Ի՞նչ նկատի ունի Մամեդյարովը

Ի՞նչ նկատի ունի Մամեդյարովը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը, որի պաշտոնանկությունը գրեթե կատարված փաստ արձանագրում էին փորձագետները, հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության ֆոնին դիվանագիտական ռեինկառնացիայի է ենթարկվել: Հուլիսի 13-ին նա հեռախոսազրույց է ունեցել նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ, որի ընթացքում ինտրիգային միտք է արտահայտել, որ «առկա է տարածաշրջանում աշհարհա-ռազմավարական խոշոր նախագծերի վտանգ»: 

Ի՞նչ նկատի ունի Մամեդյարովը՝ դժվար է մեկնաբանել: Ընդ որում, ադրբեջանական կողմը, կարծես, նման միտք շրջանառում է առաջին անգամ: Որոշ վերլուծաբաններ համարում են, որ Հայաստանի սահմանի դեմ ադրբեջանական ոտնձգությունը Մամեդյարովի համար կարող է «փրկօղակ լինել»՝ Ալիեւի ուշադրությունը շեղելով ԱԳՆ-ում ստեղծված իրավիճակից: Հավանական է, որ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի ուշադրությունը հրավիրելով տարածաշրջանում «աշխարհա-ռազմավարական խոշոր ծրագրերի վտանգի» վրա, Մամեդյարովը փոձել է ինչ-որ աջակցություն ստանալ Բրյուսելից կամ Եվրամիությանը սադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի դեմ: Ժոզեպ Բորելին, սակայն, հայտարարել է, որ Եվրամիությունը սատարում է ԼՂ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: