Մեկնարկել է ԵՄ գագաթնաժողովը․ Զելենսկին ևս կմասնակցի

Մեկնարկել է ԵՄ գագաթնաժողովը․ Զելենսկին ևս կմասնակցի

Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ 

Երկօրյա գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերն են՝համաշխարհային տնտեսական իրավիճակն ու մրցունակությունը Եվրոպայում, բանկային և էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։

Գագաթնաժողովի առաջին մասը կղեկավարի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, քննարկումներին կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ 
Անդրադարձ կլինի այնպիսի կարևոր աշխարհաքաղաքական հարցերի, ինչպիսիք են՝ ռուս-ուկրաինական պատերազմը, կլիմայի փոփոխությունը, պարենային անվտանգությունը և ընդլայնված Սևծովյան հացահատիկի միջանցքի համաձայնագիրը։

Այնուհետեւ առաջնորդները կանցնեն ուկրաինական նստաշրջանին: 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպման այս հատվածին կապվելու է տեսակոնֆերանսի միջոցով։ Կքննարկվեն տարբեր հարցեր, ինչպիսիք են՝ Ուկրաինային ԵՄ-ի շարունակական աջակցությունը, զինամթերքի և զենքի տեսքով ռազմական աջակցությունը, ինչպես նաև սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը:
Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կքննարկեն նաև միգրացիայի հարցը։