Հ1-ի տնօրենի մրցույթին որևէ մեկը դեռ չի դիմել

Հ1-ի տնօրենի մրցույթին որևէ մեկը դեռ չի դիմել

Սեպտեմբերի 18-ին լրանում է Հ1-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը, սակայն որեւէ մեկը երեկվա դրությամբ հայտ չէր ներկայացրել։ Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից։ «Կարծում եմ՝ վերջին օրերին են միշտ թողնում, ու պիկը վերջին օրերին է, էլի, լինում»,- մեկնաբանեց քարտուղարը, որը կարծես մի տեսակ անհարմար էր զգում այդ փաստից։ 

Թե ինչու է այդպես, կարծում ենք, առանձնապես խորը վերլուծական գիտելիքներ պետք չեն՝ հասկանալու, թե ինչու։ Բոլորը գիտեն, որ մրցույթն ուղղակի  ֆորմալ մի բան է, եւ իրենց մասնակցությամբ իրենք ընդամենը «մասսովկա» են ապահովելու։ Ի դեպ, նույն բանը չի կարելի պնդել Ռադիոյի տնօրենի 2019-ի մրցույթի վերաբերյալ, երբ 2018-ի հեղափոխության հիշողությունները դեռ շատ թարմ էին, եւ շատերը նոր Հայաստանում իրական մրցույթի ակնկալիքներ ունեին։ 

Հիշեցնենք, որ Հ1-ի տնօրենի «ընտրության» համար ընտրվել է մի անհասկանալի՝ 5 հոգանոց կազմ, որոնցից առնվազն չորսը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արա Շիրինյանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մեկ մարդու նման կորոշեն իշխանական թեկնածուին՝ մեկ մարդու քաղաքական որոշման արդյունքում։ Եվ այդ մեկ մարդը կլինի Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, թերեւս, դեռ որոշելու է դիլեման՝ կգնա՞ հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Հ1, թե՞ ոչ։ Ենթադրում ենք, որ որոշում դեռ չկա, որովհետեւ իշխանության «բ» տարբերակը՝ Հ1-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանը (Մովսիսյանի՝ Հ1 չգնալու որոշման դեպքում՝ իշխանական թեկնածուն), «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չունի։ Թերեւս այսօր կունենա։ Ի դեպ, պարոն Սարգսյանը դեռ որոշում չունենալը բացատրեց նոր եթերաշրջանով ու սեպտեմբերի 21-ով։ «Վաղը կնայեմ հայեցակարգը, կհասկանամ»,- ասաց Արմեն Սարգսյանը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի մասին, թերեւս, այսօր որոշում ընդունի։ Ի դեպ, նա չի արձագանքում զանգերի ու առաջադրվելու մասին Ֆեյսբուքի մեսենջերով ուղարկված գրություններին։ Թեեւ նախկինում էլ իր առաջադրվել-չառաջադրվելը չէր մեկնաբանել՝ պատրվակ բերելով, թե մրցույթ հայտարարված չէ։

Արդեն տեղեկացրել էինք, որ Հ1-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանն էլ եթե դնի թեկնածությունը, ապա կհայտնվի արտոնյալ վիճակում, քանի որ մրցութային հանձնաժողովից առնվազն 2 հոգի՝ Արայիկ Հարությունյանն ու Նունե Սարգսյանը, շատ սերտ կապեր ունեն նրա հետ, քանի որ Նունե Սարգսյանն Արմեն Սարգսյանի նախկին ղեկավարն է (իր գործունեությունը սկսել է «Ինտերնյուսից»), իսկ ԿԳՄՍ նախարարն էլ նրա հարսանիքի խաչքավորն է։ Եվ անգամ Արմեն Սարգսյանը, մեզ հետ զրույցում ազգակցական կապը հերքելով, չթաքցրեց, որ լավ ընկերներ են դեռ 2000-ականներից։ Ահա, այսպիսի «մրցույթ»։

Ինչեւէ, Հ1-ի տնօրենի մրցութային  պահանջներից են՝  բարձրագույն կրթությունը (գերադասելի է վերջին 10 տարում հեռուստատեսային եւ մեդիա լրագրության ոլորտի մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցություն), հեռուստատեսային արտադրանքի կազմակերպման եւ իրականացման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ, ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման եւ կառավարման հմտություններ, մեդիային վերաբերող օրենսդրության ու իրավական ակտերի իմացություն, ինչպես նաեւ՝ հայերենի, ռուսերենի, անգլերենի բավարար իմացություն։ Եվ եւս մեկ անհրաժեշտ փաստաթուղթ՝ հեռուստատեսության զարգացման ծրագրի հիմնադրույթներ՝ 5 էջի վրա։