Դրանք քաղաքական էժանագին մանիպուլյացիաներ են, որոնց դիմում են չհայերը

Դրանք քաղաքական էժանագին մանիպուլյացիաներ են, որոնց դիմում են չհայերը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

- Երեկ Արմեն Աշոտյանը հրապարակեց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրի ինչ որ մասը: Երեւի ծանոթ եք, ի՞նչ կասեք` եթե այն կյանքի կոչվի, ի՞նչ տեղի կունենա:

- Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երկար ժամանակ է, ինչ այդ խաղաղության պայմանագրի մասին խոսում են, նորություն չէ: Այդ պայմանագրին վերաբերող նյութերի արտահոսք է եղել: Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը համառորեն թաքցնում է այն, ինչը հավանաբար տեղի է ունենալու առաջիկայում: Կարծես, խաղաղության պայմանագրի արտահոսքը կրկնությունն էր մոտ 7 ամիս առաջ Բլինքենի տարբերակի, կամ գուցե կրկնությունն է` ավելի վատ իմաստով: Մենք բոլորս հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունն այնպիսի խաղաղության պայմանագրի տակ, որի տեքստում չկա խոսք Արցախի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի խնդրի, Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման մասին: Նույն այդ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմիցս նշել է, որ իրենց համար առաջնայինն Արցախում ապրող հայերի իրավունքներն են և այժմ հասել են այն մակարդակին, որ անգամ նշում են` Ղարաբաղում ապրող հայեր: Այս իշխանություններն ամեն կերպ Արցախն Ադրբեջանին հանձնելու ճանապարահով են գնում: Մի կողմից սա շատ վտանգավոր է, սակայն մյուս կողմից էլ հասկանալի է, որ այս իշխանությունները հենց դրա համար են եկել: Այլ հարց է, որ այսօր ոչ Հայաստանում,  և ոչ էլ Արցախում չկան այն գործուն քաղաքական պրոցեսները, որոնք կկարողանան կանխել Արցախն Ադրբեջանին հանձնելու վերջնական պրոցեսը: Թերևս միակ պայքարի ձևն այն է, որ արցախահայությունը հաստատ կանգնելու է իր հողի վրա, գծելու է իր կարմիր գծերը: Ոչ մի կերպ չի համաձայնելու ապրել Ադրբեջանի կազմում: Հայաստանի իշխանությունների հեռացումը միայն կարող է հարցին տալ լուծում: Պետք է այս մարդկանց հեռացնել իշխանությունից, որպեսզի կարողանանք Արցախն Ադրբեջանին հանձնելու պրոցեսը կանգնեցնել:

- Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները քողարկված կամ բացահայտ ցույց են տալիս, որ ձեռքերը լվացել են Արցախից: Օրինակ` պատգամավոր Գուրգեն Արսենյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանը չի կարող 3 միլիոն մարդու կյանքը վտանգել հանուն 120 հազար արցախցու: Եթե ՀՀ իշխանություններն Արցախից հրաժարվել են, ինչո՞ւ են այժմ խաղաղության պայմանագիր կնքում` վճռելով Արցախի ճակատագիրը նաեւ: Ի վերջո` Արցախն ունի նախագահ, Ազգային ժողով, կառավարություն:

- Խաղաղության պայմանագիր ասվածի բովանդակային մասի կազմմանն, ըստ իս, Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը որևէ մասնակցություն չեն ունենում: Նրանց պարտադրվում է զուտ տեքստը: Մինչ օրս այդ պայմանագիրը չի կնքվել ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի կետի համաձայն չէ, ընդդիմանում է, այլ պարզապես աշխարհաքաղաքական կենտրոնները դեռևս չեն եկել համաձայնության: Պարտված, կապիտուլացված իշխանությունները չեն կարող որևիցե կամք դրսևորել: Այս իշխանությունները ոչինչ անել, ոչինչ փոխել չեն կարող: Նրանց ցուցված է Արցախն Ադրբեջանին հանձնել, իսկ Հայաստանը` կապիտուլացնել, ուստի հենց այդ ճանապարհով էլ գնում են, իսկ թե ինչ կգրվի խաղաղության պայմանագիր ասվածում, ինչ կետեր կլինեն, ինչ բառակապակցություններ, դրանք ոչ մի կապ չունեն Նիկոլ Փաշինյանի ցանկությունների հետ: Ինչ հրամցնեն, սեղանին դնեն, Փաշինյանը պարտավորված ստորագրելու է: Ինչ վերաբերում է այն բարբաջանքներին, թե 3 միլիոն մարդու կյանք չի կարելի վտանգել հանուն 120 հազար արցախցու, դրանք ունեն հանրության շրջանում կեղծ օրակարգ ստեղծելու միտում, թե իբր պետք է ընտրություն կատարել 3 միլիոնի և 120 հազարի միջև: Դրանք քաղաքական էժանագին մանիպուլյացիաներ են, որոնց դիմում են չհայերը: Նման մարդկանց չի կարելի հայ անվանել: Այդ հայտարարությունն ի՞նչ էր նշանակում, որ 120 հազար արցախցու պետք է զոհե՞ն, որպեսզի փրկեն 3 միլիոնին: Նման հարց օրակարգում չի եղել, նման հայտարարություններով թշնամու ջրաղացին են ջուր լցնում: Նման պատգամավորներին անդրադառնալն էլ անիմաստ է:

- Եթե Հայաստանի իշխանությունները, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանն, Արցախն Ադրբեջանին է հանձնում, այդ պարագայում ի՞նչ պետք է անեն Արցախի իշխանություններն, ի՞նչ պետք է անեք դուք, ի՞նչ կարող է անել արցախահայությունը:

- Բազմիցս հայտարարվել է, որ Արցախի իշխանությունները` օրենսդիր և գործադիր, պետք է կարողանան կամք դրսևորել, չենթարկվելով Հայաստանի իշխանություններին: Պետք է կարողանան հակազդել բոլոր նրանց, ովքեր փորձում են Արցախը տալ Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ Արցախի Հանրապետությունը կարող է կյանք ունենալ առանց Հայաստանի Հանրապետության: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստան չի նշանակում Նիկոլ Փաշինյան: Ապրելով Արցախում, մնալով այստեղ, հայտարարելով, որ Արցախը հայկական հող է, խոսելով այն մասին, որ սա մեծ հայրենիքի` Հայաստանի մի մասն է, պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ անհնար է Հայաստանը փրկել առանց Արցախի և հակառակը` չենք կարող Արցախը փրկել առանց Հայաստանի: Պետք է մաքսիմալ կոնսոլիդացիա ստեղծել, որպեսզի Հայաստանում և Արցախում ստեղծվեն հայի շահը սպասարկող իշխանություններ, որոնք իսկապես հայրենասեր կլինեն, որոնց համար առանջնայինը հայկական շահը կլինի:

- ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց Ադրբեջանի դիմումն` ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում էր պարտավորեցնել Ադրբեջանին բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց երկկողմ տեղաշարժը, անհապաղ վերականգնել գազամատակարարումը։ Առաջին հայացքից թվում է, թե ի շահ Հայաստանի որոշում է կայացվել: Ի՞նչ տրամադրություններ են Արցախում, ի՞նչ սպասելիքներ ունեք Հաագայի դատարանի այս որոշումից և ի՞նչ եք կարծում, ե՞րբ կբացվի Արցախի միակ ճանապարհը:

- Առաջին հայացքից այդ որոշումը հայանպաստ է, սակայն մեծ ակնկալիքներ ես չունեմ: Թերահավատորեն եմ մոտենում այդ հարցին, որովհետև Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ցույց են տվել, անգամ անթաքույց հայտարարել են, որ ոչ մեկը չի կարող ազդել իրենց որոշումների վրա և որ իրենք ոչ մի հորդոր չեն ընդունելու: Իլհամ Ալիևը չի համարվում այն ժողովրդավար, մարդու իրավունքների համար պայքար տանող քաղաքական գործիչն, ում կարելի է հավատալ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը տուրք չի տալու Հաագայի դատարանի որոշմանը: Ադրբեջանն իր մտադրություններից հետ չի կանգնելու: Լաչինի միջանցքը կբացվի այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանություններն Արցախի իշխանությունների հետ միասին կկարողանան կամք դրսևորել, ցույց տալով, որ իրենք ոչ թե բանակցային առարկա են, այլ` բանակցային կողմ: