Մենք ընտրում ենք համախմբվելու, անվտանգային խնդիրները Ռուսաստանի հետ լուծելու ռեալ ճանապարհը. Հայտարարություն

Մենք ընտրում ենք համախմբվելու, անվտանգային խնդիրները Ռուսաստանի հետ լուծելու ռեալ ճանապարհը. Հայտարարություն

Հայաստանն աշխարհի բացառիկ երկրներից է, որտեղ հաջողվեց 80 տոկոսից ավելի պրոռուսական կողմնորոշում ունեցող բնակչության զգալի հատվածի տրամադրվածությունն ընդամենը հինգ տարվա ընթացքում տրամագծորեն բեկել, ազգային գաղափարախոսությունը վերացնել, ներշնչել, որ կարող ենք առանց բանակի, անվտանգային համակարգի, ազգային շահերի ու գաղափարախոսության, ռազմավարական դաշնակցի, այսպես ասած, ուտել-խմելով, թվացյալ խաղաղության օրակարգով ապրել ու բարգավաճել այս բարդ տարածաշրջանում` ընդ որում սեփական ազգի ցեղասպան Թուրքիայի հովանու ներքո, առանց որևէ մեղանչման, զիջում ստանալու:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սա Ռուսաստանի հետ խորքային հակասության մեջ գտնվող հավաքական Արևմուտքի կողմից տրված մաստեր կլաս էր, որին Հայաստանի նախկին իշխանությունները, այդ թվում անվտանգության մարմինները և հենց Ռուսաստանը Հայաստանում գործող իր ներկայացուցչությամբ պարզապես չկարողացան հակազդել, դիմակայել:

Հակառուսականության այս գործընթացը բուռն ընթացքում է: Այն տրամաբանական ավարտին կհասցվի, երբ ռուսները վերջնականապես դուրս կմղվեն տարածաշրջանից, Հայաստանն էլ սկզբում դե ֆակտո, այնուհետ դե յուրե կդրվի Թուրքիայի իրավասության ներքո:

Կիրառվում է պարզ բանաձև` ներսում հետապնդվում-ջարդվում են բոլոր ազգային և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ձգտող ուժերը, դրսում վարկաբեկվում են ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, սառեցվում են կոնտակտները, անվտանգային կապերը` դրանով իսկ հակառակորդի առջև բացելով մեր դռները, հլու ենթարկեցնելով պարտադրվող կապիտուլյացիայի:

Զավեշտն այն է, որ Ռուսաստանին դուրս մղելով հանդերձ` հավաքական Արևմուտքն անվտանգության որևէ երաշխիք մեզ  չի տրամադրում: Առևտրի պարզ կանոններով նույնիսկ չեն ասում, թե դրա դիմաց ինչ կտան մեզ` կփրկվենք արդյոք բռնի կամ փափուկ ուժի գործադրմամբ նվաճումից, կլինենք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ուղիղ հովանու ներքո:

Վիճակն իսկապես օրհասական է, նաև` պատմական, ու ընդամենն ունենք ընտրության երեք ճանապարհ`

համակերպվել իրողության հետ, դադարել  վարվող քաղաքականությանը հակադրվելուց, ազգային շահերի անտեսմամբ ընդունել փաստացի կապիտուլյացիա և ադրբեջանաթուրքական պարտադրանքի ներքո մարիոնետ իշխանությամբ շարունակել ապրել երկրում, մինչ վերջնականապես կկորցնենք պետականությունը, կձուլվենք Թուրանին,

հուսալքվել, հեռանալ Հայաստանից` կիսելով Սփյուռքում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների ճակատագիրը,

համախմբվել ու կրկին համախմվել ազգային բոլոր ուժերով` մոռանալով նախկին ու ներկա կեղծ օրակարգը, անհեթեթ տարաձայնությունները: Ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ուժեղացնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեկտեղված լուծել անվտանգային խնդիրները, ապահովել մեր երկրների շահերն ու ապագան:

Մենք ընտրում ենք երրորդ ճանապարհը: Այս իրավիճակում սա է ռեալ օրակարգը: Հետևաբար չենք երերալու, հասնելու ենք դրան:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն