Մեծ կոլեկտիվ ենք, ամեն ինչ էլ լինում է․ ՇՊՀ ռեկտորը՝ բուհի սկանդալների մասին

Վերջերս անդրադարձել էինք Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող գործընթացներին: Գրել էինք, որ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ մեկնարկել է ամբիոնների վարիչների նոր ընտրական գործընթացը։ Բանն այն է, որ գործընթացը հարթ չի ընթանում: ՇՊՀ-ում սկանդալներն անպակաս են, մեզ պատմեցին, որ ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող դասախոսների եւ իշխանամետ ռեկտորի միջև հաճախ է վիճաբանություն ծագում, նույնիսկ բանն հասնում է հայհոյանքների : Վերջին սկանդալը օրերս Տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնի ընտրության ընթացքում է գրանցվել: Ամբիոնի վարիչի պաշտոնի համար պայքարել է մեկ անձ՝ Արթուր Մկրտչյանը: Սակայն արդյունքների ամփոփումից հետո պարզվել է, որ Արթուր Մկրտչյանը չի ընտրվել ամբիոնի վարիչի պաշտոնում: Մկրտչյանն ափերից դուրս է եկել, հայհոյել ռեկտորին՝ մեղադրելով նրան իր դեմ բացասական տրամադրվածություն ստեղծելու մեջ:
Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանին հակակոռուպցիոնը ձերբակալեց՝ մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, որպես կաշառք ստացել էր տարբեր չափերի գումարներ:
Նշենք, որ Արթուր Մկրտչյանը ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի և մշտապես կոշտ քննադատում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը։ Գյումրիում գրեթե բոլորն են վստահ, որ Մկրտչյանին քաղաքական հետապնդման ենթարկեցին, նրա դեմ հարուցած գործը շինծու է: ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանին հանձնարարված է անել ամեն ինչ, որպեսզի Մկրտչյանը երկրորդ անգամ չընտրվի ամբիոնի վարիչ, ավելին՝ հեռանա բուհից:
Բուհի դասախոսներից մի քանիսն էլ դիմելով «Հրապարակ»-ին ՝ խնդրեցին անանուն հրապարակել իրենց դժգոհությունը՝ աշխատավարձերի հետ կապված: Նրանց խոսքով, այս ամիս աշխատավարձ են ստացել կրճատումներով, որի բացատրությունը չունեն:
ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ է կատարվում բուհում: «Նորմալ գործընթաց է,ժամկետները լրացել են, ընտրվում են ամբիոնների վարիչներ, այդ ամբիոնին մեկ թեկնածու էր առաջադրվել, փակ քվեարկություն էր, չընտրեցին, ի՞նչ պիտի անեինք, նորմալ է ամեն ինչ, մեծ կոլեկտիվ ենք, այդպես էլ է լինում, ամեն ինչ լինում է, բուհը ապաքաղաքական կառույց է, մեր բուհն էլ ամբողջությամբ ապաքաղաքականացված է: Այստեղ ամեն մեկն իր աշխատանք է անում, քաղաքական թեմաներ չեն շոշափվում, թե ով ինչ քաղաքական հայացք ունի ոչ մեկին չի հետաքրքրում, սա կրթական միջավայր է, մենք մեր գործն ենք անում : Մեր բուհը բավականին հարուստ կենսագրություն ունի, միակն է, տարբերվում է , ունենք ռազմական ամբիոն, որտեղ ապագա ռազմագիտության մանկավարժներ ու մասնագետներ ենք պատրաստում, կոտրել ենք կարծրատիպը՝ աղջիկներ ունենք այդ ամբիոնում բավականին»,-մեզ հետ զրույցում ասաց բուհի ռեկտորը:
Մեր հարցին, թե աշխատավարձերի հետ կապված դժգոհություններ կան, պատասխանեց․ «Մենք ամեն ամսվա աշխատանքային առաջին օրը աշխատավարձ ենք ստանում՝ առանց որևէ ուշացումների, իսկ թե ով որքան է ստանում, դա հաստիքացուցակով է սահմանվում, ես չեմ որոշում, գիտեմ, որ բոլորն էլ նորմալ ստացել են» :
Կարծիքներ