«Հրապարակի» զրուցակիցն Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանն է։
- Տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց աշխատանքը վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել: Մարդիկ սկսել են առավել կարեւորել ՏԻՄ ընտրությունները: Օրինակ` Գյումրիում այս տարի` 2021-ի համեմատ, կրկնակի շատ մարդ է մասնակցել ընտրություններին: Ալավերդիում այժմ ի՞նչ իրավիճակ է: ՔՊ-ին հաջողվեց խարդավանքներով հեռացնել Ձեզ քաղաքապետի աթոռից, ի՞նչ է անում այժմ Ալավերդու ՔՊ-ական համայնքապետը: Ավագանու նիստեր լինո՞ւմ են:
- Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդիում, տեսան բոլորը: Տեղի ունեցածը բռնազավթում էր, ՔՊ-ն բռնազավթեց մեր համայնքը եւ կարողացավ ավագանու գողությամբ, քաղաքական անասնագողությամբ զավթել այն, ինչն իրենը չէր, չէր կարողացել հասնել դրան: Ալավերդիում այժմ սարսափելի, ահավոր իրավիճակ է, ոչինչ չի արվում, ոչինչ տեղի չի ունենում: Այն ծրագրերը, որ մենք ունեինք ժամանակին, նախքան համայնքի բռնազավթումը, կյանքի չեն կոչվում: Համայնքը զարգացում չի ապրում, անգամ այն ծրագրերը, որոնք կային, չեն շարունակվում: Դա ոչ միայն ես եմ ասում, այլեւ` ալավերդցիները, կարող եք մարդկանց հարցնել: Ինչ վերաբերում է նիստերին, նիստեր գումարվում են, ինչպես գիտենք՝ ավագանուց «Ապրելու երկիր» խմբակցությունը հեռացրին, հեռացնելով նաեւ ինձ` որպես ավագանու անդամ: Հիմա մնացել են ՔՊ-ականները եւ մեր թիմի երկու դավաճանները:
- Դավաճաններն ինչո՞վ են զբաղվում:
- Դավաճաններից մեկը բժիշկ է, մյուսը բժշկի հարազատն է: Բժշկին փոխհատուցեցին, տարան նշանակեցին Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն, արդեն պարզ է, չէ՞, թե իր որ ծառայությունների համար: Մնացածին էլ տեղյակ եք:
- Այս պահին ինչի՞ կարիք ունի Ալավերդին:
- Ամեն ինչի կարիք էլ ունի: Օրինակ` կա կենտրոնական ճանապարհը վերակառուցելու կարիք, ասֆալտապատման կարիք, ունենք մանկապարտեզի հետ կապված խնդիր: Չորրորդ մանկապարտեզը պետք է հիմնանորոգվի, սակայն չի արվում: Խոսում ենք միայն քաղաքի մասին, սակայն Ալավերդի խոշորացված համայնքը միայն Ալավերդին չէ` 28 բնակավայր է ներառում, որի մեծ մասը գյուղական համայնքներ են:
- Մեկ տարի առաջ ջրհեղեղ եղավ Ալավերդիում: Շատերը տուժեցին, կամուրջներ փլվեցին, ասում են` մինչ այս պահը կամուրջները չեն կառուցվել:
- Այո, ոչ մի բան չի արվել, կամուրջներ չեն կառուցվել, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվացել է կամուրջներ կառուցելուց: Չորս ժամանակավոր կամուրջ են տեղադրել, երկուսը` Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, երկուսն էլ` Հունաստանի կողմից: Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, հիմնական կամուրջներ կառուցելու մասին խոսելն ավելորդ է: Մեկ տարի է անցել ուղիղ, մեկ տարվա ընթացքում ոչ մի քայլ չեն արել, միայն ինչ-որ մարդկանց են փոխհատուցումներ տրամադրել, ու վերջ:
- Հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում Գյումրիում: Շատերը վախենում են, որ կկրկնվեն Վանաձորի, Ալավերդու իշխանազավթման դեպքերը:
- Իհարկե, հետեւում եմ: Տեղական ինքնակառավարման մարմիններում սարսափելի իրավիճակ է: Գործող իշխանություններն ամեն տեղ, ամեն հնարավոր ռեպրեսիաներ օգտագործում են, միայն թե զավթեն համայնքները: Աստված մի արասցե, բայց շատ հնարավոր է, որ Գյումրիում տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ մեզ մոտ կամ Վանաձորում: Ինչո՞ւ ոչ: Եթե այլ համայնքներում արել են նման բան ու մարսել են, ի՞նչը պետք է հետ մղի իրենց:
- Բայց արդեն որերորդ ՏԻՄ ընտրությունն է, հաղթում են ընդդիմադիր ուժերը, իսկ ՔՊ-ն պարտվում է, սա ինչի՞ արդյունք է:
- Ընդդիմադիր ուժերը պայքարում են ՔՊ-ի դեմ, իսկ մարդիկ ամեն կերպ ուզում են ազատվել իշխանությունից, դա է պատճառը, որ ՔՊ-ն պարտվում է: Այս ամենը կարող է նախադեպ դառնալ, եւ 2026-ի ընտրություններում նույնպես իշխող թիմը պարտություն արձանագրի:
- Չկա՞ որեւէ տարբերակ՝ կանխելու իշխանության անօրինական գործելաոճը ՏԻՄ-երի դեմ:
- Միայն մեկ տարբերակ կա՝ համատարած իշխանազավթումից ազատվելու, դա ՔՊ-ի հեռացումն է:
- Ի՞նչ եք կարծում՝ համապետական ընտրությունների ժամանակ պատկերն ինչպիսի՞ն կլինի:
- Այս պահի դրությամբ ՔՊ-ն չի վայելում հայ ժողովրդի մեծամասնության վստահությունն ու հարգանքը, հույս ունեմ, որ 2026 թվականին, եթե, իհարկե, դրանից առաջ ընտրություններ չլինեն, ՔՊ-ն կրկին պարտություն կարձանագրի եւ կհեռանա:
- Ոմանք ասում են, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն այնքան էլ կարեւոր չեն, սակայն, այնուամենայնիվ, եթե քաղաքներն ունենում են ընդդիմադիր առաջնորդներ, տեղի ժողովրդի վրա գաղափարական առումով ազդեցություն չե՞ն ունենում:
- Պետությունը ձեւավորվում է այդպես` ընտանիք, գյուղ, համայնք, մարդ ու պետություն: Պետության ձեւավորման հիմքում ընտանիքն է: Հիմա եթե համայնքներում համայնքի ղեկավարներն ընդդիմադիր դաշտից են, դա նշանակում է, որ ժողովուրդը մերժում է իշխանությանը, ինչը շատ նորմալ է, եթե խոսքը ժողովրդավար պետության մասին է, բայց Հայաստանի Հանրապետությունը ես չեմ համարում ժողովրդավար պետություն: Հայաստանը մի երկիր է, որտեղ բոլոր ընդդիմադիր համայնքապետերի գործունեությանը խոչընդոտում են, փորձում են ազատվել համայնքի ղեկավարից տարբեր մեթոդներով, մինչեւ անգամ տարիներով կալանքի տակ պահելով…. Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից: Մեզ նոր կառավարություն եւ Ազգային ժողով է անհրաժեշտ: Ինչ վերաբերում է ազդեցությանը, չեմ կարող հստակ բան ասել, բայց մի բան հստակ է․ եթե ժողովուրդն ընտրում է ընդդիմադիր ուժին, ուրեմն չի կիսում իշխանության գաղափարները: