Նիկոլ Փաշինյանը 2019-ին հայտարարված պատերազմը վերսկսում է նոր թափով

Նիկոլ Փաշինյանը 2019-ին հայտարարված պատերազմը վերսկսում է նոր թափով

Իշխանության պատվերները չկատարող եւ անկախ դատավորների գլխին, կարծես թե, կրկին սեւ ամպեր են կուտակվում․ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ համակարգին հայտարարած պատերազմը չի մոռացել եւ երկրորդ անգամ է փորձում վերսկսել։ Խոսքը դատավորների վեթինգի մասին է։ Երբ ներկայիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ էր գործուղվում, իրավաբանական հանրույթի շրջանում արդեն իսկ կային քննարկումներ, որ Անդրեասյանը կոնկրետ առաքելությամբ է գնում ԲԴԽ՝ իշխանությունների համար անցանկալի դատավորներից ազատվելու համար։ Նման ենթադրությունների առիթ էին տալիս Անդրեասյանի թե՛ խոսքը, թե՛ գործը․ նա հայտարարել էր, թե դատական համակարգում կան կոռումպացված դատավորներ, որոնցից պետք է ազատվել, բայցի այդ էլ՝ տարբեր դատավորների դեմ կարգապահական վարույթներ էր հարուցում, որոնց մոտ կեսը մերժվում էր։

Անդրեասյանի՝ ԲԴԽ գնալուց հետո արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանն է վերջերս վեթինգի թեմայով մի քանի քննարկումների մասնակցել։ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել «Վեթինգը՝ դատական համակարգում» թեմայով հանդիպում, որի ընթացքում քննարկվել են վեթինգի գործընթացի «պատշաճ կազմակերպմանը» վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, որ հանրային խոսույթում «վեթինգ» տերմինը սկսեց լայնորեն կիրառվել 2019-ի մայիսի 20-ից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց շրջափակել Երեւանի բոլոր դատարանների մուտքերը, նույնիսկ դատավորներին արգելեցին մտնել դատարանի շենք։ Հրահանգի առիթը դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումն էր՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ կալանքից ազատ արձակելու մասին։

Իրավագիտության թեկնածու, դոցենտ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ վեթինգի գործընթացի նախապատրաստման փուլերից մեկն այն էր, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ դարձավ։ «Ներկայիս իշխանությունները չեն դադարում դատական իշխանությունն իրենց ենթարկեցնելու գործընթացը, որը 2019 թվականին սկսվեց դատարանների շենքերը փակելով։ «Վեթինգ» տերմինը գուցե մասնագիտորեն ճիշտ չէ օգտագործելը, դա բոլորովին այլ բան է նշանակում, բայց այսօր Հայաստանում դրա տակ մենք հասկանում ենք այն գործընթացը, որով իշխանությունների համար ոչ ցանկալի դատավորները տարբեր ձեւերով  կարող են դուրս մղվել համակարգից։ Միայն այն փաստը, որ արդարադատության նախարար, քաղաքական թիմի անդամ Կարեն Անդրեասյանը նշանակվեց ԲԴԽ-ում, ստանձնեց դրա ղեկավարումը, իր հետ ԲԴԽ բերեց իր տեղակալին (Երանուհի Թումանյանցին՝ Կ․ Ս․), կարելի է համարել այդ գործընթացի նախապատրաստական փուլերից մեկը։ Նրա մյուս տեղակալը՝ Գրիգոր Մինասյանը, շարունակում է արդարադատության նախարարությունում նույն քաղաքականության իրականացումը։ Այսինքն՝ սերտաճման մակարդակը գնալով մեծանում է, եւ ես չեմ բացառում, որ ԲԴԽ-ում ընթացակարգերը շուտով կվերածվեն զուտ ձեւականության, եւ ամենեւին արդյունավետություն չի ունենա ԲԴԽ-ի առջեւ ինչ-որ բան փաստարկելը։ Համենայնդեպս, այս պահի դրությամբ հակառակի մասին հետեւության գալու ոչ մի նշան չեմ տեսնում»,- ասաց Մելիքյանը։

Իրավաբանին հարցրինք՝ արդյոք ներկայումս գործող իրավական կարգավորումները չե՞ն բավարարում դատավորների բարեվարքությունը ստուգելու համար, չէ՞ որ նրանք հայտարարագրեր են ներկայացնում, վարույթներ են հարուցվում, էթիկայի հանձնաժողով կա․ նոր միջամտությունների ու մեխանիզմների կարիքը կա՞։

«Բնականաբար՝ չկա եւ չէր կարող լինել, ավելին՝ այդպիսի միջամտությունների կարիք կա իշխանության մյուս ճյուղերում։ Մենք անընդհատ լսում ենք․․․, օրինակ, վերջին դեպքը՝ ինչ-որ տաքսիստի մասին, ով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր է դարձել եւ հսկայական գումար է հայտարարագրել՝ տաքսիստին ոչ բնորոշ։ Այնտեղ դրա կարիքն ավելի շատ կա, բայց որեւէ մեկը չի խոսում իշխանությունների այլ ճյուղերի բարեվարքության մասին՝ շատ պարզ պատճառով․ այստեղ խնդիրն ամենեւին բարեվարքությունը չէ, այլ դատական իշխանությունն ամբողջությամբ՝ 100 տոկոսով, իշխող քաղաքական ուժին ենթարկեցնելն է, եւ, ցավոք սրտի, այս գործընթացն իրականացվում է նաեւ եվրոպական կառույցների ծափահարությունների ներքո, ինչն իր հերթին ունի իր պատճառները՝ կապված այս իշխանությունների կողմից այլ հարցերում եվրոպացիներին բարեհաճ քաղաքականություն իրականացնելու հետ։ Այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք զուտ քաղաքական գործընթացի հետ, եւ այս ամենն իրավական արժեքների հետ որեւէ առնչություն չունի»,- պատասխանեց Մելիքյանը։

ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանը, մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե նախկինում, երբ ինքը ԲԴԽ անդամ էր, վեթինգի հարցը քննարկվո՞ւմ էր, եւ ինչո՞վ է պայմանավորված այս փուլում դրան վերադառնալը, պատասխանեց․ «Ես, ճիշտ ասած, չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված դրա մասին հիմա խոսելը, բայց ինչ ես գնացել եմ ԲԴԽ, 2019 թվականից անընդհատ խոսում են՝ պարբերաբար դրա մասին հիշեցնելով։ Թե ինչու են հիմա սկսել խոսել, տեղյակ չեմ, չգիտեմ, թե ինչ են նախաձեռնում՝ ինչ-որ բան, որն այն ժամանակ չի քննարկվել»։

Իսկ այդ քննարկումների արդյունքում միասնական մոտեցում կամ ըմբռնում ձեւավորվե՞լ էր, թե ինչ տեսք պիտի ունենա վեթինգը՝ հարցրինք Բեքմեզյանին։ «Իրականում, միասնական դիրքորոշում ես մինչեւ հիմա չեմ տեսել։ Նկատի ունեմ թե՛ հասարակական սեկտորի, թե՛ պետության, թե՛ դատական իշխանության մոտ, ամեն մեկն իր պատկերացրածի համաձայն է հասկանում, թե ինչ պետք է լինի։ Ամեն դեպքում, քաղաքականությունը ստեղծում է իշխանությունը, իրականացնում է իշխանությունը, եւ դատական իշխանությունը, հասարակական կազմակերպությունները պետք է ստուգեն դրա իրականացման գործընթացում օրինականության, օբյեկտիվության, անաչառության պահպանումը։ Կարծում եմ՝ պետք է միասնական մոտեցում, բայց մինչ այժմ ես միասնական մոտեցում չեմ տեսել՝ դրա հետ կապված»,- պատասխանեց իրավաբանը։

Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչների հնչեցրած «վնգստացող դատավորներ» կամ «կոռումպացված դատավորներ» ձեւակերպումների, դատարանների շրջափակման ֆոնին վեթինգն ընկալվում է որպես անցանկալի դատավորներից ազատվելու պրոցես, ինքը մտահոգություն ունի՞, որ վեթինգն իրականում հենց իշխանությունների համար անցանկալի դատավորներից ազատվելու պրոցեսն է, Բեքմեզյանը պատասխանեց․ «Ես հույս ունեմ, որ այդ պրոցեսն այդպիսին չէ, որովհետեւ եթե այդպես է, ուրեմն այս 4 տարիների ընթացքում ինչ-որ դատավորներ ազատված կլինեին՝ ենթադրում եմ։ Ես նախ չգիտեմ, թե որոնք են անցանկալի դատավորներն այս պահի դրությամբ։ Այսինքն՝ նախ պետք է հասկանալ, թե որոնք են անցանկալի դատավորները, հետո հասկանալ, թե ինչպես են ուզում նրանցից իշխանություններն ազատվել։ Մինչ այժմ ես ինչ-որ հատուկ գործողություններ չեմ տեսել, որոնք կարող էին ուղղված լինել կոնկրետ դատավորից  ազատվելուն։ Ամեն դեպքում, ինչպես ես հասկանում եմ, այդպիսի բան տեղի չի ունեցել, իսկ իմ պատկերացմամբ՝ վեթինգը շատ ավելի գլոբալ գործընթաց է, որը պետք է վերաբերի ոչ միայն դատական իշխանությանը, այլեւ, ընդհանրապես, ամբողջ դատաիրավական համակարգին, այդ թվում՝ դատախազությանը, փաստաբաններին եւ այլն, որովհետեւ արդարադատությունը Հայաստանում իրականացվում է դատարանների միջոցով, բայց այդ գործընթացին նպաստում են, սկսում են նաեւ դատախազությունը, իրավապահ մարմինները, փաստաբանական կորպուսը, եւ վեթինգ ասելով՝ ես հասկանում եմ այնպիսի միջավայրի ստեղծում, որ բոլորն օրենքի սահմաններում իրականացնեն իրենց պարտականությունները։ Որովհետեւ եթե վեթինգը նպատակ ունի բացահայտել կոռումպացված դատավորներին եւ նրանց հեռացնել դատական համակարգից, ապա մինչ այժմ ես նման բան գլոբալ առումով չեմ տեսել։ Եթե նպատակ ունի ընդհանրապես դատական համակարգը փոխել, դատավորներին հանել եւ նոր դատավորներ նշանակել, ապա նման բան էլ չեմ տեսել։ Եթե նպատակ ունի դատավորներին սարքել յուրային, ապա ես դա չեմ ընդունում, դա արդեն «վեթինգ» չէ»։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ, պատասխանելով հարցին, թե այժմ վեթինգի անհրաժեշտություն կա՞, ասաց․ «Վեթինգի կարիքը միշտ կա դատական համակարգում, եւ խոսակցությունները եթե նույնիսկ ինչ-որ մի պահ դադարել էին, ապա ես գտնում եմ, որ ոչ թե դադարել էին, այլ ժամանակ էր պետք ԲԴԽ նոր նախագահին, որպեսզի կողմնորոշվի։ Երեւի թե այդ ժամանակն անցել է արդեն, եւ գտնում եմ, որ իրականում անհրաժեշտություն կա, նույնիսկ ավելին ասեմ՝ նույնիսկ լյուստրացիայի անհրաժեշտություն կա, որը շատ ավելի խիստ գործիք է այդ դաշտում։ Դատական համակարգն իրականում պետք է մաքրվի, զտվի»։ Կարծիք կա, որ վեթինգն իշխանության պատվերները չկատարող դատավորներից ազատվելու գործիք է, Դուք ո՞ր վեթինգի կողմնակիցն եք, Վարդազարյանն արձագանքեց․

«Ես «վեթինգ» բառի դասական նշանակությունը նկատի ունեմ, որ անբարեխիղճ, կոռուպցիայում նկատված կամ կոռուպցիայով զբաղվող դատավորներից ազատվել, ազատվել քաղաքական կապեր ունեցող դատավորներից, որպեսզի դատական համակարգում մնան մարդիկ, ովքեր պետության կողմից աշխատավարձի դիմաց զբաղվում են զուտ արդարադատությամբ, ղեկավարվում են խղճով եւ կաշկանդված են օրենքով, իրավունքի գերակայությամբ։ Ինձ համար վեթինգը դա է, իսկ որ իշխանության հաճելի դատավորները մնան, ոչ հաճելիները գնան, դա վեթինգ չէ, դա ընդամենը կադրային ջարդ է նշանակում, դրան ուրիշ անվանում կարելի է մտածել, եւ դա որեւէ կապ չունի իմ ասած վեթինգի հետ»։

Իսկ Դուք հավատո՞ւմ եք իշխանությունների ազնիվ մտադրություններին, որ հենց այդ դասական նշանակությամբ վեթինգն են ցանկանում անել։ «Գրպանային դատական համակարգ ունենալու գայթակղությունն այնքան մեծ է, որ, կարծում եմ, իշխանությունները կփորձեն ստանալ դա, բայց նաեւ կարծում եմ, որ ինչ-որ մի պահ է գալու, որ ինքնապահպանական բնազդը ստիպելու է, որ զերծ մնան այդ մտքից ու իրական վեթինգ իրականացնեն»։

Իշխանությունների՞ ինքնապահպանական բնազդը՝ հարցրինք Վարդազարյանին։ «Պետության ինքնապահպանական բնազդը կստիպի»,- պատասխանեց ԲԴԽ նախկին նախագահը։