Ինչպես հաղթահարել քաղաքական եւ այլ բնույթի տեսիլքները (թերապիա)

Ինչպես հաղթահարել քաղաքական եւ այլ բնույթի տեսիլքները (թերապիա)

Պարզվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «չաղ» թվերով արտահայտված տնտեսական աճի, ներդրումներ չապահովող դեսպաններին ասֆալտին փռելու, Հայաստանի եւ Արցախի այսրոպեական միավորման, Հայաստանը որպես ժողովրդավարության օրրան աշխարհին ներկայացնելու, իր «ախպորը» ՍԴ նախագահ դարձնելու եւ բազմաթիվ այլ տեսիլքներից բացի, նաեւ պետական գործերին ու պետությանն ընդհանրապես չառնչվող տեսիլքներ են այցելում: 

Հավանաբար կռահեցիք, որ խոսքը օրենքով գողերի հետ կապված տեսիլքի մասին է, որ Փաշինյանը դարձրեց կառավարության նիստի քննարկման առարկա: Նա, իհարկե, կարող էր առավոտյան բացել ծորակը եւ ջրին պատմել այդ երազը, բայց, ինչպես տեսանք, նախընտրեց այդ տեսիլքի մասին բարձրաձայնել աշխարհով մեկ: «Вор должен сидеть в тюрьме»,- խրոխտ հայտարարեց Փաշինյանը՝ դույզն ինչ չմտահոգվելով, որ այդ հայտարարությունը կարող էր օրենքով գողերի շրջանում մե ծիծաղ, իսկ սեփական թիմի շարքերում մե լուծ առաջացնել: Չմոռանանք նաեւ Փաշինյանի այդ հայտարարության երրորդ եւ ամենակարեւոր հասցեատիրոջը՝ ժողովրդին, որի աչքին օրենքով գողերի «ինստիտուտը» միանգամայն այլ մեկնաբանություններ եւս ունի: Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ժողովուրդը չի հավատում, որ օրենքով գողերը կարող են երբեւէ «թավաքյալլի» որոշումներ կայացնել՝ ի տարբերություն կառավարության:

Լավ, կատակը մի կողմ, բայց պետք է ասեմ, որ տեսիլքների հաճախակի այցելությունները հղի են լուրջ հետեւանքներով: Պրակտիկայից հայտնի են բազմաթիվ նախադեպեր, երբ մարդն իր տեսիլքից փորձել է ազատվել փախուստի կամ այլ եղանակով: Ամենաթարմ դեպքերից մեկը, օրինակ, Սահակաշվիլու փախուստն է: Տեսիլքներից փախչելու երեւույթին անդրադարձել են նաեւ մեր պոետները: Թումանյանը մի ամբողջ պոեմ է գրել լոռեցի Սաքոյի մասին, իսկ նրա Անուշը անդունդը նետվեց առանց հարսի ու փեսայի հարսանիքի տեսիլքից: Իսկ մեր գրականության մեջ լայն տարածում գտած «Մահվան տեսիլնե՞րը»: Ինչպե՞ս պայքարել տեսիլքների դեմ կամ ինչ անել, որ դրանք չայցելեն:

Թերեւս Նեսոյի քարաբաղնիսը չարքերին հեռացնելու հնացած մեթոդ է եւ կարող է նույնիսկ ծայրահեղ միջոց համարվել 21-րդ դարում: Բայց եթե ուրիշ ելք չի մնում, կարելի է նաեւ այդ մեթոդը կիրառել: Հուսանք՝ այս դեպքում դրա անհրաժեշտությունը չի լինի, որովհետեւ սինդրոմները տակավին առաջնային փուլում են, եւ հնարավոր չէ մեծ ճշգրտությամբ որոշել դրանց խորքային ծագումնաբանությունը: Հետեւաբար, պետք է սկսել առավել թեթեւ պրոցեդուրաներից, որոնք հայտնի էին դեռ մեր ապուտատերին: Հիշում եմ, երբ պապս առավոտյան ասում էր, որ վատ երազ է տեսել, տատս նրան արգելում էր ոչխարը գնալ՝ մի փորձանք կբերես գլխիդ, այ մարդ, թող էսօր Եղոն չոբան գնա: Լուրն արագ հասցնում էին Եղոյին, թե Սհակն էսօր վատ երազ է տեսել, դու պետք է սուրուն քշես արոտ: Եղոն էլ, բնականաբար, չէր մերժում այդ խնդրանքը: Հիմա ես կարծում եմ՝ ոչ մի անպատեհություն չկա, որ կառավարության նիստերը երբեմն-երբեմն փոխվարչապետն անցկացնի, եթե վտանգ կա, որ Փաշինյանը կարող է տապալել դրանք կամ մի փորձանք բերել իր գլխին: Բավականին արդիական է, ինչպես արդեն ասացի, վատ երազը ջրին պատմելը: Ցանկալի է, որ այս պրոցեդուրան կազմակերպի տանտիկինը՝ ամուսնուն կանգնեցնելով խոհանոցի կամ բաղնիքի ծորակի մոտ: Սրա իմաստն այն է, որ հոսող ջուրն իր հետ տանում է վատ երազի կամ տհաճ տեսիլքի կատարման հնարավորությունը:

Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչ անել, երբ մարդն ուզում է հանրահայտ ճշմարտություններին եւ արդեն իսկ օրենքով կարգավորված երեւույթներին օրենքով ուժ տալ նորովի: Այս առումով խիստ հատկանշական է օրենքով գողերի տեսիլքը, որ, ես կասեի, անգործության պատճառով է այցելել Փաշինյանին: Եթե վերջինս նախօրեին Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին անիմաստ ստատուս գրելու փոխարեն մի օգտակար գործով զբաղվեր, ասենք՝ տնտեսական հարցեր լուծեր, ներդրողների հետ հանդիպեր, դեսպանների գլխին մի երկու ժամ ավել ավետարան կարդար, հետեւեր աշխատավարձերի ու թոշակների բարձրացման գործընթացին, հաստատ՝ օրենքով գողերին չէր հիշի եւ երազում էլ կոշմարներ չէր տեսնի այդ թեմայով: Այսինքն, ուզում ենք ասել, որ գործով զբաղվելը մարդուն հեռու է պահում նման տեսիլքներից:

Արդեն իսկ կարծիքներ են հնչել, որ օրենքով գողերն այս ամենը անհետեւանք չեն թողնելու: Սուտ է, պետք չէ վախենալ այսպիսի կարծիքներից: Նման կարծիքներ, սովորաբար, հայտնում են մարդիկ, որոնք երբեւէ առիթ չեն ունեցել շփվելու օրենքով գողերի հետ կամ էլ շփվել են՝ չիմանալով, որ իրենց հետ շփվողն օրենքով գող է: Ես վստահ եմ, որ նրանք մի կուշտ ծիծաղել են մեր կառավարության անդամների վրա, որոնք լուրջ-լուրջ քննարկում էին Փաշինյանի երազը՝ է՛լ դատախազ, է՛լ արդարադատության նախարար, է՛լ բան: Լավ էր չհայտարարեցին, թե, իբր, օրենքով գողերը ծանր են նստում պետական բյուջեի վրա ու խանգարում հպարտ քաղաքացիների եկամուտների ավելացման սուրբ գործին: Այ, դա կլիներ իսկական խայտառակություն, որովհետեւ, եթե մի բան կա, որ ծանր է նստում մեր բյուջեի վրա, դա ոչինչ անել չկարողացող կառավարությունն է: