Նիկոլ Փաշինյանը գլոբալ առումով օգնություն էր խնդրում արևմուտքից, որպեսզի ձերբազատվի Ռուսաստանից

Նիկոլ Փաշինյանը գլոբալ առումով օգնություն էր խնդրում արևմուտքից, որպեսզի ձերբազատվի Ռուսաստանից

«Հրապարակի» զրուցակիցն է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

- Փաշինյանը Գերմանիայում հայտարարեց, որ Պրահայում իր և Ալիևի միջև համաձայնություն է ձեռք բերվել ճանաչել երկու երկրների տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, իսկ դրանից հետո Ալիևը խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին։ Ի՞նչ էր նշանակում Փաշինյանի այս հայտարարությունը։

- Պրահայում, ըստ էության, երկու մասի է բաժանվել այս գործընթացը՝ հայ-ադրբեջանական մաս, և երկրորդ մասը՝ Արցախ ու Ադրբեջան առանձին հարաբերությունների ձևավորում որպես առանձին խնդիր՝ սա արդեն լրջագույն խնդիր է։ Ադրբեջանի հետ մենք ուրիշ ի՞նչ խնդիր ենք ունեցել կամ ունենք, բացի Արցախը, ի՞նչ է նշանակում, Արցախը թողնենք առանձին մի կողմ, որ Արցախն առանձին հարաբերվի, մենք առանձին հարաբերվենք Ադրբեջանի հետ, ի՞նչ խնդրի շուրջ։ Այսինքն, Հայաստանը, անկախ նրանից, թե ինչի շուրջ են պայմանավորվել ՝ Ալմա-Աթա, թե մնացած այլ բաներ, Հայաստանը այդ խնդրի հիմքը դնում է, որ մենք Արցախից բացի լիքը այլ խնդիրներ ունենք։ Այնինիչ, մեր միակ խնդիրը Արդբեջանի հետ միայն Արցախն է եղել, սրանով արդեն ամեն ինչ ասված է։ Բնական է, դրանից հետո կա նման թուղթ, թե չկա նման թուղթ, եթե նման թուղթ պետք լինի՝ հետին թվով նույնիսկ կգրվի, դրա խնդիրը բացարձակ չկա։ Ուժային քաղաքականություն է, ինչքան հնարավոր է ստանալ՝ կստանան։

- Արդյոք Փաշինյանի այս հայտարարությունն ինչ որ առումով օգնության խնդրանք էր՝ ուղղված հավաքական  Արևմուտքին, թե՞ սա ևս տեղավորվում է նախկին հայտարարությունների հարթությունում։ 

- Իմ խորին համոզմամբ, դա ավելի շատ իմիտացիա էր, որը նաև ուղղված է ներքին լսարանին, քանի որ բազմիցս հայկական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել իջեցնել նշաձողը, իսկ եթե նշաձողն իջեցվում է, այլևս ինչ ինքնորոշման նշաձողի մասին է խոսքը, այն էլ այն դեպքում, երբ նույնիսկ բացի Ֆրանսիայից, գերմանական կողմը նաև ինքնորոշման իրավունքը կարևորեց և նույնիսկ դրա սակարկման մասին չխոսեց։ Սա նաև Բերձորի միջանցքի բացմանը ուղղված տարբեր քայլեր են, որոնք դե յուրե ինչ-որ քայլեր են իրականացվում, դրանք, առավել քան համոզված եմ, որ կրում են արարողակարգային բնույթ ու հիմնականում ուղղված են ներքին լսարանին, որ մենք անում ենք առավելագույնը և դրանից ավել ոչինչ չենք կարող անել։ իսկ գլոբալ առումով Նիկոլ Փաշինյանը ոչ թե օգնություն էր խնդրում Արցախի հարցում, ավելի շատ Նիկոլ Փաշինյանը գլոբալ առումով օգնություն էր խնդրում արևմուտքից, որպեսզի ձերբազատվի Ռուսաստանից։

- Գերմանիայի կանցլեր Շոլցը ևս մեկ անգամ շեշտեց Արցախի հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքների համազորության ու դրանց միջոցով հարցի կարգավորմանը հասնելու կարևորության մասին։ Սա բարոյական հաղթանա՞կ դիտենք, թե՞ մեր ձեռքին հաղթաթուղթ կարող է դառնալ։

- Այս պարագայում այդքան էլ կապ չունի, թե մյուս կողմից ինչ նպատակով է արվել՝ դա ավելի շատ իրենք պետք է իմանան։ Մենք պետք է իմանանք, որ ցանկացած նման հուշում-հայտարարություն, դրանից պետք է նաև կառչել, ու այդ օրակարգը հնարավորինս սպասարկել բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով, եթե իրականում իշխանությունն այդ նպատակն ունի։ Սրանից հետո բնականաբար շատ ավելի լավ արտահայտված է լինելու իշխանությունը  ոնց կդրսևորի իրեն, ինչ կանի։ Սակայն, այդ ազդակները եղել են բոլորից և իհարկե չմոռանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից սահմանված այդ երեք հիմնարար սկզբունքների մի կետը սա է, որը դե յուր, ֆորմալ առումով չէր էլ փոխվել։ Հայկական կողմն էր անընդհատ դրա փոխման մասին խոսում, ասում էր,որ միջազգային հանրությունն իրենց անընդհատ ասւոմ է, որ եթե իջեցնեք նշաձողը՝ ամեն ինչ շատ ավելի կառուցողական կարող է լինել, այնինչ միջազգային հանրությունը նույնսիկ քայլեր չէր ձեռնարկել, որպեսզի դե յուրե փոփոխության ենթարկի կամ ինչ-որ բան։ Այսինքն, սա ավելի շատ նման էր Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների, որը նման էր Հայաստանի միջոցով արտաքին դերակատարներին ուղերձ հղելուն, որ մենք պատրաստ ենք իջեցնել ու եկեք իջեցնենք, որ ավելի շուտ կարգավորենք հարաբերությունները։ Հետևաբար, սրանից պետք է ամեն գնով կառչել ու այս պահին , ինչքան էլ գիտենք, թե իրականում ինչ է տեղի ունենում, ևս մեկ ցուցիչ է լինելու, ինդիկատոր է լինելու։

- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այցելելու է մեր տարածաշրջան։ Սա Մինսկի խմբի վերակենդանացման մասի՞ն է խոսում, թե՞ ԱՄՆ-ի՝ մեր տարածաշրջանում ազդեցության ուժեղացմանն ուղղված քայլ է։

- Դա բացառապես Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի դերի շրջանակներում է պետք դիտարկել, իսկ Արցախի հարցը մշտապես եղել է բոլորի համար այն լեգիտիմ կետը կամ լեգիտիմ հակամարտությունը, որը մշտապես պետք է պահել տաք, որի միջոցով մշտապես հնարավորություն կունենան իրենց ազդեցությունը ընդլայնել տարածաշրջանում։ Սա որևիցե կերպ կապ չունի ոչ Արցախի հայերի անվտանգության, ոչ մնացածի հետ։ Սա ուղղակի լեգիտիմ առիթ է իրենց ազդեցությունը մեծացնելու համար։

- Բերձորի միջանցքի շուրջ զարգացումներն ինչպե՞ս եք տեսնում։

- ԱՆկախ նրանից, թե հիմա ինչքան կշարունակվի, բան կփոխվի կամ չի փոխվի, եթե նույնիսկ մնա այսպես, համոզված եմ, որ հայաթափում այնտեղ չի լինելու ու Ադրբեջանի կազմում Արցախը չի մնալու։

- Իսկ խաղաղության պայմանագիրն ինչպիսի՞նն է լինելու՝ հատկապես որ բոլոր ուժային կենտրոնները ցանկանում են դրա շուտափույթ իրագործումը։

- Ես չեմ հավատում խաղաղության պայմանագրին, որովհետև մեր տարածաշրջանում չի կարող խաղաղություն լինել և ֆորմալ առումով դա որևիցե մեկին ձեռք չի տալիս։