Հա՛յ ազգ, թղթե շերեփով այլևս չենք վազելու Սևրի պայմանագրի հետևից

Հա՛յ ազգ, թղթե շերեփով այլևս չենք վազելու Սևրի պայմանագրի հետևից

Այսօր՝ օգոստոսի 10-ին, արևմտամետ հայ հանրությունը մեծ ոգևորությամբ ու ցնծությամբ նշում է Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակը: Այդ պայմանագիրը կնքվել է առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից տերությունների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև: Պայմանագրով պիտի որոշվեր նաև Թուրքիայի և Հայաստանի սահմանը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությանը պետք է անցնեին Վանի, Էրզրումի, Տրապիզոնի և Բիթլիսի նահանգների մի մասը՝ ելքով դեպի Սև ծով: Հայաստանի և Թուրքիայի ճշգրիտ սահմանը պետք է որոշվեր ԱՄՆ նախագահի իրավարար վճռով, որը հրապարակվեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին: Այս պայմանագրով Հայաստանին վերաբերող դրույթներն, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անունից հրապարակված իրավարար վճիռն այդպես էլ մնացին թղթի վրա, քանի որ սուլթանական Թուրքիայի կառավարությունը նույնիսկ չվավերացրեց պայմանագիրը, իսկ դրա ստորագրումից մեկուկես ամիս հետո Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա և զենքով որոշեց Հայաստանի հետ իր սահմանը:

Հայաստանի, այսպես կոչված, դաշնակից պետություններն այդպես էլ շոշափելի որևէ օժանդակություն ցույց չտվեցին Թուրքիայի կողմից հարձակման ենթարկված Հայաստանին, ավելին, միասնաբար ճանաչեցին Թուրքիայի գծած նոր սահմանները:
Ըստ էության՝ Սևրի հաշտության համաձայնագիրը հայերիս ոչ թե ցնծություն և հրճվանք պետք է պատճառի, այլ ամոթ և խայտառակություն: Հերթական անգամ Հայաստանը և Հայ Ժողովուրդն ապավինեցին թղթե շերեփին՝ հավատալով, որ արևմտյան տերություններն ինչ-որ թղթով մեզ պետք է հայրենիք նվիրեն, գծեն մեր հայրենիքի սահմանները: Հավատն արևմտյան դաշնակիցների նկատմամբ այնքան ուժեղ էր, որ Հայաստանի Հանրապետության բանակը պարտվեց իրենից թվաքանակով ավելի փոքր և ավելի վատ զինված թուրքական հրոսակներին, որովհետև ոչ թե ապավինել էր իր ուժին, այլ սպասում էր դաշնակիցների աջակցությանը. սա ավելի մեծ խայտառակություն է:

Սևրի հաշտության պայմանագիրը Հայ Ազգի համար ընդամենը մի խորհուրդ ունի. Հայաստանի սահմաններն այսուհետ որոշվելու են բացառապես Հայոց Ազգային փառապանծ Բանակի հաղթական գործողությունների արդյունքում, և միայն հայ զինվո՛րն է, որ իր զենքի ուժով գծելու է Հայաստանի սահմանները:

Հայաստանն ու Հայ Ազգն այլևս չպետք է ապավինեն արևմտյան տերությունների խոստումներին՝ որքան էլ դրանք ճոխ և ոգևորիչ թվան: Արևմտյան որևէ պետություն փորձության չի ենթարկի իր զինվորի կյանքը՝ հանուն Հայաստանի ազգային-պետական շահի պաշտպանության:
Բոլոր նրանք, ովքեր ցնծության մեջ են Սևրի հաշտության պայմանագրի ստորագրման առիթով, ընդամենն ուզում են Հայաստանը տանել դեպի նոր պարտություն և խայտառակություն, որը, բնականաբար, մենք թույլ չենք տա:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան