Մի խեղաթյուրեք մեր հրապարակումը` Առուշանյանին ոչ թե ՔՊ-ն է աջակցել, այլ ՔՊ-ի պառակտվածությունը

Մի խեղաթյուրեք մեր հրապարակումը` Առուշանյանին ոչ թե ՔՊ-ն է աջակցել, այլ ՔՊ-ի պառակտվածությունը

Մեր այսօրվա` «Իշխանությունը մինչեւ լուսաբաց նշել է Առուշանյանի հաղթանակը» լուրը ոմանք կամ չեն ընկալել կամ փորձել են խեղաթյուրել բովանդակությունը: Տարբեր վերլուծություններ ընկան աչքովս, թե` փորձում է Առուշ Առուշանյանի հաղթանակը նսեմացնել, փորձում են ներկայացնել, որ իշխանությունն է աջակցել Գորիսի քաղաքապետին եւ տեղադրում են մեր լուրը:

Թերեւս լրացուցիչ բացատրության կարիք կա մեր այսօրվա հրապարակման հետ կապված:

Նախ, ոչ ոք չի ասում, թե իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի հրահանգով կամ իմացությամբ աջակցել է կալանավորված Առուշանյանին եւ այդ հաղթանակը մաքուր իրենը չէ: Ճիշտ հակառակը` տասնյակ հրապարակումներ ենք արել այն մասին, որ Գորիսը Փաշինյանի եւ ՔՊ-ի գլխավոր նշանակետն էր, կյանքի եւ մահվան հարց էր, որ այստեղ հաղթելու համար գործի էին դրվել բոլոր ադմինստրատիվ լծակները, փող էին բաժանել, ոստիկանություն էին ներգրավել, հոգեբանական ճնշման միլիոն ձեւեր էին կիրառում եւ ՔՊ-ական մի մեծ դեսանտ էին իջեցրել Գորիսում:

Մեր հրապարակման մեջ խոսքն ընդամենը այն մասին է, որ իշխանության ներսում խոր պառակտում եւ կոնֆլիկտ կա: Բազում թեւեր են առաջացել եւ ներիշխանական գզվռտոց: Եւ այդ թեւերն են սկսել միմյանց դեմ պայքարել:

Կոնկրետ Գորիսում` կար մարզպետի թեւը, որը փորձել էր քաղաքապետի` իր թեկնածուին առաջադրել` հանձին փոխմարզպետի, սակայն հաղթել էր արմենխաչատրյանական թեւը, որն իր թեկնածուին էր առաջ մղել: Արդյունքում առաջացել էր կոնֆլիկտ` Սյունիքի տեղական ՔՊ-ականների եւ մայրաքաղաքաից ժամանածների միջեւ: Այդ կոնֆլիկտն այնքան էր սրվել, որ սյունեցիները երազում էին, որ Աբունցը պարտվի, որպեսզի իրենք ճիշտ դուրս գան: Եւ որպեսզի Արմեն Խաչատրյանը կորցնի Սյունիքում հարցեր որոշելու իրավունքը: Իսկ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եւ Առուշ Առուշանյանի միջեւ նաեւ անձնական կապ կար` որպես սյունեցիներ նրանք ժամանակին մտերիմ են եղել եւ բնական է, որ նաեւ մարդկային հարաբերություններն են որոշակի դեր խաղացել: Առուշի հաղթանակը նշելու պատճառը բացառապես սա է: