25 րոպե, որ ամոթահար թողեց Հայաստանը

25 րոպե, որ ամոթահար թողեց Հայաստանը

Երբ 2017թ. Նիգերիայի նախկին նախագահ Օբսանանջոն հյուրընկալվեց բրիտանական HARDtalk ծրագրին, նիգերական թերթերից մեկը գրեց. «Դա պատմական հարցազրույց էր. Օբսանանջոյին մարտահրավեր էր նետվել:  Սակուրը եթերում խորովեց նրան»: Ավելի վաղ, «Ծանր զրույցի»  ավարտին, երբ Սակուրը Օբսանանջոյին մեղադրեց կոռուպցիայի մեջ, վերջինս քրթմնջաց. «Իմ փաստաբանները կկապվեն Ձեզ հետ»:

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալ Գորը Սակուրին մեղադրեց «անձնական վենդետա իրականացնելու մեջ բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են փրկել մոլորակը»: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հրաժարվել է մասնակցել «Ծանր զրույցին», իսկ երբ Հարավսլավիայի նախկին նախագահ Սլաբոդան Միլոշեւիչի կինը, արեւահարվելու պատճառաբանությամբ, հրաժարվեց հյուրընկալվել HARDtalk-ին, Սթիվըն Սակուրը արեւայրուքից պաշտպանվելու համար նրան մի տուփ հունական յոգուրտներ ուղարկեց: «Ես զարմանում եմ մեր որոշ հյուրերի վրա, որոնք համաձայնում են մասնակցել HARDtalk-ին, հավանաբար, նրանք համարում են, որ դա պատվո շքանշան է»,- 2017թ. ապրիլին, HARDtalk-ի 20-ամյակի առիթով, նկատել է ծրագրի խմբագիր Քերրի Քլարքը:  

Հայաստանում եւ Սփյուռքում եւս շատերը տարակուսեցին, երբ օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Սթիվըն Սակուրի «Ծանր զրույցին»: Մանավանդ որ Փաշինյանի կառավարության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը 2019թ. հոկտեմբերի 25-ին, իր անթերի անգլերենով հանդերձ, Սակուրի հետ հարցազրույցում խարխափում էր ոչ միայն մեծ քաղաքականության չիմացության, այլեւ սեփական երկրի արտաքին քաղաքական խնդիրների անտեղյակության խավարում: 

2020թ. օգոստոսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Դանկոյի պես սիրտը հանեց որպես վառվող ջահ եւ գնաց ցրելու «Ծանր զրույցում» Հայաստանի համբավի խավարը: Սակայն Սակուրի հրաբխի խառնարանում Նիկոլ Փաշինյանը ինքը վառվեց-անէացավ: Եվ որքան էլ ՀԱԿ-ում Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ Լեւոն Զուրաբյանը, հուսահատ նկատի, թե «Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ այդ երկու հարցազրույցներն ընդհանրապես չկայանային», սակայն թե՛ Մնացականյանի, թե՛ Փաշինյանի ցավալի  ձախողումները «Ծանր զրույցում» այլեւս ծանր փաստեր են։ 

Սթիվըն Սակուրն արտերկրում BBC-ի արտասահմանյան թղթակիցն է եղել 15 տարի շարունակ․ լուսաբանելով համաշխարհային պատմաքաղաքական իրադարձություններ՝ Գերմանիայի վերամիավորումից մինչեւ Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխությունը, Պարսից ծոցի պատերազմից մինչեւ Սադամ Հուսեյնի գահանկումը՝ նա հարցազրույցներ է վարել  համաշխարհային քաղաքականություն կերտողների՝ պետությունների նախագահների, բռնապետների, հեղափոխականների հետ եւ այս տարվա օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Ծանր զրույցի» հրավիրելով՝ Հայաստանին հնարավորություն էր ընձեռել միջազգային հանրության առջեւ ներկայանալու սեփական պատասխաններով եւ ձգտումներով: Սակայն BBC World News-ով աշխարհի 200 երկրներում հեռարձակվող «Ծանր զրույցի» 85 միլիոնանոց հեռուստալսարանի եւ 66 միլիոն ռադիոունկնդիրների մոտ Հայաստանը գլխահակ եւ ամոթահար մնաց. ՀՀ վարչապետը քաղաքական մրցասպարեզում հարված հարվածի հետեւից ստանալով՝ այդպես էլ ոչ մի լուրջ պատասխան չտվեց, հակափաստարկ, հիմնավորումներ եւ մեկնաբանություն չներկայացրեց, նպատակներ եւ խնդիրներ չսահմանեց: 

