Մեր պարտությանը նպաստեց ամեն ինչ

Մեր պարտությանը նպաստեց ամեն ինչ

Հարցազրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Արտակ Դավթյանի հետ

- Վստահաբար՝ տեղյակ եք Մովսես Հակոբյանի հայտարարություններից։ Նախ՝ ինչպե՞ս կգնահատեք ՊՆ այն հայտարարությունը, թե Մովսես Հակոբյանը ե՛ւ կեղծ, ե՛ւ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հրապարակել։ Այդպես ինչպե՞ս կարող է լինել։

- Թե ով է ասել սուտ, ես չգիտեմ, բայց շատ բաներ ինքը ներկայացրել է ոչ ճիշտ եւ իրականությունից կտրված։ Թե ինչպես, կարող եք հարցնել նրանց, ով որ գրել է, ես միայն կարող եմ ասել, որ իր ներկայացրածի մեծ մասը չի համապատասխանում իրականությանը։ Միանշանակ։ Եվ շատ բաներ ներկայացնում է համատեքստից կտրված։ Օրինակ, ասում է 5 գունդ կրճատելու վերաբերյալ, բայց շարունակությունը չի ասում, թե դրա փոխարեն ինչ է կատարվել եւ ոնց։ 

- Նկատի ունեք այն, որ 11 զինծառայողից դարձել է ի՞նը։

- Նաեւ դա նկատի ունեմ, որ էդ թվերն էլ չեն համապատասխանում իրականությանը։ Ինքն ուղղակի չի տիրապետում։

- Իսկ այն, որ 5-րդ օրը դադարել է լրահամալրումը, Հակոբյանի գնահատմամբ՝ հույժ բարդ եւ կարեւոր գործընթաց։

- Ճիշտն ասած՝ թվերին չեմ տիրապետում, միայն կարող եմ ասել հետեւյալը․ եթե ինքն ասում է, որ Ստեփանակերտը 30, թե 40 տոկոս է եղել լրահամալրումը։ Ինքն էդ ժամանակ գտնվում էր Ստեփանակերտում։ Երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար, թող իր հեղինակությունն օգներ, թիվը մեծացներ։

- Դե, ասաց, որ բունկերում Աննա Հակոբյանին նկատողություն անելուց հետո իրեն հեռացրել են, ուղարկել Երեւան, ու այլեւ չի կարողացել Ղարաբաղ մեկնել։

- Այսինքն՝ իրեն ինչ-որ մեկը խանգարո՞ւմ էր, որ կազմակերպեր, իր հեղինակությունն օգտագործեր, որպեսզի 30 տոկոսը դառնար 50 տոկոս կամ 60։ Իր գործն է, մնացած հարցերն իրեն ուղղեք։

- Այնուամենայնիվ, Ձեր գնահատմամբ՝ մոբ-ը ճի՞շտ կազմակերպվեց։ Նիկոլ Փաշինյանն էլ էր դժգոհ։

- Գիտե՞ք ինչ կա․ պետք է վերլուծվի, ես մեծ ուրախությամբ կարող եմ մասնակցել վերլուծական էդ խմբին կամ․․․ օգնեմ, որովհետեւ պետք է հասկանանք։ Հիմա ասում եք՝ ինչքան պետք է կանչեին, իսկ ինչքա՞ն է եկել։ Թվերը ես չունեմ։ Որակական ցուցանիշների հետ կապված․ քանի՞սն են փախել, քանի՞սն են զոհվել։ Ես չունեմ թվեր, որպեսզի տամ գնահատական։ Գնահատականի համար ուղղակի մերկապարանոց հայտարարել, ինչ-որ մեկին մեղադրել չեմ կարող։

- Օնիկ Գասպարյանն ասաց, որ պատերազմի 4-րդ օրը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը դադարեցնելու համար։ Այսինքն՝ կարելի է այնպես հասկանալ, որ պատերազմը պետք էր կանգնեցնել չորրորդ օրը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

- Այդ մեկնաբանության համար, ինձ թվում է, պետք է ԳՇ պետին հարցնել, քանի որ ինքն է տիրապետում ամբողջ ծավալով դրան։ Ես ի պաշտոնե չեմ կարող տիրապետել ինֆորմացիային, չեմ ունեցել տվյալ տեղեկատվությունը, որ հիմա դրա վերաբերյալ բան ասեմ։

- Պատերազմի ողջ ընթացքում այն մարդիկ, որոնք լսում էին Արծրուն Հովհաննիսյանին, դատափետում էին նրանց, ովքեր փորձում էին ասել, որ շրջաններ ենք կորցնում։ Եվ մի օր էլ պարզվեց, որ թուրքը Շուշիի մատույցներում է, եւ Շուշին մի քանի ժամից ընկավ։ Մինչդեռ անգամ երկրորդ աշխարհամարտի ժամանակ հասարակությանն այսքան չէին մոլորեցնում՝ չէին թաքցնում, որ ընկավ այսինչ քաղաքը։ Արդյոք այդ կեղծ ռազմահայրենասիրությունը ե՞ւս չնպաստեց մեր պարտությանը։

- Մեր պարտությանը նպաստեց ամեն ինչ, եթե ամբողջ համակարգով նայենք։ Իսկ հայտարարությունները․․․ մենք ցույց էինք տալիս ինտերակտիվ քարտեզ․ բավականին ճշգրիտ, որը ցույց էր տալիս հակառակորդի հաջողությունները, բնագծեր եւ այլն։ Իսկ մնացածը, թե ինչ ծավալով պետք է անեին, արդեն տեղում էր որոշվում։ Իրենք էին կատարողները, պատասխանատվությունն իրենցն էր, եւ ամեն ինչ պետք է հասկանալ կոնտեքստով։ Իսկ ի՞նչ պետք է հայտարարեր Արծրունը․․․ Մովսես Հակոբյանը որ ասում է՝ 1500 հոգի փախել էին․․․ երրորդ օրը պետք է հայտարարեինք, որ 1500 հոգի փախա՞ծ է։

- Ամեն դեպքում, Ձեր կարծիքով՝ այս ամենի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է։

- Ով որ տեղեկատվական ոլորտում մշակում է տեղեկատվության տրամադրումը, տվյալ ոլորտի պատասխանատուներն էլ, բնական է,  պետք է կրեն պատասխանատվություն, եթե համարում եք, որ այնպես է, ինչպես Դուք եք ասում։ Ես չեմ կարողացել ուսումնասիրել, պիտի ուսումնասիրվի․ ի՞նչ նպատակ էր դրված տեղեկատվական այդ հակապայքարի խնդիրներում․ մոլորեցնել  հակառակորդի՞ն, մոլորեցնել միջազգային հանրությա՞նը, մոլորեցնել մե՞զ, մոլորեցնել, չգիտեմ, զորքի՞ն։ Խնդիրը պետք է հասկանալ, դրա կատարման աստիճանից որոշվեն մեղավորության կամ անմեղության հարցերը։

- Իսկ այս ամենի, այս պարտության, կորուստների պատասխանատվությո՞ւնն ում վրա է․ Արցախի, Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, ՊՆ-ի, Գլխավոր շտաբի՝ ո՞ւմ։ 

- Դրա վերաբերյալ, ինձ թվում է, առաջին դեմքերի մակարդակով հայտարարություններ արվել են պատասխանատուների վերաբերյալ, եւ ես այլեւս չեմ մեկնաբանի։ Պատասխանատուներն ասել են՝ ով է մեղավոր, ով իր վրա է վերցրել։

- Այո, Նիկոլ Փաշինյանն ընդունեց իր մեղքը։

- Դե որ ասել է, ասել է․․․ վարչապետն ասել է՝ պատասխանատուն ես եմ, ԳՇ պետն իր հայտարարության մեջ ասել է, որ որպես ԳՇ պետ՝ պատասխանատուն ես եմ՝ իր մասով։ Այսինքն՝ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուները հստակ կան։ Ինչպես, ասենք, Ռազմարդյունաբերության կոմիտեի համար ես եմ եղել պատասխանատու։ Այսինքն, յուրաքանչյուրը՝ իր ոլորտում։

- Ստացվում է՝ կոլեկտիվ անպատասխանատվություն։

- Ինչի՞ կոլեկտիվ, ես, օրինակ, Ռազմարդյունաբերական կոմիտեի համար եղել եմ պատասխանատու, էդտեղ Ձեր ասած կոլեկտիվ անպատասխանատվությունը որտե՞ղ է։ ԳՇ պետն ասաց՝ իմ պատասխանատվությունն է, վարչապետը՝ իմ։

- Իսկ միայն ասելը՝ պատասխանատու եմ, բավարա՞ր է։ Նման ջախջախիչ պարտությունից շատ ավելի պակաս դեպքերում են մարդիկ հրաժարականներ տալիս։

- Հարցրեք այն մասին, որն իմ իրավասության տակ է, կպատասխանեմ։