Իշխանության մի թեւը մյուսին հրահանգներ է իջեցնում

Իշխանության մի թեւը մյուսին հրահանգներ է իջեցնում

Այն, որ խայտառակ օրենսդիր մարմին ունենք՝ օրենքից ու օրինականությունից շատ հեռու կոճակ սեղմողների բազմությամբ, ոչ մեկի համար նորություն չէ։ Բայց չի կարող մի ահռելի խորհրդարան՝ 132 պատգամավորով եւ հսկայական աշխատակազմով այսքան շատ ու այսքան հաճախ օրենքներ ոտնահարել։ Այդ բազմության մեջ մեկը կամ մի քանիսը հաստատ հասկանում են, թե ինչ է կատարվում եւ կարող էին կանգնեցնել, զսպել օրենքը խախտելու ոմանց կիրքը։ Ի վերջո, եթե անգամ հետո՝ դատարանի առաջ, պատասխան չտան, ամոթ կա, պարկեշտություն կա, անգրագետի խարան կա, ինչպե՞ս կարելի է այդքան անփույթ լինել սեփական իմիջի, բարոյական կերպարի հարցերում։ Չէ որ կյանքը 2020 թվականին չի ավարտվելու, վաղն էլ են ապրելու՝ ընտրողից քվե են խնդրելու, կամ՝ որեւէ հիմնարկում աշխատանքի են անցնելու։ Ինչպես են նայելու մարդկանց աչքերին։

Թերեւս նրանց թվում է, թե կոլեկտիվ պատասխանատվությունը կոլեկտիվ անպատասխանատվություն է նշանակում, բայց ժամանակին էլ էին մարդիկ այդպես մտածում, հետո եղավ հեղափոխությունը եւ մարդիկ սկսեցին մեկիկ-մեկիկ պատասխան տալ իրենց արած-չարածի համար։ Ընդ որում՝ չարածների համար ավելի շատ, քան արածների։

Չկա օր, որ մեր օրենսդիր մարմինը մի խայտառակ քայլ չանի։ Մի օր մեռելածին օրենք են ընդունում՝ մի մարդու պես քվեարկելով մի բանի համար, որի հանդեպ հավատ չունեն, իսկ եթե որոշ մարդիկ հանկարծ խուսափում են քվեարկելուց եւ, ասենք, նիստին չեն մասնակցում, վարչապետը նրանց սեւ ցուցակ է գցում եւ ամբողջ պետական մեքենան ուղղում նրանց դեմ։ Մյուս օրը 131 հոգով լուծում են Նիկոլ Փաշինյանի վրեժը ինչ որ մարդկանցից՝ նրանց հանդեպ անձամբ չունենալով որեւէ բացասական վերաբերմունք։ Երրորդ օրն ընդունում են օրենքներ, հաջորդ օրը պարզվում է կիսատ են ընդունել, չեն իմացել, որ ուրիշ փոփոխություններ էլ պետք է արվեին։ Եւ դա այն պատճառով, որ առաջին պլան են մղվել իրավաբանության հետ կապ չունեցող անձինք, որոնք սխալ խորհուրդներ են տալիս, բայց արժանանում են վարչապետի հավանությանը, մինչդեռ՝ խորհրդարանում կան մարդիկ, որոնք ավելի լավ են պատկերացնում օրենսդրական դաշտը, բայց ձայնի իրավունքից զրկված են։

Իսկ այսօր խորհրդարանը գերազանցեց իր բոլոր նախորդ ապօրինությունները՝ գրությամբ դիմեց Սահմանադրական դատարանին, առաջարկելով հետաձգել հուլիսի 7-ի նիստը, որպեսզի ծանոթանան ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի եզրակացություններին Ռ․Քոչարյանի գործով։ Մի կողմից այս գրությունն այնքանով է ամոթալի, որ վերջնականապես բացահայտում է իշխանությունների սեւեռվածությունը Ռոբերտ Քոչարյանի անձի եւ գործի նկատմամբ։ Ամբողջ երկիրը, նրա շահերը, իշխանությունների բոլոր գործողությունները, փաստորեն, միտված են այս մեկ գործին։ Եւ քանի որ ՍԴ նախկին կազմը՝ ստանալով ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի պատասխանները, ակնհայտորեն, հօգուտ Քոչարյանի է կայացնելու հուլիսի 7-ի որոշումը, փորձում են ամեն գնով հետաձգել այս նիստը, որ հասցնեն նոր դատավորներ ընտրել եւ իրենց քիմքին հաճելի որոշում կորզել նոր ՍԴ-ից։ 

Դիմել ՍԴ՝ խնդրելով հետաձգել նիստը, իբրեւ թե որ իրենք հասցնեն ծանոթանալ Եվրոպայից ստացված պատասխաններին, միայն առաջին հայացքից է ընդունելի։ Ցանկացած իրավաբան ու գրագետ մարդ կհասկանա, որ Ազգային Ժողովը եւ դատական համակարգը իշխանությունների երկու տարբեր ճյուղեր են եւ մի ճյուղն իրավունք չունի մյուսի քայլերի վրա ներազդելու, մյուսներին հրահանգներ իջեցնելու։ Ասենք, ՍԴ-ն վաղը կարո՞ղ է դիմել ԱԺ՝ առաջարկելով հետաձգել հերթական կամ արտահերթ նիստը, որովհետեւ ինքն ուզում է ծանոթանալ օրակարգ մտած հարցերին ու նախագծերին։ Սա անօրինականության գագաթնակետն է, որին հասել ենք այս երկու տարում՝ ոչնչացնելով օրենսդիր մարմինը, այն ծառայեցնելով մեկ անձի քմահաճույքներին։ Խախտելով ու զրոյացնելով իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը։ Դատական համակարգը փորձելով ենթարկեցնել օրենսդիր ու գործադիր մարմնի կամքին։ Սա, ինչպես ասում են, վերջն է։ 

Սա նաեւ մի բանի մասին է վկայում, որ իր ցանկություններին հասնելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնում ոչնչի առաջ՝ ոչ օրենքի, ոչ Սահմանադրության սահմանափակումներն են գործում, ոչ բարոյական արգելակները, ոչ էլ անգամ այն, որ հասարակության մի մեծ հատվածի համար սա մեծ հիասթափություն է, որ օրենքն ու օրինականությունը երկրում վերականգնելու լոզունգներով իշխանության եկած անձը կարող է այսքան կամայական լինել եւ իր կապրիզները վեր դասել ամեն ինչից։

Սվետա Մարտիրոսյան