«Դուք իշխանության եկաք՝ խոսելով այն մասին, որ պետք է Ադրբեջանի հետ խաղաղության ուղի գտնել, սակայն անցյալ ամիս մենք Լեռնային Ղարաբաղում նոր բախումների, նոր հակամարտության ականատեսը եղանք», «Գործերն ավելի պերճախոս են, քան խոսքերը. մենք տեսանք, որ հուլիսի կեսին հայկական ուժերը հրետակոծում էին գյուղերը՝ բախման սահմանից անդին», «Բախումներին նախորդած ամիսների ընթացքում Դուք Ձեր հայտարարություններով էապես նպաստեցիք լարվածության մեծացմանը։ Օրինակ, ինչո՞ւ անցյալ տարի օգոստոսին Ստեփանակերտում հայտարարեցիք. «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Դուք հավաքվածների հետ միասին սկսեցիք վանկարկել ազգայնական կոչեր, ինչը կարելի է դիտել որպես Ադրբեջանի նկատմամբ ուղղակի սադրանք»՝  Սակուրի այսեւայլ ծանր մեղադրական հարցերին ՀՀ վարչապետ Փաշինյանի պատասխաններն անթույլատրելիորեն խղճալի էին: Նա ընդամենը կրկնեց կարգավորման սեփական անհեթեթ թեզը․ «Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարում եմ, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց, ցավոք, Ադրբեջանի նախագահը չարձագանքեց իմ առաջարկությանը», ապա սկսեց պաշտպանվել հարձակումներից. «Մենք Ադրբեջանին առաջարկում ենք հրաժարվել ուժի գործադրման որեւէ հնարավորությունից»: 

Սթիվըն Սակուրը նաեւ փաստերն աղավաղված ներկայացրեց, երբ Հայաստանին մեղադրեց «պատերազմական հանցագործությունների մեջ»՝ ընդգծելով․ «Արդյո՞ք դուք պատրաստվում եք ընդունել դրանք եւ ներողություն խնդրել նախկինում կատարվածի համար»: Նիկոլ Փաշինյանի պատասխանն ապշեցրեց ու զայրացրեց իր պարզամտությամբ, անատամությամբ եւ իրականությունը չաղավաղելու հորդորի բացակայությամբ. «Ցանկացած պատերազմ ողբերգությունների շղթա է, այդ իսկ պատճառով մենք ասում ենք՝ եկեք մերժենք եւ հրաժարվենք հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառման ցանկացած հնարավորությունից: Ցանկացած խաղաղություն ենթադրում է փոխզիջում: Եվ Հայաստանը միշտ պատրաստ էր եւ պատրաստ է փոխզիջման»: Ճիշտ է, Փաշինյանը հետո հիշատակեց Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը, սակայն մոռացավ անգամ տարեթվերը:  

Սակուրի այդեւայլ հարցադրումներին յուրաքանչյուր հայ պատասխանների սեփական տարբերակներն ուներ, սակայն Փաշինյանի տարբերակները քաղաքականապես ամենաթույլն էին՝ անմշակ, ցրիվ, օտարի համար՝ անհամոզիչ: Նիկոլ Փաշինյանն այնքան է տարվել ինքնաեթերներով եւ ինքնագովեստով, որ մոռացել է, որ աշխարհում իրենից բացի այլ լրագրողներ էլ կան: ՀՀ վարչապետը «Ծանր զրույցում» անկարող գտնվեց պաշտպանել ճշմարտությունը, Հայաստանի պետության շահերը եւ միջազգային համբավը:

