Հ1-ից հեռացրեցին «խուճապ հարուցող» հոդվածը

Հ1-ից հեռացրեցին «խուճապ հարուցող» հոդվածը

Հանրային հեռուստաընկերության պաշտոնական լրատվական կայքը՝ 1lurer.am-ը, այսօր մի նյութ էր հրապարակել «Ինքնամեկուսացումն անօգոտ է վարակի դեմ պայքարի համար․ԱՀԿ» վերնագրով։ Եվ սա տարածվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի լուսանկարով։ Այսինքն՝ մի կողմից ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն է սահմանում և բոլորին կոչ անում, պարտադրում մնալ տանը, ինքնամեկուսանալ, տանից դուրս չգալ, որ չվարակենք միմյանց, մյուս կողմից ԱՀԿ գլխավոր տնօրենը հակառակն է հայտարարում, թե ինքնամեկուսացումն անօգուտ է վարակի դեմ պայքարի համար։

Եվ նրա այս խոսքերը արտատպում է Հայաստանի պետական հեռուստատեսությունը՝ Հանրայինը, ամենահնչեղ այդ միտքն էլ դնում վերնագիր ու տարածում իր կայքով։ Ստացվում է՝ Հ1-ը խախտում է կառավարության սահմանած կարգը, տալիս պաշտոնականին հակասող տեղեկատվություն և գուցե նաև դրանով խուճապ տարածում։

Սա նկատել էին ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, 1lurer.am-ի այս հոդվածի հղումը տեղադրել իրենց էջերին և հարցադրում արել, թե որքանո՞վ է նորմալ, որ Հ1-ը նման տեղեկատվություն է տարածում։ Եվ մինչ օգտատերերը կքննարկեին այս հարցը, նյութը հեռացրեցին կայքից։ Նշված հղումով տվյալ հոդվածն այլևս հասանելի չէ։ Հավանաբար պարետատնից զանգել և հեռացնել են տվել հոդվածը։

Իհարկե, նման բան բոլորիս հետ էլ կարող է պատահել։ Պարզապես զարմանալի է, որ նման կոպիտ սխալներ թույլ է տալիս Հանրային հեռուստաընկերությունը, որը գտնվում է անմիջապես կառավարության ու նրա տեղեկատվական ՊՈԱԿ-ի վերահսկողության ներքո, իսկ Հ1-ի ղեկավարությունն էլ, թվում է, ամենապրոֆեսիոնալներից պետք է լիներ՝ ի դեմս Պետրոս Ղազարյանի և ոչ միայն։