Ինչո՞ւ է լռում ԲԴԽ-ն, և ի՞նչ փակ քննարկում են ունեցել երեկ

Ինչո՞ւ է լռում ԲԴԽ-ն, և ի՞նչ փակ քննարկում են ունեցել երեկ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ Hraparak.am-ին ասել էր, որ իրենք օրվա ընթացքում ԲԴԽ անդամներով կհավաքվեն ու կքննարկեն դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ԲԴԽ նախագահին ուղղված դիմումը, որով Պետրոսյանը խնդրում է Ռուբեն Վարդազարյանին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Ես՝ որպես ԲԴԽ նախագահ և օրակարգ ձևավորելու լիազորություն ունեցող անձ, օրակարգում կներառեմ այդ հարցը, կքննարկեմ, չնայած նրան, որ դա ԲԴԽ նախագահի միանձնյա որոշման անհրաժեշտությունն է, ըստ իս, այնուամենայնիվ, ես այդ հարցը կդարձնեմ օրակարգային հարց, կքննարկեմ Բարձրագույն դատական խորհրդում, կլսեմ նաև իմ գործընկերների կարծիքները, իրավական դիրքորոշումը»,-մեզ հետ զրույցում ասել էր պարոն Վարդազարյանը՝ խոստանալով քննարկումից հետո տեղեկացնել նաև իրենց որոշման մասին։ Այսինքն՝ երեկ պետք է ԲԴԽ-ն հայտարարություն տարածեր, որով կա՛մ պիտի մերժեր դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը և բացատրեր՝ ինչու է մերժում, կա՛մ դադարեցներ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները՝ կապված նրա տարիքային ցենզի և օրենքում անհամապատասխանության հետ, ինչի մասին մատնանշել էր իր դիմումի մեջ Կարինե Պետրոսյանը։

Երեկվանից, սակայն, մինչ այս պահը ԲԴԽ-ից որևէ հայտարարություն չկա, Ռուբեն Վարդազարյանի հետ մեր զրույցից 24 ժամ է անցել, սակայն ԲԴԽ-ից լռում են։ Երեկվանից մեր զանգերին չեն պատասխանում ո՛չ Վարդազարյանը, ո՛չ լրատվական վարչության ղեկավարը, ինչն առնվազն տարօրինակ է։

Փոխարենը մեզ հաջողվեց կապ հաստատել ԲԴԽ անդամներից Սերգեյ Չիչոյանի հետ։ Վերջինս մեկ ասաց՝ քննարկում չի եղել, հետո ասաց՝ քննարկում եղել է, բայց փակ է եղել, չի կարող ասել՝ ինչ թեմայով։ Մի խոսքով՝ հասկացանք, որ որևէ նորություն դեռ Ջհանգիրյանի հարցով ԲԴԽ-ն չունի, հավանաբար չի կողմնորոշվում՝ ինչպես վարվել իշխանության սրտի թեկնածուի լիազորությունների մասով բարձրաձայնված հարցի հետ։

«Քննարկում չի եղել՝ որպես այդպիսին»,-մեզ ասաց պարոն Չիչոյանը։

-Իսկ ի՞նչ է եղել։

-Ոչ մի բան էս պահի դրությամբ։

-Այսինքն՝ որևէ որոշում չի՞ կայացվել։

-Ոչ։

-Բայց ԲԴԽ նախագահը երեկ ասում էր, որ պետք է քննեն դատավորի ներկայացրած դիմումը։

-Հա, բայց չի ասել՝ երբ են քննելու։

-Ասում էր՝ երեկ, օրվա ընթացքում։

-Չկա, չկա նման խոսակցություն էս պահի դրությամբ։

-Այսինքն՝ Դուք Ջհանգիրյանի հարցով որևէ քննարկում չե՞ք ունեցել ԲԴԽ անդամներով։

-Ոչ, էս պահի դրությամբ չենք քննարկել։ Փակ քննարկում է եղել, որի տվյալներն էս պահին դեռ չեմ կարող հայտնել, բայց ընդհանուր էդ թեմայով խոսակցություն չի եղել։

-Իսկ ինչի՞ մասին է եղել փակ քննարկումը։

-Դե, որ փակ է եղել, ո՞նց ասեմ՝ ինչի մասին է եղել։

-Նկատի ունեմ՝ փակ քննարկումը Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների՞ն է վերաբերել։

-Ասացի` փակ քննարկում է, էս պահին չանդրադառնանք էդ թեմային։ Ինչ որոշում որ կայացվի, բնականաբար, բոլորդ էլ կիմանաք։

-Մի բան ճշգրտենք, պարոն Չիչոյան․ Ռուբեն Վարդազարյանը երեկ ասաց, որ իրենք քննարկում կկազմակերպեն այդ թեմայով․․․

-Ճիշտ է, ես էլ ասացի՝ կկազմակերպեն, բայց չի ասել՝ երեկ է եղել էդ քննարկումը։

-Բայց ասում եք՝ փակ քննարկում է եղել, ամեն դեպքում։

-Բայց չասացի՝ այդ թեմայով է եղել։

-Հիմա Ջհանգիրյանի լիազորությունների դադարման վերաբերյալ երեկ քննարկում ունեցե՞լ եք, թե՞ ոչ։

-Չենք ունեցել նման քննարկում, ոչ։