն իր խնդիրները եւ լուծումներ կառաջարկեն: Նրանք պատրաստ են կանգնել նման ուժի կողքին եւ նրա հետ անցնել իշխանափոխության դժվարին ճանապարհը, որն իրենց կերաշխավորի սոցիալական կայուն եւ ապահով կյանք։
Կարծիքներ