Նիկոլ Փաշինյանը բոլորին «պողոսի» տեղն է դրել

Նիկոլ Փաշինյանը բոլորին «պողոսի» տեղն է դրել

Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական գործիքները մաշվել, հնացել են, դրանք այլևս այն էֆեկտիվությամբ չեն աշխատում, ինչ հեղափոխության օրերին և դրան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Նրան նոր գործիքներ են հարկավոր, որ ժողովրդին զբաղեցնի, համոզի, որ ամեն ինչ ոչ միայն վատ չէ, այլև լավ է: Քաղաքացիներին զանգելը, հեռախոսով նրանց որպիսությունը հարցնելը, նրանց հետ զրուցելն այլևս շատերին չի հուզում: Այն էլ այս ճգնաժամային իրավիճակում, երբ մարդիկ տանը նստած արդեն օրվա հացի խնդրի առաջ են կանգնել, վարչապետի «լայվերով» հաստատ չեն կշտանա: Իսկ «պողոսները»՝ առավելևս, քանի որ նրանք հիմնականում անգրագետ, նախկինների սոցիալական քաղաքականությունից զզված ու իրենց կուշտ ապագան Փաշինյանի հետ կապող խավն են եւ չունեն բարձր վարձատրվող աշխատանք, հետեւաբար հոգապահուստ գումարներ, որ էլի սպասեն: Նրանք մեծ թիվ են կազմում այսօր երկրում՝ մոտավորապես 70 տոկոս, սա ճիշտ այն էլեկտորատն է, որը ձայն է տվել Փաշինյանին: Եվ եթե «պողոսները» 2 տարի առաջ հավատում էին վարչապետի պոպուլիստական հնարքներին, այսօր արդեն նրանց համբերությունը սպառվում է եւ նրանց մոտ դժգոհության «սիմպտոմներ» են նկատվում: Նրանք սպասում էին, որ իրենց սիրելի վարչապետը հստակ սոցիալական ծրագրերով կաջակցի իրենց, մինչդեռ երեկ նա 3 ժամ զբաղված էր «Պողոսներին» համոզելով, որ էլի սպասեն։

Իսկ ինչպե՞ս էր դա անում։ Շատ պարզ՝ մանիպուլյացիաներով; Բայց անգամ մանիպուլյացիոն գործիքները, որոնք սովորաբար շատ դժվար են մաշվում, այս պարագայում սկսել են մաշվել և կորցնել էֆեկտիվությունը։ Երեկվա մի քանի ժամանոց «լայվի» ժամանակ մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանին տալիս է հարց, որի մասին մենք՝ լրագրողներս, մեկ տարի է՝ ամեն օր գրում ենք։ Բայց դե լրագրողների գրելն ինչ, կարեւորը «ՀՀ հպարտ քաղաքացու»՝ շատ լայք հավաքած հարցադրումն է։ Քաղաքացին բարձրացրել էր Փաշինյանի կառավարության անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների վրա պարգևավճարների հարցը՝ առաջարկելով այդ գումարն ուղղել թոշակների բարձրացմանը։ Եվ Փաշինյանը, ժողովրդի աչքերի մեջ նայելով, սկսեց թվային մանիպուլյացիաներ անել։ Նախ հիշեցրեց, որ պարգևավճարների համար բյուջեից տարեկան օգտագործվում է ընդամենը 1 մլրդ դրամ գումար: Եթե այդ 1 մլրդ դրամը բաժանենք ՀՀ թոշակառուների թվի վրա՝ 503 հազարի, ապա տարեկան ամեն թոշակառուի կհասնի ընդամենը 1988 դրամ, ամեն ամիս՝ 165 դրամ: «Այսինքն՝ մենք մեր որոշմամբ արդեն իսկ ձեր ակնկալածից 24 անգամ ավելի ավելացրել ենք թոշակները»,-ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով այն, որ իրենք մոտ 4000 դրամով բարձրացրել են թոշակները։ Հետո ավելացրեց, թե զինծառայողների, ուսուցիչների, անտառապահների, փրկարարների աշխատավարձի և թոշակների բարձրացման համար էլ հատկացրել են՝ 71,6 մլրդ դրամ։ Այստեղ դարձյալ դիմեց մանոիպուլյացիոն հնարքների, թե տեսեք՝ 1 մլրդ դրամն ուր, 71.6 միլիարդն՝ ուր։ Բայց չէ որ այդ 41.6 մլրդ դրամը բաժանվում է 4-5 ոլորտի վրա, ավելի քան 1 մլն քաղաքացու վրա, որի արդյունքում ստացվում է յուրաքանչյուրին մոտ 50-60 հազար դրամ։ Իսկ պարգևավճարների համար հատկացված 1 մլրդ դրամը բաժանվում է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, եւ արդյունքում, օրինակ, նախարարները 6-7 հարյուր հազար դրամի փոխարեն ստանում են 1.5 մլն դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ Փաշինյանը փորձում է «պողոսներին» համոզել, որ ուսուցիչների, փրկարարների և այլոց ստացած 20-30-50 հազար դրամ ավելի գումարն ավելին է, քան, ասենք, նախարարների, փոխնախարարների, նրանց մամուլի խոսնակների՝ մի քանի հարյուր հազարների հասնող ամենամսյա պարգևավճարները։ Բայց այնպես չէ որ այս թվային մանիպուլյացիաները ոչ ոք չի հասկանում՝ բոլորը «պողոս» են այս երկրում, անգրագետ, անխելք, մտածելու և վերլուծելու կարողությունից զուրկ։