Քաղաքական գիտելիքների պակասը, ղարաբաղյան հիմնախնդրի չիմացությունը, անգլերենի կենցաղային իմացությունը, նեղ աշխարհայացքը, ճարտասանական խոսքի բացակայությունը դարձան այն ջրափոսերը, ուր հայտնվեց  նոր Հայաստանի կերպարը: Այս ամոթալի իրավիճակին գումարվեցին Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի բացակայությունը, Երեւանի ռուսագիծ արտաքին քաղաքականությունը, հեղափոխական Հայաստանի ձախողումները, եւ երիտասարդ Հայաստանը մեկեն փոխակերպվեց ուժասպառ զառամյալի:  

«Ես զինված եմ գնում հարցազրույցի»,- մի առիթով նկատել է Սակուրը: Հարկ էր, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվեր «զինված պայքարի», մանավանդ որ պարզ էր, որ ստուգողական կրակոցներից հետո, վերջում Սակուրի գնդացիրը կրակելու է Երեւանի արտաքին քաղաքականության առանցքին. «Պարոն վարչապետ, թույլ տվեք ավարտել ռազմավարական հարցով։ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ միջավայրում։ Դուք, ըստ էության, պետք է ռազմավարական ընտրություն կատարեք․ Դուք կարող եք համարել Մոսկվան Ձեր հիմնական գործընկերն ու դաշնակիցը կամ նայել դեպի ԵՄ ու ՆԱՏՕ։ Դուք պետք է ընտրեք, թե որ ուղղությամբ կգնա Հայաստանը»։ Փաշինյանն ի պատասխան պատմեց հայ ժողովրդական հեքիաթը ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերության, ԵՏՄ-ի, ԵՄ-ի հետ գործընկերության մասին: Սակուրը համառեց. «Աշխարհաքաղաքականությունը երբեմն բարդ ընտրություն է ենթադրում: Ես Ձեզ կրկին հարցնում եմ՝ Ձեր հիմնարար ընտրությունը ո՞րն է՝ հավատարիմ մնալ Մոսկվայի՞ն, թե՞ պատրաստ եք ընդառաջ գնալ՝ ընտրելով այլ ուղղություն»: Սակայն Փաշինյանը հաստատեց. «Ռազմավարական գործընկերությունը նշանակում է երկարաժամկետ հարաբերություններ»: Ասել է թե՝ Հայաստանի արբանյակը շարունակելու է պտտվել ռուսական ուղեծրում:

Ներքաղաքական կյանքի մասին Փաշինյանի պատասխանները թեպետ չէին պարունակում «շնաբարո դուրսպրծուկների», «թաթիկներ կտրելու», «ղալաթ անելու» արտահայտություններ, սակայն նրա պատասխանները հիշեցնում էին «որ մենք հերոս» կեցվածքը: Ներքաղաքական իրավիճակի որեւէ հիմնավոր գնահատական, կարճ վերլուծություն, Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին հիմնարար թեզերի բացակայություն. ճիշտ այնպես, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է՝ անօրակարգ, անփորձ եւ ապաքաղաքական: 

Հայաստանում շատերն են տարակուսած, թե ինչու Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Ծանր զրույցին»: Իրական հարցադրումները, սակայն, ավելի լուրջ են, քան գլադիատորական մարտ հիշեցնող այդ հարցազրույցին մասնակցել-չմասնակցելու երկընտրանքը: Դրանք հանգում են հետեւյալին՝ ինչո՞ւ են շարունակ Հայաստանի կառավարումը ստանձնում նեղ աշխարհայացքով, փոքր նպատակներով, նվազագույն  գիտելիքներով եւ աշխարհի մասին պարզունակ պատկերացումներով, ցածր քաղաքական ճաշակով եւ ավելորդ ինքնավստահությամբ առանձնացող գործիչները: 

Սթիվըն Սակուրի «Ծանր զրույցի» տեւողությունը 25 րոպե է. օգոստոսի 14-ի հաղորդման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ 25 րոպեների ընթացքում ամոթահար եւ գլխահակ թողեց Հայաստանը եւ հայ ժողովրդին: