ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում տարբեր երկրնե՞ր են․ Զախարովան՝ ՀՀ իշխանություններին

ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում տարբեր երկրնե՞ր են․ Զախարովան՝ ՀՀ իշխանություններին

Հայաստանի իշխանությունները սկսել են սահմանափակել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական համագործակցությունը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տնտեսությունը ցույց է տալիս մարդկանց, ընկերությունների, բիզնեսի շահագրգռվածությունը կապերի սերտացման և ամրապնդման համար, իսկ չգիտես ինչու, քաղաքական վերնախավը լրիվ հակառակն է անում։ Ռուսաստանը շահագրգռված է լիաֆորմատ համագործակցության վերականգնմամբ, մանիպուլյատիվ հռետորաբանությունից լիարժեք փոխգործակցության անցմամբ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Զախարովայի խոսքով՝ Երևանի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կազմում նույն երկրները չեն, մինչդեռ կորիզը միասնական է (միայն Տաջիկստանը ներառված չէ ԵԱՏՄ-ի մեջ-խմբ.):
Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ի մասին Հայաստանում կարծես միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում որոշակի քաղաքական ուժերի կողմից։ Հավելում է՝ խոսակցությունները, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանը, ճիշտ չեն:
«Ինչ էլ որ լինի, այդ պատրվակով (Հայաստանը չպաշտպանելու) երկրի ղեկավարությունը սահմանափակել է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական համագործակցությունը։ Այդ համագործակցությունը Երևանն անընդհատ կրճատում է։ Սրան հակառակ՝ Հայաստանը սկսել է արագացված տեմպերով մերձենալ Արևմուտքի հետ։ Այս ամենի մեջ ինչ-որ մանիպուլյատիվ բան կա»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Հայաստանի միջազգային քաղաքականության վրա փորձում է ճնշում գործադրել Արևմուտքը, և դա հաստատում են արևմտյան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանը Ռուսաստանից պոկելու փորձերի մասին:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մեղադրել էր ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությունն անվանելով սպառնալիք Հայաստանի ինքնիշխանության համար: Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ Երևանը չի պատրաստվում խզել տնտեսական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ:

Նշենք, որ 2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտուրը կազմել է ռեկորդային 7,4 մլրդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում ցուցանիշն աճել է մինչև 8,4 մլրդ դոլար։