Քննչական կոմիտեն ազգային թշնամանք է հրահրում

Քննչական կոմիտեն ազգային թշնամանք է հրահրում

Քիչ առաջ տարածված հաղորդագրությամբ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարել է, թե քանի մարդու նկատմամբ է քննություն ծավալել, քանիսն են ձերբակալված, քանիսը կալանավորված։ Այդ հայտարարությունը կրկին ապացուցում է, թե ինչպես են իավաբանության «հերն անիծել» այս ոչբարով իրավապահները։ Քաղաքական պայքարը ՔԿ-ն գնահատում է որպես «զանգվածային անկարգություններին մասնակցություն» եւ մտցնում է համապատասխան հոդվածի տակ, հանրահավաքներին մասնակցելու կոչերը՝ որպես «զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր», իշխանափոխության եւ հրաժարականի պահանջը՝ որպես «բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտել», պատգամավորներին եւ պաշտոնյաներին ուղղված մեղադրանքները եւ նրանց ուղղված կոչերը, թե՝ ուշքի եկեք, երկիրը տանում եք դեպի կործանում, հետ կանգնեք ձեր ազգակործան քաղաքականությունից, Քննչականը գանահատում է որպես «տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնության և բռնությունն արդարացնելուն ուղղված հրապարակային կոչեր»։ 

Բայց ամենաարտառոցն այն է, որ հենց Քննչական կոմիտեն է Արցախի ու արցախցիների նկատմամբ ատելություն եւ թշնամանք հրահրում։ 

Ահա Արգիշտի Քյարամյանի հանճարեղ մտքի արգասիքը․ «Նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հատկապես հասարակական կարգը վտանգող զանգվածային անկարգություններում քիչ չեն ներգրավված ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի բնակիչ հանդիսացող անչափահասները։ Դրա մասին է վկայում նաև այն իրողությունը, որ ձերբակալված անձանցից 4-ը եղել են անչափահաս»։

Իսկ որ 2018-ին՝ մանկապարտեզից սկսած, տարրական դասարանների աշակերտներից մինչեւ բանակի զինծառայողներ, բոլորին Նիկոլ Փաշինյանը փողոց էր հանել, ոչ մի իրավապահ մարմին իրեն թույլ չտվեց նման հայտարարություններ անել եւ քրեական գործեր հարուցել։ Առավել եւս ոչ մի քննչական մարմին իրեն թույլ չէր տալիս Արցախի անունը շահարկել եւ իշխանամետների ու իրենց ֆեյքերի թիրախը դարձնել Հայաստանում ապրող արցախցիներին՝ այն, ինչ անում է ՔԿ-ն այսօր։