123 պետություն պարտավորվել է համագործակցել միջազգային հանցագործությունների դեմ պայքարում եւ պատժել պատերազմական հանցագործներին՝ իրենց հողում

123 պետություն պարտավորվել է համագործակցել միջազգային հանցագործությունների դեմ պայքարում եւ պատժել պատերազմական հանցագործներին՝ իրենց հողում

Մեր զրուցակիցն է Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը։

- Երեկ համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում անզեն հայ գերիներին։ Ինչպե՞ս Ադրբեջանին կանչել պատասխանատվության՝ միջազգային իրավական հարթակների միջոցով։

- Այո, հնարավոր է։ Եվ պատասխանատվության բանալին գտնվում է Հայաստանի ձեռքում, երբ նա անդամակցի Միջազգային քրեական դատարանին կամ ճանաչի Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Դրանով կնպաստի նրան, որ դատարանը սկսի հետաքննություններ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։  
Որքանով որ տեղեկացված եմ, Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ արդեն լրացումներ է կատարել Միջազգային արդարադատության դատարանում իր բողոքում, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այս ապացույցները նրանով են կարեւոր, որ արձանագրում են պատերազմական հանցագործությունների եւ ռասայական խտրականության կապը։ Սա պայմանավորված է նրանով, որ տուժողները թիրախավորվում են ոչ թե իրենց անձի, այլ պատկանելության պատճառով։

- Դուք առաջիններից էիք, որ նախաձեռնել է քրեական գործերի հարուցում ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ, որոնց մասնակցությունը հայերի դեմ ռազմական հանցագործություններում փաստագրված է։ Այս պարագայում հնարավո՞ր է նույն եղանակով որոշակի պատժիչ մեխանիզմներ կիրառել ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ՝ Ադրբեջանից դուրս ընթացող գործընթացներով։

- Այո, հնարավոր է եւ հարկավոր է։ Մինչդեռ ՀՀ-ն գործի չի դրել Միջազգային քրեական դատարանի գործիքը, անհրաժեշտ է ալտերնատիվ եղանակներով հասնել քրեական պատասխանատվության։ Ցանկալի կլիներ, որ սփյուռքի բոլոր փաստաբաններն իրենց բնակության երկրներում նմանատիպ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնեին եւ մեդիայի միջոցով պահանջեին իրենց իշխանություններից այդ գործերի հետաքննությունը`օգտվելով իրենց քրեադատավարական իրավունքներից, ինչպես, օրինակ, տուժողների իրավունքներից (partie civile)։

- Իրավական ոլորտը, հատկապես՝ միջազգային իրավունքի ոլորտը, հիմա անբաժան է քաղաքականությունից։ Հաշվի առնելով Ադրբեջանի կարեւորությունը Եվրոպայի համար, մասնավորապես էներգետիկ ռեսուրսների հետ կապված պայմանագիրը, էներգակիրների արտահանման ծավալների ավելացումը Եվրոպա ու դրա կարեւորության մասին արվող հայտարարությունները Եվրամիության կարկառուն դեմքերի կողմից՝ արդյոք կարո՞ղ ենք ակնկալել միջազգային իրավական հարթակների անկողմնակալությունն այս հարցերում:

- Քաղաքական առումով կդժվարանամ պատասխանել այս հարցին։ Սակայն պետք է նաեւ արձանագրեմ, որ այստեղ եւս կա իրավական գործիքակազմ։ Եվրոպական միությունը հայտարարել է, որ մոտ ապագայում բոլոր այն կազմակերպությունները, որոնք մատակարարվում են արտասահմանյան այնպիսի ընկերություններից, որոնք իրենց մասնակցությունն ունեն մարդու իրավունքների ոտնահարմանը, կարող են ենթարկվել պատասխանատվության եւ ոչ միայն վարչական, այլ նաեւ՝ քրեական, քանի որ իրենց տնտեսական կապերով աջակցել են մարդու իրավունքների ոտնահարմանը։ Օրինակ, այսօր Ֆրանսիայի դատարաններից մեկում քննվում է ցեմենտ ներկրող ֆրանսիական LAFARGE ընկերության գործը, որի ղեկավար մարմինը մեղադրվում է Իսլամական պետության հետ համագործակցելու եւ, այդպիսով, եզդիների ցեղասպանությանն օժանդակելու մեջ։ Սա նշանակում է, որ ԵՄ դիրեկտիվայի առաջարկով (Proposal for a Directive on corporate sustainability due diligence and annex), որ բոլոր այն եվրոպական կազմակերպությունները, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ, կարող են ենթարկվել տարատեսակ տուգանքների եւ տույժերի։ Սակայն դրա համար հարկավոր է, որ հայ փաստաբաններն այդ գործերով զբաղվեն եւ բերեն իրենց ազգային ընկերությունների պատասխանատվության։ Ֆրանսիայում (Loi de Vigilance) եւ Գերմանիայում (Lieferkettensorgfaltspflichtengesetz) կան արդեն օրենքներ, որոնք այստեղ գտնվող կազմակերպություններին պարտավորեցնում են զգուշանալ մարդու իրավունքները ոտնահարող արտասահմանյան ընկերություններից։

- Հայաստանի իշխանություններին խորհուրդ կտաք՝ ի՞նչ գործիքակազմ կիրառեն։

- ՀՀ-ն պետք է երկարաժամկետ ստրատեգիկ ծրագիր ունենա։ Սա, թվում է, այսօր երեւացող չէ, եւ մենք միայն դրանց արձագանքում ենք իմպուլսային։ Այո, պատերազմական հանցագործությունները եղել են, եւ միայն դրանց մի փոքր մասն է հասանելի դարձել։ Իրականում, պատերազմական հանցագործությունները շատ ավելին են։ Դրանք պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվեն, համակարգվեն պետության կողմից։ Կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք զբաղված են ապացույցների հավաքագրմամբ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ աշխատանքը պետք է պետությունը կենտրոնացնի։ Օր առաջ անհրաժեշտ է, որ այս ծրագիրը լրջորեն մշակվի, ինչպես նաեւ ռիսկերի գնահատում արվի՝ հնարավոր սցենարներով եւ կանխատեսումներով։

- Մոտավոր քանի՞ երկրում է հնարավոր պատասխանատվության կանչել ադրբեջանցի ռազմական հանցագործներին։

- Միջազգային քրեական դատարանին անդամակցում են 123 պետություններ։ Բոլոր այդ պետությունները պարտավորված են համագործակցել միջազգային հանցագործությունների վերաբերյալ եւ պատժել պատերազմական հանցագործներին իրենց հողում։