Ի՜նչ օրն ես գցել գյուղացուն, որ ձեռքը մեկնում ու 2000 դրամ է վերցնում

Ի՜նչ օրն ես գցել գյուղացուն, որ ձեռքը մեկնում ու 2000 դրամ է վերցնում

2019-ի սեպտեմբերին, երբ Փաշինյանը Արցախ էր մեկնել, ֆեյսբուքյան իր էջում մի այսպիսի գրառում արեց․ «Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին: Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած: Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետեւից… Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»:

Այսօր Արցախը չկա։ Հետևից ջուր շպրտող մարդիկ այսօր հետևից «չանչ են անում» , որովհետև կորցրել են հայրենիքը, տունը, ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, հարևաններին։ Այսօր, երբ Արցախը չկա, նույն ձեռագրով Հայաստանում է աշխատում։ Ինչքան էլ փորձում եմ չանդրադառնալ նրա կազմակերպած շոու ներկայացումներին, որ մարդիկ դրա շուրջ չկենտրոնանան, բայց, ներող եղեք, չի ստացվում, որովհետև տեսնում եմ , որ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում թե նա ինչ գործի է։ Չեն հասկանում, որ հիմա էլ շրջիկ թատրոնը տեղափոխվել է Հայաստանի հանձնվելիք տարածքները։ Ու շատ շուտով՝ աչքներդ չթարթած, կտեսնեք, որ դրանք էլ այլևս մերը չեն․․․

Շոուների ժամանակ մի բան է պարզ երևում։ Օրինակ, Վազաշենում գնումներ կատարելիս, երբ ձեռքը գրպանն է տանում ու փող վճարում, ամոթից գետինն ես մտնում։ Էդ ի՜նչ օրն ես գցել գյուղացուն, որ ձեռքը մեկնում ու քեզնից 2000 դրամ է վերցնում․․․

Գյուղատնտեսության նախարարությունը վերացրիր, տարածքնե՜ր է, որ թշնամուն հանձնելով գալիս ես, գյուղացու մոտ էլ հարգանք չի մնացել, որ ասի՝ պարոն վարչապետ, բա ամոթ չի՞, բա մեր գյուղին վայե՞լ է, որ մեր երկրի ղեկավարից 2000 դրամ վերցնենք։ Ընդհակառակը, գյուղացու մոտ զգացվում է, որ երկրի վարչապետից մի երկու կոպեկ պոկելն է մնացել իր  «քյարը»։ Գյուղացին նրան մոտենում է, որպես շարքային գնորդ, որի հետ կարող է սակարկել գնի շուրջ։

Գուցե, ես վեհ ժամանակներում եմ ապրել, վեհ բաներ շատ եմ տեսել, բայց վազաշենային խայտառակությունից հետո կարծում եմ վարկանիշի մասին խոսելն ավելորդ է։ Արցախի Հաթերք գյուղի շոուն էլ չի անցնում ու ինչքան էլ պետական լծակների միջոցով վարագուրային քողարկում կատարվի, միևնուն է՝ էլ հետևիցդ ջուր շպրտող չի լինելու։

Հիշում եմ ՝Կարեն Դեմիրճյանը Սյունիք էր եկել, այցելեց Սիսիանի, Գորիսի կոլխոզի այգիները, որոնք բերքից ճռռում էին, մտավ բաղ ու համբուրեց գյուղացու ձեռքերը, ասաց՝ դու՜ք եք մեզ պահում։ Գյուղացին էլ Դեմիրճյանի ձեռքերը համբուրեց ու ասաց՝ ձեր շնորհի՜վ․․․