Օրինագիծն անկատար է, բայց ակադեմիան էլ կարիք ունի վերակառուցման

Օրինագիծն անկատար է, բայց ակադեմիան էլ կարիք ունի վերակառուցման

Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որը, քննարկվելով բազմաթիվ մասնագիտական խորհուրդներում, արժանացավ բացասական գնահատականների եւ  առաջացրեց ընդհանուր դժգոհություն մտավորականության շրջանում:

Change.org կայքում խնդրագիր-ստորագրահավաք է սկսվել, որը նախաձեռնել են մի քանի բուհեր՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ԵՊՀ հայագիտության հետազոտությունների ինստիտուտը, ԳԱԱ պատմության ինստիտուտը, ՀՊՄՀ պատմության ֆակուլտետը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը։ Բաց նամակ-խնդրագիրը առցանց հարթակում ստորագրել է 3 հարյուրից ավելի մարդ։ Ստորագրահավաքի նախաձեռնողները պահանջում են նշված օրենքի նախագիծը հանել շրջանառությունից եւ ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը։  

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասում է, որ 42 էջանոց երկարաշունչ փաստաթուղթը գալիս է մերժելու ակադեմիայի վերաբերյալ 2011թ․ օրենքը, որի վրա երկար ժամանակ աշխատել էին Գիտության պետական կոմիտեն եւ համապատասխան գիտական հաստատությունները։ «Առանց որեւէ պատճառաբանության, այդ 42 էջանոց փաստաթղթում ընդամենը 2 փոքրիկ պարբերություն կա ակադեմիայի վերաբերյալ, որոնցից առաջինը չեղարկում է 2011թ․ այդ օրենքը՝ առանց որեւէ պատճառաբանության, այսինքն՝ չեղարկվում է օրենք եւ չի ասվում, թե ինչու։ Եվ 2-րդ․ Գիտությունների ակադեմիան գիտական աստիճաններ ունեցող մարդկանց հանրույթ է, որը ենթարկվում է հիմնադրին, այսինքն՝ գիտության, կրթության նախարարությանը, այլ ոչ թե ակադեմիայի նախագահությանը, որը հուշում է, որ ակադեմիայի նախագահությունը, ըստ երեւույթին, պետք է վերանա, եւ ակադեմիական հիմնարկները կա՛մ պետք է ենթարկվեն ԿԳՆ-ին, կա՛մ պետք է միացվեն համապատասխան մասնագիտական ֆակուլտետների»։

Նրա կարծիքով՝ փորձ է արվում օգտագործել ամերիկյան մոդելը, բայց մեր ակադեմիական գիտությունն իրենից ներկայացնում է գերմանական մոդելը՝ Եվրոպայից վերցված։ «Այսօր եվրոպական երկրների 90 տոկոսն ունի այդ համակարգը, որ մարդը զբաղվում է միայն գիտությամբ եւ չի դասավանդում որեւէ տեղ, այսինքն՝ ամբողջապես նվիրված է գիտությանը։ Ակադեմիական գիտության առավելությունը հենց դրա մեջ է։ Եթե մենք տանում-կցում ենք բուհերին, մենք կընկնենք Վրաստանի եւ Ղազախստանի օրը, որոնք շատ են զղջում դրա համար, որովհետեւ, փաստացի, այլեւս գիտությունների ակադեմիա չունեն, քանի որ միացված են համալսարաններին։ Մնացած բոլոր հետխորհրդային հանրապետությունները պահպանել են նախկին ձեւը։ Եթե ակադեմիական համակարգում խնդիրներ կան, եւ պետք է դա վերանայել, ես համաձայն եմ դրան, բայց աչքը շինելու փոխարեն ունքն էլ հետը հանել չի կարելի։ Ակադեմիան 43թ․ պատերազմի թեժ ժամանակ ստեղծված գիտական հաստատություն է, որը խոշորագույն դեմքեր է տվել համաշխարհային գիտությանը, ինչպիսիք եղել են Հովսեփ Օրբելին ու Վիկտոր Համբարձումյանը եւ էլի շատերը»։

Ինչ վերաբերում է հայագիտական առարկաներին, ապա 2004թ․ օրենքի ուժով մտցվեց հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության «պարտադրանքը», որի մեջ ինքը միայն դրական իմաստ է տեսնում։ «Մենք աշխարհաքաղաքական բարդ  տարածաշրջանում ապրող ժողովուրդ ենք, եւ, բնականաբար, մեզ պետք է մասնագետ պատրաստելուց զատ, պատրաստել նաեւ հայրենասեր քաղաքացի՝ ազգային նկարագիր ունեցող։ Առանց այդ առարկաների ինչպե՞ս կարելի է ձեւավորել քաղաքացի։ Այն կեղծ պատճառաբանությունը, որ դպրոցում արդեն անցնում են այդ առարկաները, եւ բուհում կարիք չկա, դարձյալ հիմնավոր չէ։ Ամերիկյան համալսարաններում մինչեւ 4-րդ կուրս մարդիկ անցնում են անգլերեն՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից,  քաղաքացիություն ստանալու համար անցնում են տվյալ երկրի պատմությունը, հանձնում են քննություն։ Վրաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում սա պարտադիր պայման է։ Մեզ մոտ, զարմանալիորեն, այդ առարկաների նկատմամբ վերաբերմունքը փոխվում է հենց այդ փաստաթղթով եւ թողնվում է տվյալ բուհի կամ ֆակուլտետի հայեցողությանը։ Դե, բնականաբար, բուհն ու ֆակուլտետն իրենց հայեցողությամբ նախապատվությունը պետք է տան մասնագիտական առարկաներին, բայց ամբողջ խնդիրն այն է, որ աշակերտական տարիների պատանու մտահորիզոնը եւ երիտասարդական տարիների ուսանողի աշխարհայացքը տարբեր բաներ են։ Դրա համար բուհերում նրանք անպայմանորեն պետք է անցնեն այդ առարկաները՝ քաղաքացի ձեւավորելու համար։ Դրա համար էլ բոլոր հայագիտական ինստիտուտները քննարկել են այս փաստաթուղթը եւ մերժել։ Հիմա սկսել ենք ստորագրահավաք, որ այս օրենքի նախագիծը հանվի շրջանառությունից, եւ նոր նախագիծ մտնի շրջանառության մեջ, լայն քննարկման դրվի ու նոր մտնի ԱԺ»։

Մտավախություն չկա՞, որ աշխատանքային տարբերակը հնարավոր է դառնա նաեւ վերջնական։ Ըստ նրա՝ խոհեմությունը ենթադրում է, որ մարդիկ այս նախագիծը հանեն շրջանառությունից եւ չեղարկեն․ «Առավել եւս, որ, իրենց իսկ խոստովանությամբ՝ դա նախագիծ չէ, այլ աշխատանքային օրինակ, բայց եթե աշխատանքային տարբերակ է, ինչո՞ւ է այն մեյլերով ուղարկվել համապատասխան կառույցներին»։  

Գրականագետ Ազատ Եղիազարյանի կարծիքով՝ ակադեմիան կարիք ունի լուրջ վերակառուցման, պետք է ինստիտուտների կառավարումը բարեփոխել։ «Այստեղ միայն միացնելու հարցը չէ, որոշ ինստիտուտներ կարող են անկախ մնալ, որոնք ցույց են տվել, որ ընդունակ են ինքնուրույն աշխատելու, որոշ ինստիտուտներ էլ կարող են միացվել։ Ամեն դեպքում, պետք է ասել, որ օրենքի նախագիծը շատ անկատար է, անհասկանալի, այնպես է շարադրված, որ դրա շուրջ լուրջ քննարկումներ ծավալելն առայժմ դժվար է։ Այդ նախագիծը քննարկումից առաջ դեռ պետք է լավ վերանայվի, վերափոխվի»,- ասում է ու հավելում, որ նախագծում ուրիշ կետեր էլ կան, որ լուրջ քննարկումներ են պահանջում հատկապես հայագիտական առարկաների մասով․ «Հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում ալիք է բարձրացրել, Սորոսի հետ են կապում, բայց նա այստեղ ի՞նչ կապ ունի, այս խնդիրը սրանից 15 տարի առաջ արդեն կար, օրինակ՝ դասավանդե՞լ հայոց լեզու Բժշկական համալսարանում, թե՞ ոչ։ Այն, ինչ արվում է այդ բուհերում, պետք է արվեր դպրոցում։ Այստեղի՛ց պետք է սկսել, իսկ օրենքի նախագծում այս մասին չկա ոչինչ։ Այսօր մեր դպրոցներում շատ վատ են հայոց լեզուն սովորեցնում, ուսանողներ են գալիս, որոնք ուղղագրության տարրական կանոններ չգիտեն, որոնք հայ գրականություն շատ վատ գիտեն։ Այդ մասի՛ն նախեւառաջ պետք է մտածել, նոր հետո որոշել՝ արժե՞ դա շարունակել բուհում, թե՞ չարժե։ Այս հարցը չպետք է վերածել քաղաքական վեճի՝ այ, սրանք ազգասերներ են, իսկ սրանք՝ հակազգայիններ։ Այդպես չի կարելի, իրավիճակը պետք է լուրջ ուսումնասիրվի»։

Նրա կարծիքով՝ կան գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք հրաշալի աշխատում են եւ կարող են աշխատել, բայց կան ինստիտուտներ, որոնք թույլ են կամ ժամանակի ընթացքում թուլացել են, եւ պետք է մտածել դրանք բուհերին միացնելու մասին։ «Ակադեմիան մեր կյանքում շատ մեծ տեղ ունի, բայց հիմա այս համակարգն այս ձեւով մեր ժամանակի պահանջներին չի համապատասխանում, ակադեմիան՝ ինքը, պետք է մտածի՝ ինչպես վերակառուցել իր աշխատանքը, որպեսզի շարունակի պետք լինել այս ժողովրդին։ Եթե ակադեմիան չի մտածում, չինովնիկներն էլ որոշում են այսպես անել։ Այնպես որ, ինստիտուտները բուհերին միացնելու հարցը միանշանակ չէ»։

Ակադեմիայի ներսում՝ նրա ղեկավարությունը չի՞ գիտակցում այդ վերակառուցման անհրաժեշտությունը։ «Ես վաղուց ակադեմիայից դուրս եմ եկել, 10 տարի է արդեն՝ ակադեմիայում չեմ, կողքից եմ նայում, բայց նրանք պարտավոր էին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել, ոչ թե միայն մտածել ակադեմիայի ներկա կառույցն անխաթար պահելու մասին։ Ակադեմիան՝ ինքը, քննարկումներ պետք է նախաձեռներ եւ առաջարկություններ ներկայացներ»։