Ինչպես են հրաժարվում 1 միլիարդ եվրոյից․ նոր մանրամասներ Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակից
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն օրերս հայտարարեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու մասին։ Կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է այս ամիս։
«Երկու մրցաշրջանից հետո Լեո Մեսսիի արկածները Ֆրանսիայի մայրաքաղաքում կավարտվեն այս մրցաշրջանից հետո։ Ակումբը շնորհակալություն է հայտնում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրին, որը նաեւ երկու չեմպիոնական տիտղոս նվաճեց ՊՍԺ-ում»,- նշվում էր փարիզյան ակումբի հաղորդագրությունում։
ՊՍԺ-ն ամեն դեպքում ցանկանում էր երկարաձգել համագործակցությունը Մեսսիի հետ, սակայն մերժում է ստացել ֆուտբոլիստից։ Արգենտինացու ծառայություններով, հիշեցնենք, լրջորեն հետաքրքրված են «Ինտեր Մայամիին» և «Ալ Հիլալին»։ «Բարսելոնան» նույնպես ամեն ինչ անում է ֆուտբոլիստին հետ վերադարձնելու համար, սակայն պարզ է, որ ֆինանսական առումով չի կարող մրցել վերոնշյալ երկու ակումբների հետ։ Մարզական մամուլում լուրեր են տարածվել անգամ, որ «Ալ Հիլալիի» ղեկավարությունը պատրաստ է Մեսսին տարվա համար 500 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել։ Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Մեսսին վերջնական որոշում է կայացրել, ուզում է վերադառնալ հարազատ «Բարսա» ու անգամ պատրաստ է անվճար խաղալ կապտանռնագույների կազմում։
Այն, որ Մեսսին պատրաստ է անվճար խաղալ հարազատ ակումբում, այդ մասին խոսել է նաև ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին, որը նաև արգենտինացու գործակալն է։ Տեղեկություն կա նաև, որ ֆուտբոլիստը խնդրել է «Ինտեր Մայամիին» և «Ալ Հիլալին» օգնել իրեն, որպեսզի վերադառնա «Բարսելոնա»։ Խոսվում է, որ ակումբներից մեկը գուցե պայմանագիր կնքի Մեսսիի հետ, իսկ նա վարձավճարով հանդես գա «Բարսայում»։
Կարծիքներ