Դիմել ենք կոնվենցիա

Դիմել ենք կոնվենցիա

Մայիսի կեսերին, ինչպես հայտնի է, երկարաձգվեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց ընդունած ֆինանսական ու այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Այն ավելի շատ ընդունված է անվանել՝ Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով, քանի որ անցած վեց ամիսների ընթացքում քննություն է իրականացվել հենց Ամուլսարի հանքի շահագործման գործունեությունը ստուգելու ուղղությամբ: Չնայած հանձնաժողովի աշխատանքները դեռեւս շարունակվելու են, բայց հանձնաժողովն իր, այսպես կոչված, գտածոներն արդեն ուղարկել է պատկան մարմիններին։

«Ֆինանսական բլոկով մեր գտած հնարավոր արդյունքները գրությամբ փոխանցել ենք պատկան մարմիններին, որ աուդիտ արվի, իսկ հնեաբանական մասով թարգմանված տեքստով դիմել ենք կոնվենցիա, որպեսզի գնահատական տա: Դուք գիտեք, որ կոնվենցիան միջազգային կառույց է, որտեղ բոլոր երկրները ստորագրում են եւ հանձնառու են՝ որոշակի պայմանների համար հանքի շահագործում թույլատրել, թե ոչ, էկոլոգիական ինչ խնդիրներ կառաջանան եւ այլն: Երբ կստանանք պատասխանը, կներկայացնենք կառավարությանը»,- մեր լրագրողին ասել է հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը: Ակնկալվում է, որ մինչեւ հունիսի կեսերը կամ վերջերը կստանան եզրակացությունը, որը, ըստ էության, վճռորոշ կդառնա հանքի շահագործման հետագա ընթացքի համար: