Իշխանական մամուլը վճարում է Ֆեյսբուքին, որ կեղծ տեղեկություն տարածվի Առուշանյանի մասին

Իշխանական մամուլը վճարում է Ֆեյսբուքին, որ կեղծ տեղեկություն տարածվի Առուշանյանի մասին

Գորիսում հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, եւ գորիսեցիները արդեն խոշորացված Գորիսի նոր համայնքապետ եւ ավագանի են ընտրելու։ Չնայած Գորիսի վերջին համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավայրում է, որը քաղաքական հայացքների համար հետապնդման է ենթարկվում այսօրվա իշխանությունների կողմից, սակայն նա նույնպես մասնակցելու է ընտրություններին։ Իշխանություններն այս ընթացքում ամեն ինչ արեցին, որ չեզոքացնեն Առուշանյանին, հիմա էլ ամեն ինչ անում են, որ նա մնա բանտում եւ հանկարծ չհաղթի ընտրություններում, եւ իրենց թեկնածուին են առաջ հրում` բոլոր օրինական եւ ապօրինի,  բարոյական եւ անբարո մեթոդներով։

ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանն այս օրերին Գորիսով մեկ ընկած դռնեդուռ՝ իրենց թեկնածու Վլադիմիր Աբունցին է գովազդում, որ գորիսեցիների աչքին բարձրացնի նրա հեղինակությունը եւ ապահովի հաղթանակը։ Իշխանական թեկնածուի թիվ մեկ մրցակից Առուշանյանը, հիշեցնենք, 2017 թվականին 97 տոկոս ձայնով էր ընտրվել քաղաքապետ։ Հիմա իշխանությունները փորձում են մի կողմից վախի մթնոլորտ ձեւավորել Գորիսում, մյուս կողմից՝ պետական միջոցներով տարատեսակ օգնություններ եւ  սոցիալական ծրագրեր իրականացնել խոշորացված համայնքում, որպեսզի իրենց կողմը գրավեն Առուշի ընտրազանգվածին։

Գորիսի քաղաքապետի նախկին տեղակալ, «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ համար Իրինա Յոլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բավականին թեժ ընտրապայքար է սպասվում Գորիսում, որովհետեւ ամբողջ իշխանական ապարատը ներգրավված է ընտրարշավի մեջ։ «Տեսնում ենք, թե ինչքան բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս Գորիս եւ ներգրավված են էս աշխատանքի մեջ։ Ընդհանուր առմամբ՝ բավականին բարդ է, մեծ մրցակցություն կա, մթնոլորտի հետ կապված՝ ուղղակի պիտի ասեմ, որ մի քանի օր է ընդամենը մնացել, ինչքան օրերը մոտենում են, այնքան լարվածությունը մեծանում է»,- ասաց Իրինա Յոլյանը։

- Իսկ ՔՊ-ի թեկնածուն իրեն ինչպե՞ս է պահում, որքան նկատում ենք՝ նրա կողմից այդքան ակտիվություն չկա, նրա պրոպագանդայով ՔՊ-ն է զբաղված, հատկապես պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

- Դա երեւի թեկնածուին կարող եք հարցնել՝ ինչով է պայմանավորված էդ պասիվությունը, եթե նկատել եք։ Ես անձամբ չեմ ճանաչում իրեն, որեւէ առնչություն երբեւէ չեմ ունեցել եւ ինչ-որ որակումներ, գնահատականներ տալ էլ չեմ կարող։

- Իսկ իշխանությունների կողմից ինչպիսի՞ն է վերաբերմունքը ձեր՝ «Առուշանյան դաշինքի» նկատմամբ։ Բացի նրանից, որ Առուշանյանի եւ նրա այլ թիմակիների նկատմամբ քրգործեր են հարուցված, նախընտրական այս շրջանում այլ տեսակի ճնշումներ կա՞ն ձեր նկատմամբ։

- Նախընտրական պրոցեսում Առուշանյանի հետ կապված բավականին կեղծ տեղեկատվություններ են շրջանառվում, ինչպես տեսնում ենք՝ անգամ իշխանական մամուլը վճարում է Ֆեյսբուքին, գովազդ են պատվիրում այդ կեղծ եւ զրպարտող տեղեկությունները տարածելու համար։ Սա եւս մի ձեւ է, որպեսզի ընտրողների ուշադրությունը շեղեն եւ այդ կեղծ ինֆորմացիայով փորձեն էնպիսի տրամադրություններ ստեղծել, թե Առուշանյանը դուրս չի գալու։ Այնպիսի տպավորություն է, որ բոլորը դարձել են դատավոր, դատախազ, կամ էլ եթե ուղիղ պայմանավորվածություն կա այդ կեղծ տեղեկատվությունը տարածելու հետ կապված, ես կարծում եմ, որ իրավապահներն այստեղ անելիք ունեն, առհասարակ։

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ձեր դաշինքի շանսերը։ Ասում են՝ իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ձեւավորել Գորիսում, որ նրանք, որոնք ժամանակին Առուշանյանին ձայն են տվել, հիմա նրա օգտին այլեւս չքվեարկեն։

- Ազդեցություն միանշանակ ունենում է, այսինքն՝ որեւէ բացասական վերաբերմունք՝ էսպես, թե էնպես, որոշակիորեն կարող է ազդել, բայց ես շատ ավելի լավատես եմ եւ կարծում եմ, որ մենք լավ արդյունք կարձանագրենք։

- Ձեր դաշինքից ու ՔՊ-ից բացի նաեւ ՀԱԿ-ն է մասնակցում Գորիսի ընտրություններին։ Նրանք ինչպե՞ս են պահում իրենց, այդ թվում՝ ձեզ հետ կապված մրցակցության ֆոնին։

- Գիտե՞ք, ես մի երկու օր առաջ էլ եմ ասել, որ ընտրությունները պետք է ծրագրային, գաղափարական հողի վրա անցկացվեն, որովհետեւ, գիտեք, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել, եւ թեկնածուները պետք է գաղափարական առումով ներկայացնեն իրենց ծրագրերը, անվտանգության հետ կապված հարցերը։ Եթե ամեն ինչ տարվում է ավելի շատ ատելության ֆոնի վրա, բնական է, որ համայնքային միասնականությունը խախտվում է։ Երրորդ թեկնածուի մասով պետք է ասեմ, որ շատ ավելի պարկեշտ քաղաքական մրցապայքար է տարվում, որովհետեւ իրենք եւս շեշտը դնում են ծրագրերի վրա, գաղափարների վրա, առաջարկվող համայնքային խնդիրները լուծելու տեսանկյունից շատ ավելի գործուն մեխանիզմներ առաջարկելով եւ ավելորդ լարվածություն չառաջացնելով։

- Ի դեպ, տեղեկություն է շրջանառվում, որ իշխանություններն ինչ-որ հիմնադրամների միջոցով գումարներ են բաժանում Գորիսում, որը թեեւ ուղիղ ընտրակաշառք չէ, բայց ինչ-որ սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացնում, որոնք, բնականաբար, կարող են իրենց ազդեցությունն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։

- Եթե ուշադիր եք եղել, այդպիսի հայտարարություն արվել է, որ Սյունիքի մարզին պետք է 1 միլիարդ դրամ փոխանցվի։ Նախորդ ընտրություններից մեկ շաբաթ առաջ եւս 500 միլիոն է փոխանցվել, ես՝ ինքս, հետեւելով մամուլին, չեմ ուսումնասիրել, հարցումներ չեմ արել, առավել մանրամասն ինֆորմացիա չունեմ, բայց, ինչքան գիտեմ, Զանգեզուրի զարգացման հիմնադրամ կա, էդ հիմնադրամի միջոցով են բաշխվել գումարները։

ՀԳ․ Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին, նրա տեղակալներին առաջադրված մեղադրանքը վերաբերում է սոցիալական աջակցությանը` երկար նախաքննությունից հետո դատախազությունը որոշել է, որ նախընտրական փուլում սոցիալապես անապահովներին տրամադրված գումարները տրվել են մի նպատակով, որ նրանք քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին: