Անձամբ ես չեմ պատկերացնում

Անձամբ ես չեմ պատկերացնում

Հարգելով հանդերձ ՀՀ նախկին վարչապետ եւ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին՝ չեմ կարող չասել, որ չեմ ընդունում «հարգելի դատարանին» ուղղված նրա խոսքը, թե իր հայտարարության իրավական գնահատականը թող տան իրավաբանները: Հիշեցնեմ․ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Այդ քրգործով դռնբաց դատական նիստն էլ մեկնարկել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում:

Չեմ ընդունում, քանի որ Վազգեն Մանուկյանն ասել է ճշմարտությունը, իսկ ճշմարտության համար, որքան գիտեմ, 21-րդ դարում Եվրախորհրդի անդամ երկրում, որն իրեն հռչակել է  «ժողովրդավարության բաստիոն», մարդուն չեն կարող դատել: Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի անկախության ակունքում կանգնած քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը մեր խայտառակ պարտությունից հետո չէր կարող անտարբեր մնալ սեփական հայրենիքի ճակատագրի հանդեպ: Եվ դա՝ այն դեպքում, երբ երբեմնի հզոր բանակը, ինչը նաեւ նրա անմիջական ջանքերի արդյունք էր, անփառունակ պարտություն էր կրել ադրբեջանցիներից: Եվ մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը՝ մի հատվածի անվտանգության ապահովումը հանձնելով Ռուսաստանին: Եվ դրա պատասխանատուն եղել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Դա՝ մեկ: Եվ երկրորդ, բարոյական ինչ իրավունքով էր առաջնորդվում այդ անձը՝ դատարանի առաջ կանգնեցնելով Մանուկյանին: Այն անձը, ով երեք տարի առաջ հայտարարում էր, որ կա՛մ ինքն է լինելու վարչապետ, եւ կա՛մ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի լինելու: Եվ չբավարարվելով այդ հայտարարությամբ՝ դուռ ջարդելով գրավում էր հատուկ պահպանվող պետական տարածք Ռադիոտունը: Ինչը հենց թե՛ իշխանություն զավթել է նշանակում եւ թե՛ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ: 

Եվ այդ անձի իշխանության օրոք, իբրեւ թե անկախ պետական կառույց, Քննչական կոմիտեն քրգործ է հարուցում, մյուս  «անկախն» էլ՝ դատարանը, վարույթ է ընդունում այն: Իսկ ս. թ. փետրվարի 20-ի հանրահավաքում Մանուկյանն ընդամենը հայտարարել էր, որ «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»: Վերջինս, բնականաբար, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն համարելով քաղաքական հետապնդում։ Իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն էլ, աֆրիկյան բռնատիրական լավագույն ավանդույթների համաձայն, հանուն սեփական իշխանության պահպանման, դատի է տալիս Մանուկյանին: Դրանով, ի դեպ, դաս տալով ՀՀ երրորդ նախագահին, թե ինչպես էր պետք պահպանել իշխանությունը:  

Ի դեպ, ի գիտություն Փաշինյան Նիկոլի, Քննչական կոմիտեի, մեղադրանքը հաստատած դատախազության, ինչպես նաեւ դատարանի, իշխանություն տապալելով այն փոխելու՝ ժողովրդի իրավունքն ու պարտականությունն ամրագրված են աշխարհի ամենադեմոկրատական երկրներից մեկի՝ Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի նախաբանում: Խնդրեմ․ «...եթե որեւէ պետական համակարգ ոտնահարում է այդ իրավունքները, ապա ժողովուրդն իրավունք ունի փոխել այն կամ վերացնել եւ ստեղծել այնպիսի սկզբունքների վրա հիմնված նոր համակարգ՝ կազմակերպելով իշխանություն այնպիսի ձեւերով, որոնք լավագույնս պետք է ապահովեն ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը։ ...երբ չարաշահումների եւ բռնությունների երկար շարքը ...բացահայտում է ժողովրդին բացարձակ դեսպոտիզմի ենթարկելու ձգտումը, ապա ժողովրդի իրավունքն ու պարտականությունն է՝ տապալել նման իշխանությունը եւ ստեղծել իր ապագա անվտանգության ապահովման նոր երաշխիքներ»:

Պատկերացնո՞ւմ եք, որ ամերիկյան դատարանն այս խոսքերի համար մի օր դատեր դրա հիմնական հեղինակ, ԱՄՆ 3-րդ նախագահ, ամերիկյան պետության հիմնադիր-հայրերից մեկին՝ Թոմաս Ջեֆերսոնին: Անձամբ ես չեմ պատկերացնում: 

«Այս իշխանությունը մեր ժողովրդի համար թշնամի իշխանություն է ու Հայաստանի համար որեւէ օգտակար բան անել չի կարող, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են։ Տեսնում են, որ Հայաստան պետության ղեկավարությունը կամք ու ուժ չունի, անընդհատ շարունակելու են հարձակվել։ Մեր սահմաններում ու, առհասարակ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կայուն չէ, դա հաստատ կայուն վիճակ չէ։ Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանարար պատերազմի»,- դատարանում լրագրողներին ասել է Վազգեն Մանուկյանը։