Հերոսների մասին

Հերոսների մասին

Արցախում նախընտրական շրջան է: Որքան հասկանում եմ՝ պատերազմի եւ հերոսների թեման փորձում են առաջնային դարձնել: Իբր՝ ով երեկ հաղթել է, նրան էլ պիտի վստահվի երկրի ապագան: Ըստ այդմ էլ մոդելավորվում է քարոզչությունը: Արցախյան պատերազմը մի հերոս ունի՝ աշխարհազորային մարտիկը, որ անմռունչ կրել է բոլոր զրկանքները, տարել դաշտային հրամանատարների քմահաճույքները եւ շահատակությունները, տեսել բազում անարդարություններ, բայց հանուն հայրենիքի ներել:

Ոչ պրոֆեսիոնալ զինվորական՝ այդ երեկվա դաշտային հրամանատարներն իրենց ուսադիրներով, ունեցվածքով եւ ամեն ինչով պարտական են ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻՆ, աշխարհազորային մարտիկին, որի մասին, ցավոք, ոչ ոք ոչինչ չի ասում, եւ պատերազմի պատմությունն այդպես եղծվում է, որովհետեւ հետպատերազմյան ժամանակաշրջանը ոմանք օգտագործել են ոչ միայն պետական-քաղաքական եւ ֆինանսական դիրք զբաղեցնելու համար, այլեւ հասցրել են ձեւավորել վարձահրավիրված գրչակների մի ջոկատ, որ «հեկտարներով» փառաբանություններ է հեղինակել՝ գրքեր, ֆիլմեր, երգեր: Դրանցում քանի՞ տոկոս է ճշմարտությունը: Եւ եթե պատերազմը դեռեւս ավարտված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ ականատեսներս շարունակում ենք լռել, չխոսել, չենք հրապարակայնացնում այն, ինչ կատարվել է բոլորիս աչքի առաջ, չի նշանակում, թե պատմությունը երբեւէ դրանց չի անդրադառնալու: Բայց չմանրանամ:

Սահմանադրությունը յուրաքանչյուր արցախցու, ում 35 տարին լրացած է, ով 10 տարի ԱՀ քաղաքացի է եւ վերջին 10 տարիներին մշտապես բնակվել է այնտեղ, նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք է տալիս: Սահմանադրությունը չի ասում՝ նախագահի թեկնածուն պետք է բարձրաստիճան զինվորական կամ նախկին դաշտային հրամանատար լինի: Իսկ օրենքն ասում է՝ ընտրվում է այն թեկնածուն, ով ստացել է բոլոր թեկնածուներին ,,կողմ,, քվեարկած ձայների կեսից ավելին: Իսկ ո՞վ կլինի նա՝ ժողովրդի, ընտրողի որոշելիքն է: Մենք պետական կարեւորության խնդրի առջեւ ենք: Եւ պարտավոր ենք առաջնորդվել սահմանադրությամբ եւ օրենքներով: Իսկ հերոս-ոչ հերոսի խնդիրը կլուծի պատմությունը՝ յուրաքանչյուրին դնելով իր տեղը: