Բույրերը մատնում են ամեն ինչ
Մարդու, բնակարանի, քաղաքի... մաքրությունը մատնում են բույրերը: Եթե մարդուց քրտինքահոտ, քաղաքից` գոզահոտ, բնակարանից` ճենճահոտ է գալիս, դա այդ մարդու, բնակարանի, քաղաքի տերերի փնթիության մասին է վկայում: Հուշում է, որ այդ անձը, մարդիկ, նրանց կառավարողները դեռ չեն բարձրացել քոչվոր ցեղի մակարդակից: Որովհետեւ անհնարին է, որ կրթված ու գրագետ մարդը հաճախ չլողանա, իր հագուստն ու մարմինը մաքուր չպահի, իր քաղաքն ու փողոցը, իր բնակարանն ու աշխատավայրը մաքուր չպահի: Առհասարակ` մաքրության արժեքը չիմանա, կեղտից ու գարշահոտությունից չխորշի:
Երբ քայլում ես որեւէ քաղաքի փողոցներով, եւ ամեն քայլափոխի վատ բույրեր են քեզ ուղեկցում․ մի տեղ՝ նեխած մթերքների հոտ, մյուսում` զուգարանին բնորոշ հոտեր, չորրորդում` վառվող աղբի ու ծխի, կնշանակի՝ այդ քաղաքում փնթի, տգետ, մաքրությունը կեղտից չտարբերող մարդիկ են ապրում: Կնշանակի՝ վատ ադմինիստրացիա ունի այդ քաղաքը, աղբահանությունը վատ է իրականացվում, քաղաքի բնակիչները պատերի տակ եւ գետնուղիներում միզում են, իսկ իշխանություն ընտրելիս մարդիկ խստապահանջ չեն եւ անգամ տարրական պահանջներ չեն ներկայացնում իրենց քաղաքի կառավարիչներին` մաքրել քաղաքն ու իրենց համար նորմալ պայմաններ ապահովել:
Հիմա այս տեսանկյունից շրջեք ձեր քաղաքում կամ գյուղում, հոտոտեք ու եզրակացրեք` ինչպիսին են ձեր բնակավայրի բնակիչներն ու տեղական իշխանությունները: Բնակիչները մաքուր միջավայրում ապրելու պահանջ ունե՞ն, իսկ տեղական իշխանիկները հասկանո՞ւմ են, որ իրենց ամենակարեւոր գործը մաքրություն ապահովելն է, թե՞ խոզի պես, կեղտոտ միջավայրում գոյատեւում ենք` ոչ միայն մարդու իրավունքների հանդեպ հարգանք, քաղաքական ու դեմոկրատական ազատություններ չպահանջելով, այլ նաեւ մաքուր միջավայր:
Կարծիքներ