Կոպեկ առ կոպեկը հետ է բերել, հիմա անցել է հատիկ առ հատիկին

Կոպեկ առ կոպեկը հետ է բերել, հիմա անցել է հատիկ առ հատիկին

Փաշինյանին լսելով՝  թվում է, թե դեռ 2018 թիվն է։ Նորից նույն պաթոսով կոկորդ է պատռում․ «Ապօրինի գույքի վերադարձի  գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ»։ Կարդում ու չես իմանում՝ ծիծաղե՞ս թե՝ լաս․․․ Լավ, քանի՜ տարի կարելի է հանրությանը խաբել նույն ստով։ Կոպեկ առ կոպեկը հետ է բերել, հիմա անցել է հատիկ առ հատիկին։ Ում էլ հարցնես, անգամ երեխային, կասի՝ սա քարոզչական հնարք է։ Ճպուռի օրն է ընկել։ Յոթ տարի ընտանյոք հանդերձ թռվռում, երգում, պարում էր, հիմա եկել ու նորից ուզում է խաբել, որ իրեն ընտրեն։ Հանրությունը գոնե մի մրջյունի չափ պիտի խելք ունենա, որ նրան ասի․ 
- Երգո՞ւ մ էիր... 
Շատ բարի, 
Այժմ էլ բռնի 
Վեր-վերի, 
Քամին ծափ տա, 
Դու պարի՛:

Այո, նրա քարոզչական բոլոր ծեքծեքումներն այս պատասխանին պիտի արժանանան։ Եվ երբ գրում է․ 
« ․․․#հատիկառհատիկ1 Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը», պիտի պատասխանել հիմնավոր։ Մեր ցավը ապօրինի գույքի վերադարձը չէ, որը յոթ տարի վերադարձվում և մարդիկ այդ վերադարձից բան չեն տեսել։  Ապօրինի է, թե օրինական գույքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ ԹԵ ով է տիրացել, ՀՀ- ից դուրս չի գնացել։ Գիտենք, որ Հայաստանինն է։  Ավելի կարևոր գույք ունենք։ Կարդա գրածիդ տակ գրառումները և կտեսնես, որ մարդիկ էլ չեն հավատում ապօրինի գույքի յոթ տարվա վերադարձի հատիկ առ հատիկին։ Մարդկանց հետաքրքիր չէ, որ մի գրպանից դուրս է հանվում ու մյուս գրպանը մտցվում։ Գրում են․ «Իսկ ապօրինի կերպով, որ Հայաստանը մաս մաս-մաս տալիս եք թուրքին ո՞վա վերադարձնելու»,  «Իսկ հատիկ առ հատիկ մտադիր չե՞ս հետ բերելու Արցախի հողերը»,  «Պարոն Փաշինյան ձեզանից սկսեք և ձեր շրջապատից»,  «Մարդ երրորդ անգամ կարծում եմ չի խաբվի»,  «Հերթական սուտ ու փուչ խոստումներ, ընտրություններն են մոտենում, ամբոխահաճո ելույթների սեզոնը հայտարարվում է բացված»,  «Ձեր պաշտոնին նստած չնստած օրվանից միայն դա ենք լսում»,  «4րդ պաշտոնավարմանը խոստանում եք… երրորդին չսպասենք,դա անհնար է», «Հատիկ առ հատիկ մարդկանց հիմարի տեղ էք դրել։ Ասում էիր` ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու։ Անձամբ` պլստացրիր, մնացին ճանճերը, որ մին զարկես, ջարդես հազար ...

Ուստիանի շեքում ծվարած` քարվան կտրողիս նայեք... «Ընտրություններ 2026․ Խոստանում եմ վերստին խոստանալ նախկինում խոստացված խոստումները և խոստանում եմ ավելի շատ խոստումներ, քան նախկինում խոստացել էի» , «Էլի մոտեցավ ընտրությունը, կոպեկ առ կոպեկ վերադարձնելը դարձավ հատիկ առ հատիկ»։
Չեմ կարող մեջ բերել հազարավոր գրառումները։ Ընդհանրացնում եմ։ Մարդիկ գիտակցում են, որ այս ամենը նախընտրական քարոզարշավ է և անգամ եթե դրանից մի քանի «ճանճ տուժի» , հազիվ նրանց  բավականացնի։ Ինչպես ժամանակին  Փաշինյանն էր ասում․ 

«Ժողովուրդը պետք ա կոնկրետ տեսնի էտ գումարների վերադարձը իր համար,օրինակ կոնկրետ էտ գումարներով կարա թոշակ բարձրանա կոնկրետ ինչ որ բան սուբսիդավորվի «թե չէ էդ բյուջե մտնելը շատ ակներև չի»։ 
Մյուս կարևոր միտքը, որ կարմիր թելի պես գնում է, սա է՝ հատիկ առ հատիկ մեր հողերը վերադարձրու, որ թշնամուն է հանձնվել։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանության  համար թշնամին հարուստ հայն է, որից պիտի իր համար խլի ունեցվածքը։  Նրա ունեցվածքը հետո էլ կարող ես խլել։ Հայաստանից չի փախչում։ Մյուս կողմից էլ՝ խլում, դուք եք վերցնում, ժողովրդին ի՞նչ․․․ Թշնամու դեմ նույն փութաջանությամբ պայքարիր, որ հայրենիքդ են ապօրինի զավթել․․․